Լսելով Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին՝ մեր ազգը ցնծում էր, այդ ցնծության մթնոլորտում մենք էլ ՀԱԿ-ում հավաքվեցինք, կոնյակ խմեցինք այդ առիթով։ «ԼուրջCast» հաղորդման ժամանակ դրա մասին պատմել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։
Նա հավելել է, որ Հայ ազգային կոնգրեսն էլ էր տարիներ շարունակ պայքարել դրա համար, թեեւ դա ավելի շատ ժողովրդի ցնծության համար էինք խմում։ Զուրաբյանը նշում է, որ հետո իրենք գնացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ ու նկատել, որ առաջին նախագահը նստած է դեմքի շատ լուրջ, անգամ մռայլ արտահայտությամբ։
«Հետո ասացինք՝ պարո՛ն նախագահ, ամբողջ ժողովուրդը ցնծում է, ինչո՞ւ եք դուք այս տրամադրության մեջ։ Ինքն ասաց մի նախադասություն, որը դուրս չի գալիս իմ հիշողությունից։ Դա հենց նույն օրն էր, երբ շատ բաներ պարզ չէին՝ Փաշինյանը դառնալու է վարչապետ, թե ոչ։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց՝ լսե՛ք, դուք չե՞ք հասկանում, այսօր ես ամենադժբախտ մարդն եմ Հայաստանում, որովհետեւ իշխանության է գալիս մի մարդ, որը կործանելու է ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը»,- պատմել է Լեւոն Զուրաբյանը։
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը նշել է, որ իր համար դա մի փոքր չափազանց է հնչել: «…Բայց հիմա, որ նայում եմ, տեսնում եմ, որ Տեր-Պետրոսյանի կանխատեսումներն, այնուամենայիվ, բավականին հզոր էին»,- ընդգծել է Լեւոն Զուրաբյանը:
2011-2012 թվականներին արդեն ակնհայտ էր, որ Նիկոլի միտքը պղտոր է
ՀԱԿ փոխնախագահն անդրադարձել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տարիներ առաջ կուսակցության շրջանակում ունեցած հարաբերություններին։ Լեւոն Զուրաբյանը նշել է, որ 2011-2012 թվականներին արդեն ակնհայտ էր, որ Նիկոլի միտքը պղտոր է, նա իր ամբիցիաները վեր է դնում շարժման նպատակներից:
Այդ ժամանակ շատ լուրջ քննարկում է եղել Փաշինյանի հետ։ Քննարկվում էր՝ արդյոք պետք է հիմա խզել կապերը Նիկոլ Փաշինյանի հետ, թե փորձել փոխել նրա մոտեցումները։ ՀԱԿ փոխնախագահն ասում է, որ ոմանք կողմ էին առաջին տարբերակին, ոմանք էլ՝ երկրորդ տարբերակին:
«…Մեղքն իմն էր, ինձ վրա դրվեց այդ հարցը որոշելու խնդիրը։ Ինձ ասացին՝ որպես համակարգող դու որոշիր՝ գնում ես, Նիկոլին հե՞տ ես բերում, թե՞ խզում ես հարաբերությունները նրա հետ։ Ես որոշեցի, որ պետք է այնուամենայնիվ Նիկոլին հետ բերել։ 3-ժամանոց խոսակցություն ունեցա նրա հետ ԱԺ-ի այգում, փորձում էի նրան բացատրել իր սխալները, որ կարելի ա մի կողմ դնել այդ ամեն ինչը ու միասնական օրակարգով գնալ առաջ»,- պատմել է Լեւոն Զուրաբյանը։
Պատգամավոր դառնալուց հետո Փաշինյանը խզեց ՀԱԿ-ի հետ հարաբերությունները
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահը նշում է, որ այդ խոսակցությունն ինչ-որ ազդեցություն ունեցավ, բայց դա մի քանի շաբաթվա ազդեցություն էր։
«Դրանից հետո մեզ համար ակնհայտ դարձավ, որ ինքը լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։ Մեզ հետ կապված որեւէ հակասություն նա թաքցնում էր մինչեւ պառլամենտ մտնելը, հիմա հասկանում ենք, որ դա նրան պետք էր պառլամենտ մտնելու համար։ Մտնելուց հետո ինքը խզեց մեզ հետ իր հարաբերությունները»,- պատմում է ՀԱԿ փոխնախագահը:
Եթե մարտի մեկը չլիներ, չէր լինի Նիկոլը
ՀԱԿ փոխնախագահը հարցազրույցում անդրադարձել է նաեւ 2008 թվականի իրադարձություններին։ Լեւոն Զուրաբյանը ափսոսանքով նշում է, որ եթե տեղի չունենային մարտի մեկի իրադարձությունները, չէր լինի նիկոլիզմի այս մղձավանջը։
Լեւոն Զուրաբյանը նշում է, որ մարտիմեկյան իրադարձություններն այնպիսի մեծ ատելություն բերեցին ժողովրդի մեջ ռեժիմի նկատմամբ, որ ժողովուրդը պատրաստ էր ցանկացած գին վճարելու՝ ընդհուպ հակապետական անարխիայի գնով, միայն թե ազատվի հոկտեմբերի 27-ից հետո դիրքերն ամրապնդած սերժքոչարյանական ռեժիմից։
«Ժողովուրդը պատրաստ էր Նիկոլի նման մարդուն բերելու իշխանության։ Խնդիրն այն էր, որ հայրենասիրությունը, Ղարաբաղը պահելը սկսել էր ասոցացվել թալանի, ռեպրեսիաների հետ։ Նիկոլը հակապետական անարխիզմի արտահայտությունն էր, դրա համար եմ ասում՝ եթե մարտի մեկը չլիներ, չէր լինի Նիկոլը»,- «ԼուրջCast» հաղորդման ժամանակ նշում է Լեւոն Զուրաբյանը։