Նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ չի արել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Դրա մասին «Ուկրաինական պրավդա»-ին տված մեկնաբանությունում հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Սերխի Նիկիֆորովը։
Գործակալությունը գրում է, որ 19:30-ի դրությամբ նախագահի աշխատակազմի աղբյուրները հայտնել են նաեւ, որ Զալուժնիին պաշտոնանկ անելու մասին տեղեկությունը կեղծ է։ Բացի դրանից` Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի հետ առնչություն ունեցողներից ոմանք եւս ավելի վաղ հերքել են Զալուժնիի պաշտոնանկության մասին լուրը։
Ըստ ուկրաինական գործակալության՝ հունվարի 29-ին լրատվամիջոցների որոշ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ եւ լրագրողներ հայտարարել են Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականի մասին։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխատանքային հարաբերություններ ունի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ։ Դեկտեմբերին Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել էր, որ երկրի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության մեջ ենթադրյալ պառակտման մասին խոսակցություններն անհիմն են։
Նոյեմբերին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն իր հերթին հայտարարել էր, որ Ուկրաինայի ղեկավարությունում տեղի են ունենում «իրավիճակային քննարկումներ», ոչ թե հակամարտություն։