Հայոց բանակը ստեղծվեց այնպես, ինչպես ստեղծվեց Հայաստանի անկախ հանրապետությունը՝ առանց աղմուկի ու ցուցքի, պահի հարմարություններն ու անհարմարությունները նրբորեն հաշվի առնելով։
Դեռ բավական վաղուց, իսկ 1990-ի մայիսի 27-ի արյունալի դեպքերից հետո [Երկաթգծի կայարան, Նուբարաշեն]՝ ավելի մեծ թափով, ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը, որը, թեեւ հոգեվարքի մեջ էր, բայց կար, պահանջում էր զինաթափել Շարժման ընթացքում ինքնաբուխ ձեւավորված զինյալ ջոկատները։
Հայաստանի իշխանությունը [կոմունիստական], մի կողմից, վերահսկողություն չուներ այդ խմբերի վրա, մյուս կողմից՝ բավարար կամք եւ ուժ չուներ Մոսկվային բացատրելու, որ դրանք առաջացել են անհրաժեշտաբար։
Հարցը լուծվելու էր նոր իշխանության ձեւավորումից հետո, որը եղավ 1990-ի մայիսի 20-ի ընտրություններով, երբ Շարժումը [ՀՀՇ] եկավ իշխանության։
Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Մոսկովյան կենտրոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հավաստեց, որ նոր իշխանությունն ունի բավարար ուժ եւ կամք՝ լուծելու ներքին բոլոր խնդիրները։
Օգոստոսի 29-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի ամբողջ տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին որոշում։ Լուծարվեց Հայոց ազգային բանակ (ՀԱԲ) անունը կրող զինյալ խմբավորումը։ Նրա մարտիկներին կոչ արվեց հանձնել զենքը, ռազմամթերքը, զբաղեցրած շենքերը, ռազմական տեխնիկան եւ տրանսպորտային միջոցները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԱնկախություններ անկախությունից առաջ. այսօր հռչակագրի օրն է |
Զինյալ մյուս խմբավորումներին (նաեւ ՀԱԲ-ի մարտիկներին) առաջարկվեց մտնել ներքին գործերի նախարարության կառուցվածքում կազմավորվող զորամիավորումներ՝ Հատուկ գունդ եւ Միլիցիայի օժանդակության հատուկ ջոկատ (ՄՕՀՋ)։
Մոտ մեկուկես տարի անց՝ 1992-ի հունվարի 28-ին, պաշտոնապես ստեղծվեց Հայոց բանակը, որի հիմքում հենց այս ռազմական միավորներն էին։