ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց:
Վերջինս ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող ներկա իրավիճակը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ուժերը, հակառակ միջազգային իրավունքի բոլոր նորմերի, խախտել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը:
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին ՌԴ-ի կողմից ներդրվող ջանքերի համար, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդմանը:
Զրուցակիցները միակարծիք են եղել իրավիճակի հանգուցալուծման ճանապարհների եւ դրա մեթոդաբանության շուրջ:
Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության, ի շարունակություն մտքերի նախկին փոխանակման, հանգամանորեն քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը: Կողմերը շահագրգռված են մերձսահմանային միջադեպի արագ կարգավորմամբ՝ բանակցային ճանապարհով:
«Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ռուսական կողմը, որպես միջնորդ, ակտիվորեն նպաստում է իրավիճակի կարգավորմանը և կշարունակի գործել նույն ոգով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շփումները շարունակելու այս եւ մնացյալ հարցերի շուրջ»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: