ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է դպրոցական «Հայոց պատմություն» առարկան վերանվանել ու դարձնել «Հայաստանի պատմություն»։
Արդեն իսկ հրապարկվել են որոշման նախագիծն ու հիմնավորումը։ Դրանում, ի թիվս այլ կետերի, հղում է արվում «ՀԱՅԱՍՏԱՆ-2050» ռազմավարությանը։ Համաձայն դրա՝ Հայաստանի «Մինչեւ 2030 թվականի մեգանպատակներ»-ից է «Կիրթ եւ կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» ունենալը։ Եվ ըստ իշխանության տրամաբանության՝ հենց այս փոփոխությունն է, որ կերաշխավորի այդ ամենը։
Զուգահեռ, իհարկե, Փաշինյանն ու նրան ձայնակցողները խոսում են Արարատը Արագածով փոխելու, 29.800-ի վրա կենտրոնանալու, քաղաքացի կերտելու, հայրենիքի ու պետության նույնացման կարեւորության մասին։ Ծիծաղելի է, անշուշտ, տեսնել կտրուկ շրջադարձը մի թիմի, որը Հայաստանը հռչակել էր օջախ, ժողովրդին՝ ընտանիք, իսկ Աղդամը՝ հայրենիք։
Պարտությունն ու ռազմաքաղաքական ջախջախումն այնպիսի իրականություն են ստեղծում, որ որքան էլ սիրես «օջախն ու Աղդամը», ստիպված ես հաշվի նստել դրա հետ։
Ցավոք, իրականության հետ հաշվի նստելը առավելապես արձագանքային ու դիպվածային է, թե կուզեք՝ հարկադրանքի, ոչ թե ստեղծագործական ջանքի եւ ինքնուրույն մտահանգումների հետեւանք։ Կա խնդիր, գտի՛ր պատճառը (ըստ ճաշակի՝ նախկիններ, «Հայոց պատմություն» առարկա, պատմություն, ստատուս քվո, քաղաքական ժառանգություն եւ այլն)։ Սա է փոփոխության տրամաբանության ալֆան ու օմեգան։
Ի վերջո, ինչո՞ւ է հենց հիմա, հենց այս փուլում կառավարությունն իր մեգանպատակը հռչակել «Հայոց պատմության» անվանափոխումը «Հայաստանի պատմությամբ»։ Հիմնավորումներից մեկը, թե նպատակը պետականության շարունակականության, այլ ոչ թե ընդհատումների պատմություն ունենալն է, վախերի մասին է։ Վախեր, որոնք ավելի շատ արգելակում են հանրային միտքն ու տանում փակուղի, քան լուծումներ առաջարկում։
Ո՞րն է այն վտանգը, ո՞րն է այն խնդիրը, որ տեսնում են Փաշինյանն ու իր թիմը եւ խոսում պետականության կարեւորության, դրա քարոզի ու պետականակենտրոն պատմություն ունենալու մասին։
Դա, այսօր, հիմա, հենց այս պահին Ադրբեջանի կողմից եկող վտանգն է։ Դա Ադրբեջանի հնարավոր քայլերի էսկալացիան է, Սյունիքի հանդեպ նկրտումները, միջանցքի մարտահրավերը եւ այդ ամենին հետին թվով լուծում կամ բացատրություն գտնելու մղումը՝ համոզելով հանրությանը, որ «մեր պատմությունը ապապետական է», հետեւաբար ժողովուրդը սովորում է ապապետական պատմություն, հետեւաբար ապապետական պատմությամբ սնված զինվորները չեն կռվում, հանձնում են, չեն դիմադրում ու չեն պաշտպանում պետությունը։
Հավանաբար հազարավոր դասալիքների փաստը, Ռոբերտ Աբաջյանների անձնազոհության, հանուն պետականության ու հայրենիքի պայքարի բացակայությունը, ըստ իշխանության տրամաբանության, այն էր, որ ժողովուրդը քաղաքացի չէր եւ սովորել էր ոչ թե Հայաստանի պետականության պատմություն, այլ հայ ժողովրդի պատմություն։ Իսկ այդ պատմությամբ սերված մարդը, ինչպես հասկանում եք, պետության ու պետականության կարիք չունի։
Ղարաբաղյան շարժումից, առաջին պատերազմից ու դրա ժամանակավոր հաղթանակից ի վեր Հայաստանի հասարական-քաղաքական միտքն ու դիսկուրսը կենտրոնացել էին հայոց պատմության «ղարաբաղիզացիայի» վրա։
Դա ցեղասպանվածի կոմպլեքսի փոխարինումն էր հաղթողի կոմպլեքսով։ Դա «բնիկության» եւ, հետեւաբար, տարածքի հանդեպ իրավունքի առաջմղումն էր ընդդեմ «եկվոր» ադրբեջանցիների ու նրանց տարածքային/քաղաքական պահանջների։ Իսկ հիմա, որպես հետեւանք 44-օրյա պատերազմի ու ջախջախիչ պարտության, տեսնում ենք հայոց պատմության «դեղարաբաղիզացիա»։
Հռչակվում է, որ կարիք ունենք «Հայաստանի պատմությունը» շարադրելու որպես «կիրթ եւ կարողունակ քաղաքացի» ունենալու մեգանպատակ եւ կենտրոնանալու 29.800-ի պահպանման վրա։
Մշակութային, պետական ու պատմական նոր ինքնության կերտումը չափազանց բարդ աշխատանք է մի ժողովրդի համար, որը 700 տարի պետականություն չի ունեցել:
Դժվար է թե՛ առաջին հանրապետության, թե՛ միջնադարյան հայոց թագավորություններից պետականության շարունակություն կերտել՝ նախեւառաջ այդ մտքի անհեթեթության, հետո արդեն տարածքային ու դեմոգրաֆիական խնդիրների պատճառով։
«Սեփական» պատմության վերստեղծումը, անկախ, պետական, ապապետական թե չեզոք դիրքերից, չափազանց բարդ խնդիր է եւ ամենեւին մե՛կ օրվա կամ մե՛կ անձի քմահաճույքի հարց չէ։
«Հայոց պատմությունը» ներկայում միֆական, սփյուռքյան, ոսկեդարյան, խորհրդային ու հետխորհրդային քաղաքական վայրիվերումների, խեղաթյուրումների, լեգենդների ու գրական ժառանգության նարատիվների խառնուրդ է՝ իր բարդ, բազմաշերտ հատկանիշներով։ Այն նաեւ համեմված է քրիստոնեակենտրոն, բնիկության ու էթնիկության, դիցաբանական հերոսների, ակադեմիական ու մերձակադեմիական գիտականության պատումների խառնուրդով, որն է՛լ ավելի է խճճում վիճակը։
Տպավորություն է ստեղծվում, որ ներկայիս Հայաստանի մարտահրավերներին տրվում է իրավիճակային պատասխան, գրավիչ են դառնում «պետականաշինության» մասին սին տվայտանքները, «թշնամու, գործակալների, 5-րդ շարասյան» դրսեկ կերպարների քարոզչությունը՝ ստեղծելով մտայնություն, թե պետությունն ու պետականությունը վտանգի տակ են, եւ որ «Պատմություն» առարկան ու դրա վերնագրի փոփոխությունը աստվածային կամքով ու նախախնամությամբ կլուծեն այդ մարտահրավերներն ու կապահովագրեն պետությունը։
Ամփոփելով, այս տեսակ «վայրիվերումները» բնորոշ են բաց առճակատման ժամանակաշրջաններին, եւ այս ամենը, փաստորեն, իշխանության վախերի պատասխանն է՝ միֆական ու կախարդական վուդու ծեսերով։
Դա անվանափոխություններով պայքար է ընդդեմ իրական, միս ու արյուն ունեցող վտանգների, թե չէ կարող է պարզվել, որ վաղն էլ «Հայաստանի պատմությունը» պետք է փոխվի Երեւանի Հանրապետություն պատմությամբ՝ իրավիճակի ամբողջ ողբերգականությունը կյանքի կոչելու անառարկելի աբսուրդայնությամբ։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։