2013 թվականիի հունվարի 25-ին ՀՀ նախագահի ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը ուղերձով դիմում է իշխանական թեկնածու Սերժ Սարգսյանին, որի հետագիծը հարգում է: Նա նախագահին տեղեկացնում է, որ հայ ժողովրդի պատմության դասագրքերը դեռ կգրեն նրա մասին. «Հինգ տարի դուք գործող նախագահ եք, 200 հազար մարդ ստիպված լքել է մեր հայրենիքը, ո՞վ է պատասխանատու: Ժամը հնչել է, որ դուք ներողություն խնդրեք հայ ժողովրդից մեր երկրի վիճակի համար»։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները համարում է մեր երկրի առողջության համար վտանգավոր, բայց քաղաքական կյանքի առողջացման նշաններ չի տեսնում. «Քաղաքական դաշտում բոլոր գզվռտոցները մաֆիայի գզվռտոցների են նման, թե ով ավելի լավ կծառայի մոսկովյան տերերին եւ ավելի հավատարիմ կընկալվի նրանց կողմից»։
Հայաստանում Գերմանիայի Դաշնության նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը տպավորություն ունի, թե Հայաստանի հայերն իրենց երկրում ռուսների ստրուկներն են: Դեսպանը նույնիսկ գիտի, թե ինչու է այդպես. «Եկեք մի պահ հայացք նետենք դեպի անցյալ՝ ռուս մեծ դասականներ Պուշկինի եւ Լերմոնտովի ստեղծագործություններին։ Ինչպե՞ս են նրանք նկարագրում Կովկասը։ Որպես մի տարածք, որը պատկանում է Ռուսաստանին։ Այլ բառերով ասած, որպես մի ռուսաստանյան գաղութ»:
Դաշնակցությունը պատրաստվում է Հանրապետականի հետ միասին ձեւավորել կոալիցիոն կառավարություն: «Մեզ համար երկու տարբերակն էլ գոյություն ունի՝ ե՛ւ ընդդիմություն լինելը, ե՛ւ համագործակցելը»,- ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը անդամագրվում է Հանրապետական կուսակցությանը: Նա ակնարկում է, որ չէր ուզում անդամակցել, պատճառը նոր Սահմանադրությունն է. «Քաղաքական պաշտոն զբաղեցնող ցանկացած մարդ պետք է այլեւս նոր Սահմանադրությամբ ստանձնի նաեւ քաղաքական պատասխանատվություն»։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ի լուր Հայաստանի հավատացնում է, թե ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկել՝ ապրիլին ով կդառնա Հայաստանի վարչապետ, եւ ով՝ փոխվարչապետ. «Կառավարության ձեւավորվելու իրավունքը ՀՀ քաղաքացիները ընտրությունների միջոցով տվել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, այսօրվա կոալիցիոն ուժերն ունեն քաղաքական լեգիտիմություն, որ ապրիլից նոր կառավարություն ձեւավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են ավելի նպատակահարմար»։
Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններին ինքը ներկայացնում է միայն Հայաստանի Հանրապետությունը: «Բանակցություններում չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցել Հայաստանի ընտրություններին։ Այսինքն՝ նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ»։
Ղարաբաղի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը նամակ է գրում «Մեծարգո պարո՛ն Վարչապետ» Նիկոլ Փաշինյանին, որտեղ հավատացնում է, որ իր քաղաքական թիմի համար ընդունելի չէ նախկին իշխանությունների օրոք քննարկված Ղարաբաղի հարցի լուծման տարբերակը. «Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ»։
Իշխանությունից բացի քաղաքական ոչ մի ուժ հաշտ չէ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու Փաշինյանի մտադրության հետ։ «Նման նշանակմամբ Հայաստանի միջազգային հեղինակությունն ուղղակիորեն զրոյացվում է»,-ասում է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։ «Արդեն իսկ սովորել եմ ոչ մի տրամաբանություն չփնտրել իշխանության արած որեւէ քայլում»,- լրացնում է ընդդիմադիր պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։ Իսկ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը զգուշացնում է․ «Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելուն դեմ են լոբբիստները, ԱԳՆ-ն, գրեթե բոլորը»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լավ լուր ունի իր ժողովրդի համար՝ «Զանգեզուրի միջանցքը» կարծես թե իրականություն է դառնում. «Մենք դրական նորություններ ենք ստանում: Հայաստանը եւս իր կողմից ծրագրում է սկսել աշխատանքները»:
Գեղարքունիքի մարզի դիրքերում մի գիշերվա մեջ 15 զինվորի մահվան դեպքում ինչպե՞ս կվարվեր ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը). «Եթե լինեի ընդդիմադիր պատգամավոր, կպահանջեի Սուրեն Պապիկյանի հրաժարականը»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: