Ուկրաինայում հունվարի 23-ի առավոտյան հրետակոծության հետեւանքով 18 մարդ է զոհվել, ավելի քան 130-ը՝ վիրավորվել։
Դրա մասին հունվարի 23-ի երեկոյան տեսաուղերձում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ ուկրաինական քաղաքների վրա ռուսական հարձակման ժամանակ ավելի քան 200 օբյեկտ է վնասվել, դրանց թվում՝ 139 բնակելի շենք։
Խարկովի վրա հարձակման հետեւանքով էլ տուժել է առնվազն 7 մարդ: Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ հրթիռն ընկել է բնակելի շենքերի վրա։ «Բացառապես բնակելի շենքեր են կամ քաղաքացիական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են խանութները, հիվանդանոցները, դեղատները եւ այլն»,- նշել է նա տելեգրամյան ալիքի իր գրառման մեջ։
Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի հունվարի 24-ի ամփոփագրի՝ ընդհանուր առմամբ, Ռուսական ԶՈՒ-ն 48 հրթիռային եւ 112 ավիահարված է հասցրել, ինչպես նաեւ համազարկային կրակի կայանքներից 73 հարված է հասցրել ուկրաինական դիրքերին եւ բնակավայրերին:
Ռուսաստանը ծանրաբեռնում է Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը
Ռուսաստանը փորձում է ծանրաբեռնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերը: Ուստի ուկրաինական զինված ուժերը պետք է բարդ ընտրություն կատարեն՝ ինչ խոցել եւ որ հրթիռները թողնել «հետագայում խոցելու համար»: Դրա մասին մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։