2013 թվականի հունվարի 26-ին Ազգային ժողովի նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն ուրախ է. «Մեր թեկնածուն անմիջապես շփվում է ժողովրդի հետ»։
«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը շատ կտրուկ է արձագանքում ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի ասածին, թե շուտով ստեղծվելու է ԱՊՀ երկրների պատմության միասնական դասագիրք. «Այդ դասագիրքը այնպիսի թունավոր գազեր է արձակելու, որն, ի վերջո, պայթյունի էֆեկտ է ունենալու»։
ՊՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնում է հայ-ադրբեջանական վերջին օրերի բախումներին, որոնց հետեւանքով հայկական կողմն ունի 10 զոհ. «Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն»։
Կարեն Անդրեասյանի հրաժարականից հետո իշխող հանրապետականը ՄԻՊ-ի պաշտոնում տեսնում է ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին: Վերջինս ակնարկում է, որ պատրաստ է աշխատելու իշխանության հետ. «Ես ինձ երբեք նույնիսկ չէի տեսել կամ չէի տեսնում Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնում, բայց հիմա տեսե՛ք՝ ես ԱԺ պատգամավոր եմ։ Էլի տարբեր դերերում չեմ տեսել, կյանքը պարտադրել է»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ողբերգական չի համարում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դուրս գալը ՀՀԿ-ից. «Իր իրավունքն է՝ մնալ Հանրապետականում, չմնալ Հանրապետականում: Հանրապետականը դրանից թուլացա՞վ, իհարկե ո՛չ: Հանրապետականը ավելի՞ միասնական է, ավելի՞ վճռական է, կարծում եմ՝ այո՛»։
«ՄԻԲՍ Երեւան» բժշկական կենտրոնի ղեկավար Արսեն Թորոսյանը կարծում է, որ Հայաստանում առողջապահության նախարարության կարիք չկա, քանի որ նախարարությունը կրկնում է իր ենթակայության տակ գտնվող առողջապահական ինստիտուտների գործառույթները. «Կարելի էր, օրինակ, միավորել սոցապահովության եւ առողջապահության նախարարությունները, ինչպես այս ոլորտները միավորել են խորհրդարանական մեկ հանձնաժողովում»։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ամենեւին էլ դժգոհ չէ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններից. «Ես լիովին բավարարված եմ այն Սահմանադրությամբ, որով ընտրվել եմ եւ գիտակցել եմ, թե ինչ Սահմանադրությամբ եմ ընտրվել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում է իր խոստումը՝ «անհամաչափ ուժեղ հակահարված» հասցնելով Հրայր Թովմասյանին, որը հերքում է, թե Փաշինյանին առաջարկել է իր ծառայությունները: Ի հաստատումն իր խոսքերի՝ ՀՀ վարչապետը ներկայացնում է մի գրիչ, որը նվիրել է Հրայր Թովմասյանը. «Նշում պետք է անեի, գրիչս չէի գտնում, չեմ հիշում՝ ես ուզեցի. թե ինքը նկատեց, որ գրիչ եմ փնտրում, իր այս «էլիտար» գրիչը առաջարկեց: Գրառումներս արեցի, ելույթ ունեցա, ու գրիչն իրեն վերադարձնելու փորձերս պատմություն դարձան: Թե բա՝ դա ձեր գրիչն է, շատ եմ խնդրում, վերցրեք, ինչ կլինի»։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ եթե սահմանադրական ճանապարհով չհասնեն վարչապետի հրաժարականին, կդիմեն ապստամբության. «Այդ իրավունքը ամրագրված է Միացյալ Նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության»։
Կենդանաբանական այգում կրքեր են բորբոքվում, հյուծվածության հետեւանքով սատկել են «Կարմիր գրքում» գրանցված չորս սպիտակագլուխ, երկու սեւ անգղ: Տնօրեն Հրանտ Դավոյանն ասում է, որ անգղերը սատկել են ոչ թե սովից, այլ թունավորումից: Աշխատակիցները համաձայն չեն: «15 օր ահազանգում եմ, ասում եմ, որ կեր տվեք, կեր ստացեք, կեր բերեք, այս կենդանիները մենակ գարիով չեն ապրի, իրենք ռեմոնտներ են անում իրենց շենքերում»,- նշում է թռչուններին խնամող Գարիկ Խլղաթյանը: «Սովածությունից էլ արդեն վերեւի արջերը իրար հետ կռիվ էին սարքել, մեկին էլ սպանել էին»,- ավելացնում է օրեր առաջ այգուց հեռացված գիշատիչների բաժնի ավագ խնամող Խաչիկ Քառյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կանխատեսում է՝ 46 օր Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու Ադրբեջանի նպատակն այն է, որ միջանցքը բացվելուն պես տեղի բնակիչները զանգվածաբար հեռանան սեփական բնակավայրից. «Ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ Լեռնային Ղարաբաղի հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը եւ հետո կրկին մի քանի օրով բացել։ Եվ այսպես այնքան, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»։
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: