Իրանի Նպատակահարմարության խորհրդի բնակչության եւ սոցիալական կապիտալի աշխատանքային խմբի ղեկավար Մոհամմադ Իսմայիլ Աքբարին ցնցող տվյալներ է հրապարակել: Ըստ այդ տվյալների՝ միայն 2022-ին ավելի քան 88 միլիոն բնակչություն ունեցող Իրանում պաշտոնապես կատարվել է 530 հազար պտղի արհեստական ընդհատում՝ աբորտ։ Համեմատության համար նշենք, որ 146,45 միլիոն բնակչություն ունեցող Ռուսաստանի Դաշնությունում նույն 2022-ին գրանցվել է 400 հազար վիժեցում։
Պետական այլ կառույցների տվյալներով՝ վերջին 20 տարիների ընթացքում Իրանում աբորտների թիվը 250 հազարից հասել է 650 հազարի։
Ըստ կենտրոնական շրջաններից մեկի ղեկավար Մոհսեն Զաքարիանի՝ Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի հետաքննությունը պարզել է, որ հղիության արհեստական ընդհատումներին շուրջ 93 տոկոսը դիմում են շարիաթի օրենքներով ամուսնության մեջ գտնվող կանայք: Իրանական ընտանիքների ավելի քան 80 տոկոսը կա՛մ առավելագույնը երկու երեխա ունի, կա՛մ ընդհանրապես չունի։
Իրանի Իսլամական խորհրդի անդամ Ամիր Հոսեյն Բանկիփուրը լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ օրինական ամուսնության մեջ բեղմնավորվածների 93 տոկոսը դիմում է պտղի ընդհատման միջոցին: