«Մայր Հայաստան» հուշահամալիրի հարակից ավտոկայանատեղիում կկառուցվեն թենիսի կորտեր։ Դրա մասին հունվարի 29-ին հայտարարել են Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը հավելել է, որ որոշվել էր այդ վայրում ֆուտբոլի դաշտ կառուցել, բայց հիմա համարում են, որ այն ավելի նպատակահարմար է թենիսի կորտերի համար։
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտնել էին, որ մտադիր են քանդել բոլոր սրճարանները եւ տարաբնույթ այլ շինությունները, եւ որ թենիսի կորտերն Օղակաձեւ այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։
Գետնանցումներում վերելակներ կտեղադրվեն
Շինարարության եւ բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը զեկուցել է, որ հունվարի 29-ին կմեկնարկեն Կոմիտասի շուկայի հարեւանությամբ գտնվող գետնանցման վերելակների տեղադրման աշխատանքները։ Միաժամանակ վերելակների տեղադրման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Կիլիկիա ավտոկայանի, Գարեգին Նժդեհի փողոցի վարչական շենքի եւ Հաղթանակ զբոսայգու հարեւանությամբ գտնվող գետնանցումներում։