Գյումրիի հայտնի Պլպլան ժամի հարավային հատվածում դժվարանցանելի արահետով մագլցում եմ դեպի բարձրադիր հարթավայր, ոտքով բարձրանալու համար ո՛չ աստիճաններ կան, ո՛չ էլ նախատեսված ճանապարհ։ Հասնում եմ մի ցուցանակի, որը թեկուզ կցկտուր, բայց տեղեկություն է տալիս՝ «Այստեղ թաղված են Մեծ հայրենականի ռազմագերիները»:
«Երկրորդ համաշխարհայինի ավարտին, երբ ռազմագերիները տեղակայվեցին խորհրդային երկրների տարբեր բնակավայրերում, Լենինական եւս նեմեցների բերեցին»,- պատմում են ավագ սերնդի գյումրեցիները: Քաղաքում բոլորը գիտեն, որ ռազմագերիների հանդեպ ժողովուրդը շատ բարյացակամ է եղել, անգամ ռազմաճակատում վիրավորվածներն ու զոհերի ընտանիքները հնարավորության դեպքում բաժին են հանել իրենց մի կտոր հացից` ասելով, որ սովորական մարդիկ կապ չունեն արնախում ղեկավարների հետ։
ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ, 1964-1977 թվականներին Գյումրի քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը հիշում է. ‹‹Հայրենական պատերազմի ժամանակ սովորում էինք թիվ 16 դպրոցում, այժմյան դատարանի տեղում էր հայտնի գմբեթավոր կառույցը, դպրոցի եւ տեքստիլի հանրակացարանի արանքում փշալարերով շրջափակված մի կառույց էր, այդտեղ էին ապրում գերմանացի ռազմագերիները: Թեև տարածքը պահակներն ամենայն ուշադրությամբ հսկում էին, բայց դա մեզ չէր խանգարում աննկատ մոտենալու փշալարերին ու մի կտոր հաց, մի հատիկ շաքար տալու նրանց››:
Պատմում են նաեւ, որ ռազմագերիները քաղաքի տարբեր հատվածներում ծառ էին տնկում, մաքրում, շինարարություն անում, բայց հիմնականում նրանք քարհանքում էին աշխատում: Նրանց ճնշող մեծամասնությունը գերմանացիներ են եղել, սակայն կային նաեւ ռումինացիներ եւ իտալացիներ:
Մահացած ռազմագերիների համար որպես գերեզմանատեղ տրամադրվում է խորհրդային բանտի տարածքի հարակից բլուրը, որտեղ կողք կողքի եղբայրական գերեզմանատանը հուղարկավորում էին նրանց:
Խորհրդային շրջանում գերեզմանի մասին շատ չէին խոսում, միայն պատմում են, որ տարածքում ապրող մեծահասակներից սկզբում Սպիրիդոն անունով մի գյումրեցի, այնուհետեւ Կորյուն անունով մի մարդ հսկում էին տարածքը, բարեկարգում, ինչքան կարող էին:
Շիրակի եւ Լոռու մարզերում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը առաջիններից էր, որ տեսնելով տարածքի անբարեկարգ վիճակը՝ մտահոգությունից բացի պատրաստակամություն ցուցաբերեց բարեկարգելու գերեզմանատունը։
«Դիմեցինք Կարմիր խաչի օգնությանը, կապվեցինք «Ռազմագերիների գերեզմանների խնամք›› գերմանական կազմակերպության հետ, որը զբաղվում էր տարբեր երկրներում գտնվող ռազմագերիների գերեզմանների բարեկարգմամբ: Նրանք եկան, եղբայրական գերեզմանի ձեւով խաչեր դրեցին, երկլեզու ցուցանակ տեղադրեցին ու իրենց միսիան համարեցին ավարտված։ Կազմակերպության գործունեությունը մեկանգամյա էր››:
Հետագայում, երբ բանտը տեղափոխվեց, պարիսպները քանդվեցին, տարածքն էլ հանձնվեց բախտի քմահաճույքին, այնտեղ կարելի էր տեսնել անգամ արածող կովերի: Խնդրով մտահոգ՝ Ալեքսան Տեր-Մինասյանը կրկին դիմում է վերը նշված կազմակերպությանը, սակայն մերժում է ստանում՝ պատճառաբանությամբ, թե հիմնադրամն այժմ զբաղվում է միայն 1000 եւ ավելի շիրիմներ ունեցող գերեզմանատներով:
Գերմանական Կարմիր խաչի տրամադրած ռազմագերիների ցուցակներով պատվո հյուպատոսը սկսում է փնտրել հարազատներին, գտնում է նրանցից մեկի քրոջը, որը կյանքի հարյուրամյակին էր մոտենում։ Շատ ոգեւորվում է եղբոր շիրիմը գտնելու լուրից, բայց ի վիճակի չի լինում անձամբ այցելելու Գյումրի։ Ակտիվ փնտրտուքը եւս մեկ արդյունք է տալիս, այս անգամ նա գտնում է ռազմագերիներից մեկի որդուն, որը սիրով գալիս է Գյումրի, այցելում հոր շիրիմին։
«Նա վերջին անգամ հորը տեսել էր 8 տարեկանում, տասնամյակներ անց հոր շիրիմը տեսնելով՝ սկսեց լաց լինել 8 տարեկան տղայի պես››,- հուզմունքով պատմում է Ալեքսան Տեր-Մինասյանը։ Այս դիպվածը առիթ է դառնում, որ նախաձեռնի եւ գյումրեցի ռեժիսոր Գառնիկ Սարգսյանի հետ ստեղծի ռազմագերիների լենինականյան կյանքի ու քաղաքի մարդկանց հետ նրանց հարաբերությունների մասին պատմող «Տիկնիկ Ամալյայի համար» կարճամետրաժ ֆիլմը, որը մասնակցել եւ բարձր գնահատանքի է արժանացել մրցույթային տարբեր հարթակներում։ Ֆիլմն ավարտվում է երգիչ, երգահան Դավիթ Ամալյանի «Հոգու հնչյուն›› երգով, որի ընթացքում լուսագրերով հիշատակվում են 369 ռազմագերիների անունները։
Գերեզմանատան ազդեցիկ դիրքը, այնտեղից բացվող դիտարժան տեսարանը, զբոսաշրջիկների համար հետաքրքրություն ներկայացնող պատմական տարածքը կարելի է օգտագործել ըստ պատշաճի։ Ալեքսան Տեր-Մինասյանը մտադրություն ունի այդտեղ ստեղծելու ոգեշնչման պուրակ, ծառուղի՝ 369 ծառերով։
«Պատրաստ ենք քայլեր ձեռնարկելու՝ ամեն 1 ծառի խնամքի համար 1 հովանավոր գտնելու։ Տարածքը կարող է դառնալ ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ տեղաբնակների համար սիրելի հասցե, որը զբոսնելու, մտորելու եւ նախնյաց հետ մենակ մնալու հնարավորություն կտա այցելուներին։ Գաղափար ունենք խաղաղության թեմայով գրադարան ու հանդիպումների վայր ստեղծելու, հոստելներ կառուցելու նախկին բանտի շինության հիմքի վրա։ Գաղափարներն առայժմ չենք զարգացնում տարածքի կարգավիճակի անհայտության պատճառով, որոշակի դառնալու դեպքում մեր կազմակերպությունը եւ ես՝ որպես պատվավոր հյուպատոս, կփորձենք զարգացնել ծրագիրը։ Դա իրագործելու համար նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև Գյումրու եւ Գերմանիայի Հալեի գործընկեր քաղաքներ լինելը››։
Մեր ազգի արյունահոսող վերքի՝ ռազմագերիների թեման այսօր ավելի է պարտավորեցնում խնամքով ու սրտացավորեն հետեւել գերմանացիների գերեզմանին՝ աշխարհին ցույց տալով մեր խաղաղասեր ու քաղաքակիրթ լինելը։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։