ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այսօրվա հանդիպմանը քննարկման գլխավոր թեմաներից մեկը Մերձավորարեւելյան կարգավորման խնդիրը կլինի:
«Մենք շփվում ենք մերձավորարեւելյան կարգավորման գծով նրանց հատուկ ներկայացուցչի հետ: Քննարկումներ են ընթանում նաեւ այլ մակարդակներով: Բնականաբար, դա Բլինքենի հետ Լավրովի այսօրվա հանդիպման գլխավոր թեմաների թվում է: Հաջորդ շաբաթ այդ քննարկումները նույնպես կշարունակվեն, բայց առայժմ ես ոչինչ չունեմ ասելու այդ թեմայով»,- ընդգծել է Ռյաբկովը:
Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի է ունենալու Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում անցկացվող Արկտիկական խորհրդի շրջանակում:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռեյկյավիկում Իսլանդիայի արտաքին գործերի եւ զարգացման ոլորտում միջազգային համագործակցության նախարար Գուտլաուգուր Տոր Տորդարսոնի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ-ն նախընտրում է ունենալ կայուն ու կանխատեսելի հարաբերություններ Ռուսաստանի հետ:
Միեւնույն ժամանակ Բլինքենը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է պատասխանելու ԱՄՆ-ի եւ նրա գործընկերների շահերի նկատմամբ ՌԴ-ի չկշռադատված կամ ագրեսիվ գործողություններին:
Պետքարտուղարը նշել է նաեւ, որ պատասխան հարվածը կհասցվի ոչ թե հակամարտությունը խորացնելու համար, այլ որովհետեւ մարտահրավերները չեն կարող անպատիժ մնալ:
Բլինքենը դատապարտել է Արկտիկայի շրջանի ծովային հատվածում Ռուսաստանի անօրինական պահանջները՝ կրկնելով այս տարածաշրջանը ռազմականացնելուց հրաժարվելու իր կոչը:
Ռուսաստանը ծովային անօրինական պահանջներ է ներկայացնում մասնավորապես դեպի Հյուսիսային ծով տանող ծովային ուղիների վրա՝ խախտելով միջազգային օրենքները:
Դեպի Հյուսիսային ծով տանող ուղիների վրա Ռուսաստանը Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ ճանապարհը կրճատող նավահանգիստներ կառուցելու ծրագիր ունի: Դրա իրականացման նպատակով ՌԴ-ն Արկտիկական ափամերձ հատվածներում շարունակում է մեծացնել ռազմական ներկայությունը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային ծով տանող ուղի մուտք գործելու ազատությունը պաշտպանելու նպատակով ԱՄՆ ռազմածովային ուժերն անցյալ տարի երկու անգամ համատեղ զորավարժություններ անցկացրին եվրոպական դաշնակից պետությունների հետ: Բարենցի ծովում անցկացված ռազմախաղերն առաջինն էին 1980-ականներից ի վեր:
ԱՄՆ-ն Ռուսաստանին հորդորել է իր ծրագիրը ներկայացնել Միջազգային ծովային կազմակերպության քննարկմանը: Բլինքենը նշել է, որ Ռուսաստանը դեռեւս դա չի արել: