Արվեստանոցի անկյունում դրված փայտի վառարանը թեժ է, բայց դրսի ցուրտը անավարտ նկարների տաք գույներն են մոռանալ տալիս։ Տարբեր պատկերներ են, շատերը՝ անհասկանալի, անանուն․․․ Ավարտելուց հետո էլ հեղինակը դրանք չի վերնագրելու․ նրա կտավները միայն ստորագրություն ունեն՝ Բասենցի։
Վանաձորում ապրող հինգ տասնյակից ավելի նկարիչներից մեկն է Արտյոմ Խոյեցյանը։ Ժամանակին Բասենցի կեղծանունը նա ոչ թե տարբերվելու, այլ անհայտ մնալու համար է ընտրել։ Երբ Խոյեցյան էր, ոլորտի մեծերը նրան չէին նկատում։ Իսկ Բասենցու կտավները, որ տարբեր ցուցահանդեսների նրա ընկերներն էին տանում, գնահատվում եւ պահանջված էին դառնում։
«Ինձ համար բարդ հարց է, թե ինչ եմ նկարում։ Նկարներս չեմ վերնագրում ու չեմ էլ բացատրում։ Ասեմ՝ ինչու։ Երբ գնում ես ցուցահանդես ինչ-որ նկար նայելու, ու եթե նկարի տակ գրվածք, վերնագիր կա, հանդիսատեսին դու դնում ես կապանքների, «ռամկի» մեջ։ Օրինակ՝ երկինք, կյանք կամ ընտանիք, կապ չունի վերնագիրը, ոնց որ դու իրեն սահմանափակես ու ասես՝ սրանից էն կողմ մի՛ մտածիր։ Պատկերացրե՛ք՝ շատ հետաքրքիր է, երբ գալիս են, նկարդ նայում են, ու վերնագրած չէ, ու ամեն մարդ մի բան է տեսնում։ Այսինքն՝ գրեթե ոչ մեկը նույն ձեւի չի տեսնում։ Ու ոչ մեկը չի տեսնում էն, ինչը ես եմ զգացել ու տվել կտավին»։
Ստեղծագործական քսան տարիների ընթացքում Արտյոմ Բասենցին բազմաթիվ ցուցահանդեսների է մասնակցել Վանաձորում, Երեւանում, Մոսկվայում: «Գեորգի Թովմասյան» ֆոնդի աջակցությամբ անհատական ցուցահանդեսով ներկայացել նաեւ Կալուգայում։ Նկարչի անհատական վերջին ցուցահանդեսը 2023-ի հունիսին է եղել, Վանաձորում, որտեղ ներկայացրել է 51 գործ։
39-ամյա Բասենցին վստահեցնում է՝ «աղմկոտ լռությամբ» իր քաղաքը նպաստավոր միջավայր է բոլոր ստեղծագործողների համար, ու փորձում է ներկայացնել այն լավն ու դրականը, ինչը Վանաձորից դուրս ապրողներն ուղղակի չեն նկատում․ ներսից է պետք զգալ։
«Վանաձորը տաք է, ու էդ տաք կողմը դարերից եկած պատմությունն է։ Շատ կոնտրաստային քաղաք է թե՛ եղանակի, թե՛ մարդկության, թե՛ արվեստների, թե՛ գիտության, թե՛ նախկին գործարանների առումներով։ Որ դուրս գաս քաղաք, աղմուկ չկա, հանգիստ է, բայց ներքին աղմուկ կա, արվեստի պահանջ կա։ Քաղաքի տեսարաններ են, չեմ ասի, որ հենց Կիրովականն եմ նկարել, բայց Կիրովականից ազդված եմ նկարել։ Թե քաղաքն ինչքանով կա իմ նկարներում, չեմ կարող չափել, բայց փաստ է, որ կա, քանի որ քաղաքն իմ մեջ է, ես՝ քաղաքի»։
Քաղաքում նաեւ դժվարություններ կան, որ թեւաթափ են անում, ստիպում դանդաղել, ինչ-որ տեղ նաեւ՝ հետ մնալ։ Օրինակ՝ սեփական արվեստանոց չունենալը։ Տարածք, որտեղ զգացմունքներ են հասունանում, դառնում ապրումներ, հետո՝ ստեղծագործություններ։ Ու մի օր գալիս, ասում են՝ ազատել։
