Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հասնելուն ուղղված ջանքերին։ Հունվարի 25-ին ճեպազրույցի ժամանակ սրա մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունն առ այն, որ Երեւանը չի բացառում Բաքվին հնարավոր ականների մասին նոր տվյալների փոխանցումը:
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել էր, որ Երեւանը չի բացառում Բաքվին հնարավոր ականների մասին նոր տվյալների փոխանցումը: Ըստ նրա՝ Երեւանը երկու անգամ Բաքվին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները, սակայն ադրբեջանական կողմից անընդհատ մեղադրանքներ է լսել դրանց անճշտության վերաբերյալ:
Մինչդեռ դեռեւս 1990-ականներից այդ տարածքներում եղել են հենց ադրբեջանական կողմի տեղադրած ականները։ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր հերթին հայտնել է առաջիկայում ադրբեջանական կողմին նոր տվյալներ փոխանցելու մասին:
Ըստ Զախարովայի՝ Մոսկվան, որը ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես՝ 2020 թվականի աշնանը, վճռական ներդրում է ունեցել, շարունակում է մնալ Երեւանի գործընկերը եւ իր ներդրումն ունենալ Հայաստանի պարտությանն առնչվող էլ ավելի ծանր իրավիճակը կանխելու գործում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան միշտ մեծ ուշադրություն է դարձրել հայ-ադրբեջանական կարգավորման հումանիտար հարցերին։ Նա հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցել է ռազմագերիների, պահվող անձանց փոխանակմանը, անհետ կորածների որոնմանը, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։
«Ռուսաստանը պատրաստ է շարունակելու այդ ջանքերը, որոնք հանգեցնում են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանը»,- ընդգծել է Զախարովան։