Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արեւմտյան երկրներին առաջարկել է դադարեցնել ուկրաինացի փախստականներին վճարելը եւ այդ գումարը փոխանցել Ուկրաինային։
«Ենթադրենք՝ մարդը հեռացել է երկրից, գտնվում է արտերկրում եւ աջակցություն է ստանում Գերմանիայից։ Շնորհակալ ենք, իհարկե, մեր քաղաքացիներին աջակցելու համար։ Բայց պատահում է նաեւ այնպես, որ տվյալ մարդն աջակցություն է ստանում ե՛ւ ձեզնից, ե՛ւ մեզնից»,- ասել է նախագահը գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի համար շատ ավելի լավ կլիներ, եթե Գերմանիան ուկրաինացիներին աջակցեր՝ գումարներ փոխանցելով Ուկրաինայի բյուջեին։ Եվ հետո Ուկրաինայի կառավարությունն իր հայեցողությամբ կվերաբաշխեր այս գումարը՝ կախված նրանից, թե որտեղ է տվյալ մարդը:
Ուկրաինայի նախագահը նշել է նաեւ, որ այժմ փախստականները գումար են դուրս բերում Ուկրաինայից, փող են ստանում եվրոպական երկրներից, սակայն այդ միջոցները նույնպես մնում են ԵՄ կազմում։