2007 թվականի խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր որպես «Իմպիչմենտ» դաշինքի հիմնադիր եւ ղեկավար: Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին մերժող դաշինքը կազմվել էր «Ժողովրդավարական հայրենիք» եւ «Պահպանողական» կուսակցություններից: 32-ամյա Փաշինյանը նախընտրական կարգախոսով՝ «Ո՛չ դոդացմանը, ո՛չ սերժանտացմանը, ո՛չ ռոբոտացմանը», պիտակավորում էր այդ ընտրությունների երեք առանցքային դեմքերին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վարչապետ Սերժ Սարգսյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին:
Վերջինս առաջին անգամ էր մասնակցում ընտրություններին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռուդի Փերինան ընտրություններից հետո պետքարտուղարություն է ուղարկել իր եւ վարչապետ Սարգսյանի հանդիպման մասին պատմող տեղեկություն, որտեղ (Վիկիլիքս) կարդում ենք. «Սարգսյանն ընդունել է, որ Ծառուկյանը ԲՀԿ-ն հիմնադրել է Քոչարյանի նախաձեռնությամբ, հավանաբար որպեսզի պաշտոնը թողնելուց հետո նախագահը պահպանի անկախ քաղաքական ազդեցություն: Սարգսյանն ասել է, որ Ծառուկյանը անկեղծորեն զարմացել եւ ընկճվել է, երբ իր կուսակցությունը չի ստացել խորհրդարանում տեղերի մեծամասնությունը: Վարչապետի խոսքերով` Ծառուկյանը իրեն շրջապատել է քծնողներով, ովքեր նրան հավաստիացնում են, թե ինքը շատ սիրված գործիչ է Հայաստանում, եւ նրա ընթացքն անկասելի է: Սարգսյանն ասել է, որ ԲՀԿ-ի ամենամեծ խնդիրը հենց Ծառուկյանն է իր արտաքին կոպիտ տեսքով ու անկիրթ ելույթներով»:
Պայքար Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ
Ընտրություններում ԲՀԿ-ն զբաղեցրեց երկրորդ տեղը՝ առաջ թողնելով Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ին: Ծառուկյանն ու կուսակիցները հայտարարում էին, որ իրենց շարքերում 400 հազար մարդ ունեն: Պաշտոնական տվյալներով՝ 205 հազար մարդ կամ 15 տոկոսը իր քվեն տվել էր ԲՀԿ-ին: ՀՀԿ-ն առաջին տեղում էր՝ 34 տոկոս կամ 458 հաքար քվե: Երրորդը ՀՅԴ-ն էր՝ 178 հազար քվե կամ 13 տոկոս:
Հայաստանի պատմության մեջ սա միակ ընտրությունն էր, որտեղ պայքարը ծավալվում էր ոչ թե իշխանության եւ ընդդիմության միջև, այլ իշխանության ներսում, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ու նրանց հովանավորությունը վայելող կուսակցությունների միջեւ:
Շատերը կարծում էին, որ Քոչարյանը չի հեռանալու իշխանությունից եւ փոխել է Սահմանադրությունը, երկիրը դարձրել կիսանախագահական, որպեսզի մնա վարչապետի պաշտոնին:
2005-ին Հայաստանում տեղի էր ունեցել Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որը քաղաքական-փորձագիտական շրջանակներում մնացել է «Ուրվականների հանրաքվե» անունով: Այս շրջանում, հատկապես 2004-ի ապրիլյան բռնություններից հետո, ընդդիմությունը նոկդաունի մեջ էր, եւ Քոչարյանն ու Սարգսյանը ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ իրականացրին սահմանադրական փոփոխություններ՝ ընտրատեղամասերում քաղաքացիների բացակայության պայմաններում:
Անդրանիկ Մարգարյանի մահը
Ընտրություններից առաջ՝ մարտի վերջերին, 55 տարեկանում վախճանվել էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ով 2006-ի ամռանը համաձայնել էր, որ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը անդամակցի եւ փաստացի գլխավորի ՀՀԿ-ն: Հենց այդ ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ 2008-ի նախագահական ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն պետք է լինի Սերժ Սարգսյանը:
Չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական, 41 մեծամասնական) տեղի ունեցան 2007-ի մայիսի 25-ին: Ընտրական օրենսգրքի փոփոխության արդյունքում փոխվեց հավասարակշռությունը ընտրական երկու՝ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերի միջեւ, իսկ պատգամավորական ժամկետը 4-ից հասցվեց 5 տարվա:
Համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցեցին 22 կուսակցություն եւ 1 դաշինք: Խորհրդարան մուտքի 5 տոկոսի շեմը, բացի իշխանական ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից, հաղթահարեց եւս երկու կուսակցություն՝ Սերժ Սարգսյանի հովանավորությունը վայելող «Օրինաց երկիրը»՝ 6.8 տոկոս, եւ առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը»՝ 5.8 տոկոս: Երկուսի նկատմամբ էլ Ռոբերտ Քոչարյանն ուներ հակակրանք եւ դա արտահայտում էր հրապարակավ:
Քոչարյանը եւ Արթուր Բաղդասարյանը միմյանց մեղադրում են դավաճանության մեջ
Ապրիլի վերջին՝ ընտրություններից չորս շաբաթ առաջ, իշխանամետ «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակեց «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի՝ Երեւանի Մարկո Պոլո սրճարանում գաղտնալսված զրույցի սղագրությունը, որտեղ Բաղդասարյանը ներկայացնում էր Հայաստանի ներքաղաքական, նախընտրական իրավիճակը, նշում, որ Քոչարյանը արեւմտյան դեսպանների նկատմամբ ունի անվստահություն, եւ եթե նա ընտրությունները կեղծի, ապա հնարավոր են հետընտրական ցնցումներ:
Բաղդասարյանը 2006-ին Քոչարյանի հետ ունեցած հակասությունների պատճառով հեռացել էր խորհրդարանի նախագահի պաշտոնից: Բաղդասարյանը փորձում էր բրիտանացի դիվանագետին համոզել, որ միջազգային կազմակերպությունները խիստ բացասական գնահատական տան նախընտրական գործընթացին, քանի որ ընտրությունները խախտումներով են անցնելու:
Քոչարյանը ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը, պատասխանելով ասպիրանտ Միհրան Հակոբյանի (ապագա ՀՀԿ պատգամավոր) հարցին՝ արդյոք Բաղդասարյանի արածը դավաճանություն չէ՞, պատասխանեց. «Ինձ համար սա իսկապես դավաճանության դրսեւորում է: Մեկ անգամ դավաճանողը ընդունակ է դավաճանել երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ»:
Քոչարյան. հեռուստաեթերում խոսքի ազատությունը «չափից շատ է»
ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը Քոչարյանը հայտարարեց նաեւ, որ հեռուստաեթերում խոսքի ազատությունը «չափից շատ է»:
Հանրային հեռուստատեսությունը, որ սովորաբար ընդդիմությանը չէր անդրադառնում, խախտեց լռությունը եւ «Հայլուր» ծրագրով 10 րոպեանոց ռեպորտաժ պատրաստեց՝ մանրամասն եթեր տալով «Գոլոս Արմենիի» հրապարակումը, եւ Բաղդասարյանին ներկայացրեց որպես հայրենքի դավաճան:
Գաղտնալսված եւ հրապարակված նյութին անդրադարձան «Օրինաց երկիրը» եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: Կուսակցությունը տարածած հաղորդագրության մեջ, որին ոչ մի հեռուստաընկերություն չանդրադարձավ, ընդգծեց, որ «երկրի վարկանիշը գցում են ընտրությունները կեղծողները, այլ ոչ թե հրապարակային դաշտում այդ մասին խոսող ուժերն ու գործիչները»: Բաղդասարյանը հայտարարեց, որ ընտրություններ կեղծողներն են դավաճանները:
Աղմկահարույց այս պատմության շուրջ լռություն պահպանեց Սերժ Սարգսյանը: Ընդամենը մեկ տարի անց՝ 2008-ի գարնանը, Քոչարյանի կողմից դավաճան որակված Բաղդասարյանին Սարգսյանը նշանակեց Անվտանգության խորհրդի քարտուղար:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով խորհրդարանական ընտրություններից հետո՝ սեպտեմբերի 21-ին, վերադարձավ քաղաքականություն, իր հանրահավաքներից մեկում հայտարարեց, որ այդ ընտրությունները Հայաստանի պատմության ամենախայտառակ ընտրություններն էին, քանի որ ընտրակեղծիքները քողարկված էին այնպիսի ճարտարությամբ, որ ոչ մի դիտորդ չէր կարող նկատել դրանք:
«Ընտրությունների ընթացքում իշխանությունների կողմից կիրառվել են, մասնավորապես, հետեւյալ երկու հնարքները. Առաջին. տպագրվել է շուրջ կես միլիոն հավելյալ քվեաթերթիկ, որոնք բաժանվել են համայնքապետարանների աշխատակիցներին, հավատարիմ գործարարներին, թաղային հեղինակություններին եւ նույնիսկ քրեական տարրերին: Ընտրությունների օրը վերջիններս ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով քաղաքացիներին բերել են ընտրատեղամաս, ավտոբուսում բաժանել արդեն քվեարկած թերթիկները եւ ձեւական քվեարկությունից ու տեղամասում տրված դատարկ քվեաթերթիկները ստանալուց հետո միայն վճարել նրանց: Երկրորդ. տասնյակ հազարավոր մարդկանց իշխանությունները տրամադրել են կեղծ անձնագրեր կամ համապատասխան կնիքներով վավերացված գրանցման տեղեկանքներ, որոնց շնորհիվ նրանք հնարավորություն են ստացել մի քանի անգամ քվեարկել տարբեր տեղամասերում»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Դիտորդների գնահատականները
Նախընտրական շրջանում ընդդիմադիր կուսակցությունները տարբեր հիմնավորումներով վտարվեցին իրենց գրասենյակներից, եւ շենքերը, որտեղ գտնվում էին գրասենյակները, հանձնվեցին ՀՀԿ-ին, ընդդիմադիր կուսակցությունների գործունեության համար ստեղծեցին նաեւ այլ խոչընդոտներ: Հատկապես զգալի էր «Ժառանգություն» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների նկատմամբ իշխանությունների կոշտ կեցվածքը, ասվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի «Դիտորդ» տեղեկագրում:
2007-ի մայիսի 7-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման հիմնադիր Ալեքսանդր Արզումանյանին: Նա կալանավորվեց հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման շինծու մեղադրանքով: Ուշագրավ է, որ ոչ միայն Արզումանյանի մեղավորությունը չապացուցվեց, այլև նա հետ ստացավ «լվացված փողը»: Իսկ տասը տարի անց Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց «Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը եւ Հայաստանին պարտավորեցրեց Արզումանյանին վճարել 2500 եվրո, թեեւ նախկին արտգործնախարարը հայցադիմումի մեջ պահանջել էր ավելի քան 80 հազար եվրո: 2500 եվրոն Արզումանյանը փոխանցեց Զինծառայողների ապահովության հիմնադրամին:
Հեռուստաընկերությունները հիմնականում չէին անդրադառնում ընդդիմության գործունեությանը, եթերից գրեթե դուրս էին մնացել քաղաքական բանավեճերը: Բացառություն էին կազմում միայն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, որոնց գործունեությունը լայնորեն լուսաբանվում էր:
Մարզային հեռուստաընկերությունները Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանից հրահանգ էին ստացել ընդհանրապես չլուսաբանել քարոզարշավը, եթեր չտրամադրել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր ուժերին: Մարզպետները հետեւում էին, որ այդ հրահանգը չշրջանցվի: Տեղական հեռուստաընկերությունները զրկվեցին օրինական ճանապարհով քաղաքական գովազդից գումար վաստակելու հնարավորությունից: «Ա1+»-ի լիցենզիայից զրկվելու օրինակը նկատի ունենալով՝ մարզային հեռուստաընկերությունները ենթարկվեցին հրահանգին, ասվում է «Դիտորդ» տեղեկագրում։
Քարոզարշավին նախորդած ամիսներին հետուստաընկերություններում հատկապես խտրական վերաբերմունք կար «Ժառանգություն», «Հանրապետություն» եւ «Նոր ժամանակներ» կուսակցությունների նկատմամբ: Իշխանություններն այն աստիճանի էին սեղմել օղակը, որ, օրինակ, երբ որեւէ մամուլի ակումբում ասուլիս էին տալիս այս կուսակցությունների առաջնորդներ Ռաֆֆի Հովհաննիսյանը, Արամ Սարգսյանը եւ Արամ Կարապետյանը, ոչ մի հեռուստաընկերություն ներկա չէր լինում:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցում ասվում էր․ «Ազգային ժողովի ընտրությունները բարելավվել են, եւ դրանց անցկացումը մեծ մասամբ համապատասխանել է ԵԱՀԿ-ի շրջանակում ստանձնած հանձնառություններին եւ ժողովրդավարական ընտրությունների համար առկա միջազգային այլ չափանիշներին: Այնուհանդերձ, ընտրությունները ԵԱՀԿ-ի շրջանակներում ստանձնած հանձնառություններին եւ միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու` հայաստանյան իշխանությունների հայտարարած մտադրությունը ոչ լիովին է իրագործվել»։
Սերժ Սարգսյանի կոալիցիոն կառավարությունը
Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը յուրահատուկ ձեւով արձագանքեց իրեն հավատարիմ կուսակցությունների հաջողությանը: Նա այցելեց ՀՀԿ-ի գրասենյակ եւ հաղթանակի առթիվ շնորհավորեց կուսակցության ղեկավար կազմին: Քոչարյանը նշեց, որ իրենց ձայնը տալով ՀՀԿ-ին՝ մարդիկ արտահայտվել են երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական բարեփոխումները շարունակելու օգտին:
Ապա Քոչարյանն իր նստավայրում ընդունեց ԲՀԿ ղեկավար կազմին: Նա շնորհավորեց Գագիկ Ծառուկյանին` նշելով, որ առաջին անգամ մասնակցելով Ազգային ժողովի ընտրություններին՝ ԲՀԿ-ն լուրջ հաջողություն է գրանցել:
Նույն օրը Քոչարյանը հեռախոսազրույց ունեցավ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ` շնորհավորելով ընտրություններում արձանագրած հաջողության առիթով: Բացի այդ՝ նա շնորհավորական ուղերձ հղեց՝ ընդգծելով, որ ընտրություններն անցան ազատ, արդար եւ թափանցիկ, Հայաստանը եւս մեկ քայլ կատարեց ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:
Հունիսի 6-ին Հայաստանի նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ ՀՀԿ-ն` ի դեմս ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի, եւ ԲՀԿ-ն` ի դեմս կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, մայիսի 12-ին կայացած ընտրությունների արդյունքով պայմանավորված, Հայաստանի նախագահի աջակցությամբ ստորագրեցին համաձայնագիր քաղաքական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ: Քաղաքական կոալիցիան իր հերթին ՀՅԴ-ի հետ` ի դեմս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ստորագրեց համագործակցության համաձայնագիր:
Խորհրդարանն ունեցավ երեք նախագահ
Չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները սկսվեցին 2007-ի հունիսի 7-ին եւ ավարտվեցին 2012-ի մայիսի 31-ին: 2007 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, տեղակալներ՝ Վահան Հովհաննիսյանը եւ Իշխան Զաքարյանը: Հետագայում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արեւիկ Պետրոսյանը` 2007-ի նոյեմբերի 12-ին (Զաքարյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ), Հրայր Կարապետյանը` 2008-ի մայիսի 20-ին (Հովհաննիսյանը հրաժարական ներկայացրեց), Սամվել Նիկոյանը` 2009-ի մայիսի 18-ին (Կարապետյանը հրաժարական ներկայացրեց):
2008 թվականի սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը (Թորոսյանը հրաժարական ներկայացրեց): 2011 թվականի նոյեմբերի 14-ի նիստում Աբրահամյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբը գլխավորելու պատճառով վաղաժամկետ վայր է դնում խորհրդարանի նախագահի իր լիազորությունները: 2011-ի դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Սամվել Նիկոյանը, նախագահի տեղակալ` Էդուարդ Շարմազանովը:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։