ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Սահմանադրական դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի քննությունը:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապրիլի 1-ին դիմել էր ՍԴ՝ որոշելու Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով «կիրառման ենթակա՝ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու լիազորությունը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը»։
ՍԴ-ն 14-ի աշխատակարգային որոշմամբ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ ՍԴ՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։
Գլխավոր դատախազությունը ՍԴ-ի որոշումը կամայական է որակել. «ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ Գլխավոր դատախազը ՍԴ կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով։
ՍԴ-ի մասին ՀՀ Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գլխավոր դատախազը ՍԴ կարող է դիմել դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով»:
Դատախազությունն ընդգծել է, որ ՍԴ-ի այս որոշումը ոչ միայն ուղղակիորեն հակասում է նախկինում իր արտահայտած դիրքորոշումներին, «այլեւ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով սեփական նախկին դիրքորոշումն անտեսելու, դրա նկատմամբ անհետեւողականության, ՍԴ-ի որոշման սահմանադրաիրավական արժեքը նսեմացնելու օրինակը չունեցող, նախկինում երբեք չդրսեւորված ակտ է»։