ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանում զորակոչի կազմակերպման աշխատանքներին։ Նա նշել է, որ շուտով ՀՀ-ում զորակոչը գերժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ անցկացնելու մեխանիզմներ կներդրվեն:
Նա նշել է, որ պարզեցված մեխանիզմների, թափանցիկության նպատակը ոչ միայն զորակոչի գործընթացը զինակոչիկների ու նրանց ծնողների համար հարմարավետ դարձնելն է, այլեւ զորակոչի օրինականությունն ապահովելը, ինչի շնորհիվ կբացառվեն հովանավորչության ու տարբերակված մոտեցումների դրսեւորումները։
«Հասկանալի պատճառներով զորակոչը եղել եւ մնում է հասարակություն-բանակ առնչությունների ամենազգայուն կետը եւ բանակի հանդեպ ժողովրդի վստահության շեմը բարձրացնելու կարեւորագույն գործիքներից մեկը»,- ընդգծել է ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը։