Նոր Սահմանադրության ընդունման հարցում Հայաստանի իշխանությունները հետեւում են Ադրբեջանի պահանջներին։ Դրա մասին ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Նա հիշեցրել է, որ 1991 թվականին հայ ժողովուրդը բացարձակ կոնսենսուսով արդեն ընդունել է սահմանադրական օրենքներ, որոնցով Հայաստանում հիմնադրել է կիսանախագահական կառավարման մոդելը, որը 2015 թվականին հանրաքվեի արդյունքները կեղծելով՝ փոխեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ երկիրն անցավ խորհրդարանական կառավարման մոդելի:
Միակ լեգիտիմ մոդելը կիսանախագահական կառավարումն է
Անդրադառնալով մայր օրենքի հնարավոր փոփոխության շրջանառվող թեմային՝ Լեւոն Զուրաբյանը «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում նշել է, որ եթե սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտություն կա, ապա միայն մի բանի համար` վերահաստատել սահմանադրական կառավարման կայունության սկզբունքը եւ անցնել կառավարման միակ լեգիտիմ՝ կիսանախագահական մոդելին։ Իսկ կիսանախագահական կառավարման անհրաժեշտությունը կա՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար:
ՀՀ գործող Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականին, բարեփոխվել է 2005 եւ 2015 թվականներին: 2015 թվականի փոփոխություններով Հայաստանը կիսանախագահականից անցում կատարեց կառավարման խորհրդարանական մոդելի։
ՀԱԿ փոխնախագահը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո արդեն երկու անգամ նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ, բայց երկու անգամն էլ ձախողել է։ Իսկ հիմա երրորդ փորձն է անում: Զուրաբյանի խորին համոզմամբ` սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Փաշինյանի ջանքերն անհետեւողական են, իմպուլսիվ եւ նույնիսկ փնթի։
Փաշինյանը ձգտում է բավարարելու Ադրբեջանի նախագահի պահանջները
ՀԱԿ փոխնախագահը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «իշխանության քարոզիչները» սկսել են խոսել Սահմանադրության նախաբանի փոփոխության անհրաժեշտության մասին, որը հղում է անում Անկախության հռչակագրին։
Լեւոն Զուրաբյանը հիշեցրել է, որ բացի դրանից՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը հնչեցրել է նաեւ Իլհամ Ալիեւը։ «Դժվար չէ ենթադրել, որ փոփոխությունների իրական մոտիվը ոչ մի կապ չունի որեւէ կոնցեպտուալ առաջարկի հետ։ Միակ խնդիրը, որն այսօր Փաշինյանին դրդում է անվտանգության այս բարդագույն իրավիճակում (պատերազմի եւ խաղաղության միջեւ) փոփոխությունների գնալ, հենց Ադրբեջանի նախագահի պահանջների բավարարումն է»,- նշել է Զուրաբյանը։
Եթե ՀՀ իշխանությունը մի քիչ արժանապատիվ ու գրագետ լիներ, արագ կպարզաբաներ ու կփակեր հարցը
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը նշել է, որ իշխանական շրջանակների հայտարարությունները, թե Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումներն իրավական խնդիր են, բացարձակ խաբեություն են:
Զուրաբյանը նշել է, որ Խորհրդային Միության գոյության վերջին օրերին ԽՍՀՄ սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել ինչպես Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշումը, այնպես էլ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի որոշումը ԼՂԻՄ-ի կազմալուծման մասին:
«Այսինքն՝ երկու որոշումն էլ կորցրել են իրենց իրավական ուժը։ Հետեւաբար դրանց մասին որպես խնդիր խոսելը խաբեություն է։ Այս իրավիճակում խոսքն ավելի շատ նրա մասին է, որ Ադրբեջանը փորձում է զրկել Հայաստանին արժանապատվությունից»,- ընդգծել է Լեւոն Զուրաբյանը։
Սա Հայաստանին հոգեբանորեն ծնկի բերելու փորձ է
Ըստ ՀԱԿ փոխնախագահի` եթե ՀՀ իշխանությունները մի քիչ արժանապատվություն եւ գրագիտություն ունենային, ապա նրանք հեշտությամբ կպարզաբանեին այս ամենը եւ առհասարակ կփակեին հարցը։ Զուրաբյանի համոզմամբ` Արարատը ՀՀ զինանշանի վրայից հեռացնելու, Արագած լեռան պատկերով փոխելու, «Հայոց պատմություն» առարկան էլ «Հայաստանի պատմություն»-ով փոխելու մասին իշխանությունների խոսակցությունները նախապատրաստական քայլեր էին։
«Սա խաղ է սիմվոլների հետ։ Իրավական առումով դա որեւէ նշանակություն չունի։ Բայց սա Հայաստանին հոգեբանորեն ծնկի բերելու փորձ է, ինչը Փաշինյանը հաճույքով կատարում է»,- շեշտել է ՀԱԿ փոխնախագահը։
Գործընթացի հետեւում կանգնած է ոչ թե Փաշինյանը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան
Նա ընդգծեց, որ նախորդ դեպքերում իշխանությունները հետեւողական չեն եղել Սահմանադրության փոփոխության հարցում, բայց այս անգամ այդպես չի լինի. գործընթացի հետեւում կանգնած է ոչ թե Փաշինյանը, այլ Ադրբեջանն ու Թուրքիան։
Ընդ որում, Զուրաբյանի կարծիքով, խորհրդանիշների ոչնչացման` Հայաստանի իշխանությունների ծրագրերը կարող են հիմք լինել լուրջ «Ոչ» շարժման կամ արշավի ձեւավորման համար, որը կարող է հարթակ դառնալ տարբեր քաղաքական ուժերի՝ ներկայիս ղեկավարության դեմ միավորվելու համար: «Չի բացառվում, որ նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անվստահության քվե դառնա Փաշինյանի ռեժիմին»,- շեշտել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: