Մեր երկրում թմրամիջոցներ գործածող դեռահասների թիվը տարեցտարի ավելանում է։ Թմրանյութեր օգտագործող անչափահասներին հատուկ է մեկուսացումը, դառնում են բռնկուն, հաճախակի են ստում։ Բիբերը լայնանում են, աչքերը՝ կարմրում, նկատվում է ախորժակի անկում։ Այս ազդակների դեպքում դեռահասների ծնողները պետք է կտրուկ համապատասխան քայլեր ձեռնարկեն։
Դեռահասների շրջանում թմրամիջոցների շրջանառության իրական ծավալները պարզելու նպատակով Կախվածությունների բուժման ազգային կենտրոնը դպրոցներում նոր հետազոտություն կիրականացնի։ Երեւանում եւ մարզերի որոշ դպրոցներում 40 րոպե տեւող անանուն հարցում է անցկացվելու։ Ընտրվելու են այն դպրոցները, որտեղ սովորող դեռահասներն ավելի շատ են։
«Էսպադ» (ESPAD — European School Survey Project on Alcohol and Other Drugs) կոչվող այս հետազոտությունն առաջիկայում կանցկացվի 16 տարեկան 2 հազար դպրոցականի շրջանում։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը մանրամասնում է՝ լինելու են հարցեր թմրամիջոցների, ալկոհոլի, մարդու վարքային առանձնահատկությունների մասին։ Հետազոտությունը եվրոպական մի շարք երկրներում կիրառվում է դեռ 1990-ականներից, Հայաստանում արել է 2007 թվականին։
«Էսպադ»-ն անցկացվելու է թմրամիջոցների եւ կախվածությունների եվրոպական կենտրոնի, հասարակական կազմակերպությունների, առողջապահության եւ ԿԳՄՍ նախարարությունների համագործակցությամբ։ Հետազոտություններից հետո կհրապարակվի զեկույց, որի շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե դեռահասների շրջանում որքանով են տարածված թմրամիջոցները, ալկոհոլը կամ հոգեներգործուն այլ նյութերը։ Դրանից հետո այդ նյութերի դեմ պայքարի նոր միջոցներ ու մեթոդներ կմշակվեն ու կկիրառվեն։
«2007-ից մինչեւ այսօր իրավիճակը շատ է փոխվել։ 2007-ին համացանցն այսպես հասանելի չի եղել, չեն եղել հեռախոսային հավելվածներ, որոնց միջոցով թմրամիջոցների առք ու վաճառք է կատարվում, ինչի պատճառով թմրամիջոցներ գնելն ավելի հասանելի է դառում»,- ասում է Սուրեն Նազինյանը։
Մասնագետի համոզմամբ՝ հարկ է հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի վերաբերյալ առանձին առարկա ներառել եւ ուսումնասիրել նաեւ թմրանյութերի կործանարար ազդեցությունը։
«Թմրանյութերի ապօրինի օգտագործման եւ թմրաշրջանառության կանխարգելման մեթոդները պետք է վերանայել։ Դեռահասների շրջանում թմրանյութերի վնասակարության վերաբերյալ կրթական նոր մոտեցումներ պետք է ներդրվեն՝ միջազգային ստանդարտների համաձայն»,- կարծում է Նազինյանը։
Այս օրերին առողջապահության նախարարության նախաձեռնությամբ ավագ դպրոցների բարձր դասարաններում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում եւ բուհերում սովորողների շրջանում թմրամիջոցների գործածումից առաջացող վնասների վերաբերյալ իրազեկման միջոցառումներ են անցկացվում։ Նախարարությունն այս ծրագիրն իրականացնում է Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի եւ ՀԿ-ների համագործակցությամբ։ Արդեն 50 կրթական հաստատությունում 15 եւ ավելի մասնագետ է ներգրավվել իրազեկման միջոցառումներին՝ հիշեցնելով, որ նույնիսկ մեկ անգամ թմրանյութ օգտագործելը կարող է կախվածություն առաջացնել, որը կործանարար է։
2024 թվականի հունվարի 15-ին ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը հայտարարեց՝ ՆԳՆ-ն թմրաշրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարություն է մշակում, որտեղ կներառվեն դպրոցներն ու համալսարանները։
«Նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել դպրոցներում եւ հարակից տարածքներում, ինչը կօգնի պայքարելու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ»,– ասաց Ղազարյանը։
Դպրոցահասակ երեխաներ ունեցող Լուսինե Գեւորգյանը գոհ է, որ դեռահասների շրջանում թմրաշրջանառության դեպքերը նվազեցնելու նպատակով նման ծրագրեր են իրականացվում։ Լուսինեն ու ամուսինը երբեմն իրենց երկու զավակների հետ զրուցում են թմրանյութերի վնասակար ազդեցության մասին՝ ջանալով նրանց հեռու պահել այդ վատ երեւույթներից, բայց նրանք կարծում են՝ կրթական հաստատություններում էլ պարբերաբար պետք է խոսեն այս մասին, ծրագրեր ու դասախոսություններ անցկացնեն։
«Սարսափելի երեւույթներ են թմրանյութերից կախվածությունն ու խաղամոլությունը։ Որքան էլ տանը խոսենք այդ մասին, իհարկե, մասնագետների անցկացրած զրույցներն ու դասախոսություններն ավելի ազդու եւ արդյունավետ կլինեն։ Դեռահասները պիտի տեղեկացված լինեն, որ հնարավորինս զերծ մնան այդ չարիքից»,- ասում է Լուսինե Գեւորգյանը։
2023 թվականին կախվածությունների բուժման ազգային կենտրոնում հաշվառվել է մեկ, 2024-ին՝ երկու դեռահաս։ Թմրանյութերից կախվածություն ունեցող դեռահասներն իգական սեռի ներկայացուցիչներ են։ Բնականաբար, կենտրոնում գրանցված դեռահասների թիվն ամենեւին չի արտացոլում իրական վիճակագրությունը։
Կախվածությունների կենտրոնում բուժումը ՀՀ քաղաքացիների համար անվճար է․ կարող է իրականացվել ստացիոնար կամ ամբուլատոր պայմաններում՝ կախված ախտաբանությունից։ Գրանցվածների մեծ մասը կախվածություն ունի մարիխուանայից եւ ափիոնատիպ թմրանյութերից։ Եթե կան մարդիկ, որոնք կարծում են՝ մարիխուանան բնական է, խոտ է, վտանգավոր չէ, ապա չարաչար սխալվում են։ Մարիխուանան անվնաս չէ, վտանգները շատ են։ Թմրանյութի՝ բույսից ստացված լինելն ամենեւին չի վկայում դրանից բխող վտանգների քիչ լինելու կամ դրանց բացակայության մասին։ Կակաչը եւս բույս է, բայց դրանից ստանում են հերոին կամ մորֆին։
Մարիխուանայի մեջ կա հոգեներգործուն եւ կախվածություն առաջացնող նյութ՝ տետրահիդրոկանաբինոլ, որը հոգեակտիվ միացություն է։ ՄԱԿ-ի 1961 թվականին ընդունած կոնվենցիայի համաձայն՝ այն համարվում է թմրամիջոց, որն ունի կախվածություն առաջացնելու ներուժ։ Մարիխուանան, ինչպես մորֆինը կամ մնացած թմրամիջոցները, ներառված է թմրանյութերի այնպիսի ցանկերում, որոնց նկատմամբ իրականացվում է միջազգային վերահսկողություն։
Թմրաշրջանառության ծավալները մեր երկրում գնալով մեծանում են 2021-ի համեմատ 2022-ին գրանցվել է թմրամիջոցներին առնչվող հանցագործությունների գրեթե 50%-ով աճ։
Տարեցտարի աճում է թմրամիջոց օգտագործող գրանցված քաղաքացիների թիվը. եթե 2021-ի հունվարի 1-ի դրությամբ այն եղել է շուրջ 7100, ապա 2022-ի հունվարի 1-ի դրությամբ՝ արդեն 7570։ 2023 թվականի վերաբերյալ վիճակագրական տվյալները «Ալիք Մեդիան» կներկայացնի առաջիկա հրապարակումներում, երբ պետական կառույցները ամփոփած կլինեն։
Լրագրողն իր մասնագիտական գործունեությամբ հասարակական կարծիք է ձեւավորում։ Հենց ա՛յդ գիտակցումով եմ առաջնորդվում եւ աշխատում։