Որեւէ մեկը, որքան դիտարկվել եւ դիտարկվում է, հարցադրում չի արել, թե տասնամյա լռությունից հետո, որ նրան պատմա-քաղաքագիտական երկու աշխատություն ստեղծելու հնարավորություն էր տվել, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչո՞ւ 2007-ի աշնանը վերադարձավ քաղաքականություն եւ նախագահական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրեց:
ԼՂ կարգավորման բանակցություններում դա «մադրիդյան սկզբունքների» քննարկման շրջանն էր. միջնորդներն արդեն նոյեմբերին դրանք պաշտոնապես ներկայացրին կողմերին:
Հետագա իրադարձությունները հայտնի են: Գաղտնիք է մնում, թե գործող իշխանությունը եւ նրա ֆավորիտ թեկնածուն ինչո՞ւ այնքան անհանդուրժողական էին առաջին նախագահի նկատմամբ, որ եղավ մարտի մեկ:
Տիրապետելով իշխանության բոլոր լծակներին՝ նրանք կարող էին հասնել Սահմանադրական դատարանի վճռի, որ կլեգիտիմացներ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Ընտրվեց խնդիրն արյամբ լուծելու ճանապարհը: Ընդ որում՝ այնպես, որ հանրային գիտակցության մեջ արմատավորվի «Ղարաբաղի պատժիչ զորախումբը եկավ եւ մեզ զրկեց ընտրության իրավունքից» ձեւակերպումը:
Ի՞նչ հաջորդեց: 2008-ի հունիսին Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւն այցելեց Բաքու, կողմերը ստորագրեցին «Ռազմավարական համագործակցության մասին» համաձայնագիր: Մեկուկես ամիս անց ռուսական զորքերը մտան Հարավային Օսիա, գրավեցին Գորին եւ ընդհուպ մոտեցան Թբիլիսիին:
Հնգօրյա պատերազմը դադարեց Ֆրանսիայի միջնորդությամբ, Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը: Արտաքին գործերի նախարար Լավրովն այդ առթիվ հայտարարեց, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչումը «նախադեպ չի լինի»:
Ակնարկի հասցեատերը Հայաստանն էր, Լեռնային Ղարաբաղը, որտեղ խանդավառություն կար, որ Ռուսաստանը կճանաչի նաեւ ԼՂ անկախությունը, լիովին կհաստատվի Հարավային Կովկասում, կչեզոքացնի Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի ազդեցությունը: Լավրովի հայտարարությունը փակեց սպասելիքների ճանապարհը: Ալիեւը չմիացավ հաջակցություն Վրաստանի քաղաքական ակցիային, Թբիլիսի չմեկնեց:
Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելուց երեք ամիս անց՝ 2008 թվականի նոյեմբերի 2-ին, ՌԴ նախագահ Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին ընդունեց մերձմոսկովյան Մայենդորֆ ամրոցում:
Բանակցությունների ընթացքում ստորագրվեց «Մայենդորֆյան հռչակագիրը»: Դա ղարաբաղյան առաջին պատերազմից հետո երկրորդ փաստաթուղթն է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրել են: Փաստաթուղթը համացանցում հասանելի է: Այն ունի այսպիսի ձեւակերպում. հակամարտությունը պետք է կարգավորվի ընդունված որոշումների եւ այլ փաստաթղթերի «իրավական հիմքով»:
Ըստ էության՝ դա նշանակում է, որ ԼՂ հակամարտության հիմքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թվականին ընդունած չորս բանաձեւերն են, իսկ կողմերը՝ Հայաստանը եւ Ադրբեջանը: Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ հանդիպումից կարճ ժամանակ անց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշակիորեն գաղտնազերծեցին «մադրիդյան սկզբունքները»:
Դա հստակ ազդակ էր, որ կարգավորման «շրջանակը գծված է»: Իսկ հայեցակարգն այն է, որ ԼՂ ապագա կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցման ենթակա մեխանիզմով:
Դժվար է, անշուշտ, պնդել, որ եթե Երեւանում մարտի մեկ չկազմակերպվեր, կամ իշխանությունն ընդուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը, կամ գոնե քվեարկության երկրորդ փուլ կայանար, ապա իրադարձություններն այլ՝ Հայաստանի եւ ԼՂ-ի համար նպաստավոր ընթացք կունենային:
Բայց որ ԼՂ կարգավորման բանակցություններում Մեդվեդեւ-Սարգսյան-Ալիեւ մայենդորֆյան բանակցությունները եւ ընդունված Հռչակագիրը ճակատագրական էին, երեւի թե առարկություն չի ընդունում: Ով, ինչպես է կանխածրագրել մարտի մեկը՝ մնում է գաղտնիք: Առեղծված է, թե ԼՂ-ից Երեւան զորախումբ բերելու ի՞նչ անհրաժեշտություն կար:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։