Միացյալ Նահանգները դիվանագիտական խողովակներով դիմել է Չինաստանին՝ կոչ անելով օգնել զսպելու հութիների հարձակումները Կարմիր ծովում: Դրա մասին գրում է բրիտանական Financial Times պարբերականը: Պեկինի վրա դիվանագիտական ճնշումը դեռեւս արդյունք չի տվել:
Վերջին երեք ամիսներին չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ԱՄՆ-ը բազմիցս բարձրացրել է այդ հարցը:
Financial Times-ը գրում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը եւ նրա տեղակալ Ջոն Ֆեյները այս ամիս Վաշինգտոնում անցկացված հանդիպումների ժամանակ քննարկել են այդ հարցը Չինաստանի կոմունիստական կուսակցության միջազգային բաժնի ղեկավար Լյու Ցզյանչաոյի հետ:
Սակայն ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ քիչ ապացույցներ կան նրա մասին, որ Չինաստանը ճնշում է գործադրել Իրանի վրա հութիներին զսպելու համար՝ բացառությամբ անցյալ շաբաթ Պեկինի արած մեղմ հայտարարության, որը կոչ էր անում «համապատասխան կողմերին» ապահովելու Կարմիր ծովով անցնող նավերի անվտանգ անցումը, որը համաշխարհային առեւտրի համար կարեւորագույն առաքման ուղի է ծառայում: