Բրիտանական Financial Times պարբերականի հետազոտությունը ցույց է տվել, որ առավելապես զարգացած մի քանի երկրներում, մասնավորապես՝ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում եւ Թունիսում, 18-29 տարեկան աղջիկները վերջին տարիներին նկատելիորեն ավելի ազատական (լիբերալ) են դարձել, մինչդեռ նույն տարիքի տղամարդիկ հիմնականում ավելի պահպանողական են։
Հետազոտության հեղինակները նման ուժեղ բաժանումը կապում են MeToo շարժման աճող ժողովրդականության հետ: Ավելին, եթե ի սկզբանե երիտասարդ տղամարդիկ եւ կանայք տարակարծիք էին ոտնձգությունների հարցում, տարիների ընթացքում այդ պառակտումն ավելի ու ավելի ցայտուն դարձավ այլ, մասնավորապես՝ միգրանտներին վերաբերող հարցերում:
Ուշագրավ է նաեւ Դոնալդ Թրամփի հավանության վարկանիշների տարբերությունը 1990-ականների վերջին եւ 2000-ականների սկզբին ծնված տղամարդկանց եւ կանանց միջեւ: Թրամփի քաղաքականությանը հավանություն են տալիս երիտասարդ տղամարդկանց 22% եւ կանանց 12%-ը։
Հարավային Կորեայում սեռերի հայացքների միջեւ պառակտումն առավել նկատելի է։ 2022-ի նախագահական ընտրություններում երիտասարդ կանայք գրեթե բացառապես քվեարկել էին առավել ձախակողմյան Դեմոկրատական կուսակցության թեկնածուի, իսկ երիտասարդ տղամարդիկ՝ աջակողմյան «Ժողովրդական իշխանություն» կուսակցության ներկայացուցչի օգտին (վերջինս հաղթեց ձայների աննշան տարբերությամբ):
Financial Times-ը միաժամանակ նշում է, որ սա ժամանակավոր երեւույթ չէ, այլ կայուն միտում, որը, ամենայն հավանականությամբ, կշարունակի զարգանալ:
Z սերունդը (Generation Z) 1997-ից 2012 թվականներին ծնված մարդկանց սերնդի համար աշխարհում կիրառվող եզրույթ է: