«Ուրիշի զավակների կյանքերի հաշվին պատերազմ քարոզել». առաջին հայացքից սա շատ ազդեցիկ, տրամաբանական եւ բարոյական միտք է, որն արդիականացվեց 2020 թվականի պարտությունից հետո՝ դառնալով քաղաքական հուժկու հակափաստարկ։
Բայց իրերի դրության մեջ խորանալու պարագայում կարող է պարզ դառնալ, որ այս միտքն ընդամենը պարզունակ մանիպուլյացիա է, բառախաղ, որն իր միֆական կառուցվածքով հավասարազոր է ուլտրաազգայնականների այն թեզին, թե հայերն ու թուրքերը Մանազկերտից մինչեւ Ջաբրայիլ հավերժական թշնամիներ են։
Այդ ձեւակերպման հիմքում առանց բայցերի, ամեն գնով խաղաղության քայքայիչ աղանդն է, որը բացառում է պայքարի ամեն մի դրսեւորում։ Եթե գլուխներս մտցնենք վերմակի տակ ու խաղաղություն գոռանք, ապա Թուրքիան ու Ադրբեջանը սկուտեղի վրա խաղաղություն կմատուցեն հայ ժողովրդին։
Վերջերս էլ մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանն էր ասում, թե մարդիկ արտագաղթում են, քանի որ ընդդիմությունը պատերազմ է քարոզում։ Այսինքն, Ադրբեջանն ու Հայաստանը ապրում էին սիրո եւ համերաշխության մեջ, իսկ այդ «պոզավոր» ընդդիմադիրները փչացրեցին ամեն ինչ։ Գիտական պնդում է, ինչ խոսք։
Կամ ի՞նչ է նշանակում նեոլիբերալ տոտալիտարիզմի դիրքերից ամեն առիթով «ուրիշի զավակներին» հանրային բանավեճի պատնեշ դարձնել։ Իբրեւ թե պատերազմ երեւույթը հենց մեր միջավայրում է ի հայտ եկել ու հենց մեր ժամանակաշրջանում եւ մենք ենք հայտնագործել «ուրիշի զավակներին» զոհաբերելու հրեշավոր ավանդույթը։
Փաստորեն մարդիկ խոսելու եւ դատողություններ անելու իրավունք չունեն, քանի որ բերանները փակելու են «ուրիշի զավակներով»։
Իմ համոզմամբ խնդիրը տարբեր հասկացությունների կամայական միախառնումն է, ինչն էլ իր հերթին շփոթ է առաջացնում, որից էլ ճյուղավորվում են քաղաքական ու ապաքաղաքական միֆերը։
Մեծ հաշվով գործ ունենք երկու ծայրահեղությունների հետ․ մի կողմում «ազգային ազատագրական» ազգայնականությունն է, իսկ մյուս կողմում՝ նեոլիբերալ եվրոչինովնիկները։
Առաջինը Հայ-թուրքական սահմանից այն կողմ երկգլխանի դեւ է տեսնում, իսկ մյուսն այն համոզմունքն ունի, թե սահմանի բացումից հետո կաթի եւ մեղրի գետեր են հոսելու։ Այս երկուսի միջեւ բնականաբար մահանում է ճշմարտությունը։
Առաջինները չեն հասկանում, որ պայքարելն իռացիոնալ միֆերի վերարտադրությունը չէ, երկրորդներն էլ վստահաբար եկել են այն համոզմանը, որ խաղաղությունն ու չպայքարելը հոմանիշներ են։
Ի դեպ այս երկուսը միասնական են Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրության գաղափարի շուրջ։
Իռացիոնալ, անսկզբունք միլիտարիզմի այլընտրանքը դարձել է իռացիոնալ, լպրծուն պացիֆիզմը։
Սա վտանգավոր հեռանկար է, քանի որ երկրորդի արժեզրկվելուց հետո նորից գլուխ է բարձրացնելու առաջինը։ Այսինքն, գործ ունենք քայքայիչ ու կործանարար մի հերթափոխի հետ, երբ զինվորի ինքնապայթեցման ֆետիշացումն ու դասալքության քարոզը փոխարինում են մեկը մյուսին՝ ոչնչացնելով պետության պաշտպանության և 21-րդ դարի բանակ ստեղծելու գաղափարները։
1299 թվականին ստեղծված ագրեսիվ եւ եռանդուն Օսմանյան պետությունը միշտ արժեւորել ու գնահատել է իր արժանապատիվ եւ ուժեղ հակառակորդներին, իսկ խաղաղություն աղերսող ողորմելի եւ թույլ տարրերին ստրկացրել է եւ արհամարհել։ Ես ուզում եմ Թուրքիայի հետ շփվել որպես Հայաստանի Հանրապետություն, այլ ոչ թե որպես ողորմելի եւ ստորաքարշ մի զանգված, որը պատրաստ է ամեն ինչի։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։