«Իմ սերնդակիցների մեջ հիմնական մեծ խնդիրը անընդհատ տեղից տեղ գնալն է։ Այլ բան է քո սեփական տարածքում ստեղծագործելը, արարելը, հոգի դնելը ու մեկ այլ բան է վարձակալությամբ տարածք գտնելը։ Թեկուզ 50 տարով, բայց գիտես, որ քոնը չէ։ Ամեն պահի կարող են ասել՝ դուրս ես գալիս, որովհետեւ քանդում ենք, վաճառում ենք եւ այլն։ Կոնկրետ ինձ համար մեծ սթրես է արվեստանոցից արվեստանոց տեղափոխվելը, նաեւ՝ ժամանակի կորուստ։ Էդ ամեն ինչը մոտ մի ամիս տեւում է։ Կտավների համար ենք անհանգստանում, որ հանկարծ չփչանան»։
Ստեղծագործելու համար սեփական անկյուն ունենալու երազանքին գումարվել է եւս մեկը։ Արտյոմ Բասենցին կնոջ՝ նկարիչ Քրիստինե Ասլանյանի հետ մտադիր է արվեստի կենտրոն հիմնել, որտեղ կկրթվեն բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։ Գեղանկարչություն, կավագործություն, բատիկա․․․ արվեստագետ ամուսիններն ամեն ինչ սովորեցնելու են, բայց հիմնականն ավազանկարչությունն ու ավազաթերապիան են լինելու։ Քրիստինեն ասում է՝ գլուխ գովել չլինի, ներկայում միակ մասնագետն է Վանաձորում։
«Ուզում ենք, որ մենակ ստուդիա, դպրոց չլինի, երիտասարդները գան, խոսեն արվեստի շուրջ, մի բաժակ թեյ խմեն, ֆիլմ դիտեն, քննարկեն։ Հետաքրքիր բան է մեզ պետք։ Հայը ձգտում է, չէ՞, որ իր երեխան ամեն տեղ գնա, ամեն ոլորտից թեկուզ մի փոքր գաղափար կազմի։ Կավագործությունը չստացվե՞ց, ոչինչ, բայց փորձեց երեխան։ Հիմա տարածքի համար ենք շատ մտածում, որոնում, որ հասանելի լինի բոլորին»,- պատմում է Քրիստինե Ասլանյանը։
Վանաձորում՝ Վանաձորի համար․ Արտյոմն ու Քրիստինեն վստահ են՝ իրենց քաղաքը շատ մեծ ներուժ ունի։ Պետք չէ ուրիշ տեղ գնալ եւ որոնել այն, ինչն այստե՛ղ էլ կա։ Մինչեւ սեփական դպրոց բացելու երազանքն իրականացնելը նկարիչ ամուսիններն իրենց ստեղծագործական հմտություններն են փոխանցում Վանաձորի Հայորդյաց տան, «Շող» ցերեկային կենտրոնի երեխաներին, նաեւ դասավանդում Վանաձորի Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։
«Երբեք չեմ մտածել՝ գնամ, ուրիշ տեղ ապրեմ, անգամ Հայաստանի քաղաքներում ու գյուղերում։ Մենակ մի տեղ կա, որ հաճույքով կմնամ, Դսեղն է, քանի որ ուսանողական տարիներս էնտեղ են անցել։ Ընկերներով գնում էինք, մնում, էտյուդներ անում։ Ազատ տուն էր, մորական կողմս Դսեղից է։ Բայց որ մտածեմ՝ Հայաստանից կամ Վանաձորից գնամ, այլ տեղ ապրեմ, էդ մտքից անգամ սարսափում եմ։ Վանաձորն ինձ համար քաղաք չէ, տուն է։ Ուրիշ քաղաք եմ գնում, շունչս կտրվում է, չեմ կարողանում ժամ ավել մնամ։ Վանաձորը քաշում է, ինչ-որ գերբնական բան ունի, անբացատրելի ձգողականություն, որով պահում է․․․»,- ասում է նկարիչը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։