2013 թվականի հունվարի 31-ին լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօրվանից իր քարոզարշավն է սկսում ՀՀ նախագահի թեկնածու, «էպոսագետ» Վարդան Սեդրակյանը: Երեկոյան հայտնի է դառնում, որ անհայտ անձը կրակել է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շնորհակալ է, որ գազի թանկացմանը ՀՀ քաղաքացիները չեն պատասխանում անտառների կոտորածով. «Չեմ կարող ասել, թե ապօրինի անտառահատման քանի դեպք ենք գրանցել մենք, սակայն կարող եմ ընդգծել, որ նախորդ տարվա համեմատ դրանց թիվը չի ավելացել»։
«100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնությամբ ԼՂ մեկնող «Հիմնադիր խորհրդարանի» ավտոերթի մասնակիցներին Բերձորի մոտ դիմավորում են քարերով ու մահակներով: Մազապուրծ եղած ընդդիմադիրներից մեկը պատմում է. «Ծեծվածների թվում են Ժիրայր Սեֆիլյանը, նրա կինը եւ որդին, Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Իգոր Մուրադյանը, Ալեք Ենիգոմշյանը եւ եւս մի 10-15 հոգի, որոնց գրպաններից հանել են հեռախոս, փող, անձնագիր»:
Ադրբեջանական կայքերը հրապարակում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քննադատական հոդվածը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դեմ, որը չի լուծում ԼՂ հակամարտությունը: «Ադրբեջանցի ժողովրդի համբերությունը սպառվելու վրա է»,- զգուշացնում է Իլհամ Ալիեւը:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով իսկական ժամանակն է, որ միջազգային հանրությունը սթափեցնի Ադրբեջանին, որը լսել չի ուզում Ղարաբաղի ինքնորոշման մասին: «Ի՞նչ են ասում ադրբեջանցիք: Ասում են՝ այս հիմնախնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության հիման վրա: Ի՞նչ է ասում միջազգային հանրությունը: Ասում է՝ երեք սկզբունքի հիման վրա, որոնք մեկ ամբողջականություն են»,- պարզաբանում է ՀՀ ԱԳ նախարարը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժում է ֆրանսահայ կազմակերպությունների խնդրանքը՝ այցելել Լեռնային Ղարաբաղ. «Եթե ես հիմա գնամ Ղարաբաղ, Ֆրանսիան կկորցնի իր չեզոքությունը: Ես կգնամ Ղարաբաղ այն ժամանակ, երբ հակամարտությունը կգտնի իր լուծումը»։
«Այսօրվա օրհներգը, ըստ իս, այլեւս այդքան էլ կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ»,- ասում է Ալեն Սիմոնյանը: Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը հակադարձում է. ««Մեր հայրենիքը» էն երգն է՝ անկախ իր երաժշտական, բանաստեղծական որակներից, որը երգելով մարդիկ գնացել են Սարդարապատի ճակատամարտ: Դրա համար է ինքը հիմն»:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնում է 100 մլն դոլարով ռուսական «ՍՈՒ-30» չորս կործանիչներ ձեռք բերելուն. «Ադրբեջանն ունի բարձր ճշգրտության եւ տարբեր բարձրությունների վրա անթերի աշխատող ԱՍԱ, բելառուսական Բուգ, Իսրայելական Բարակ-8, ռուսական Ս-300 Ֆավորիտ ՀՕՊ համակարգեր։ Մեր ինքնաթիռները խփվելու են ճնճղուկի պես։ Մի՞թե ավելի ճիշտ չէր լինի վերը նշված 100 միլիոնը ծախսել հայկական ՀՕՊ-ի կատարելագործման, հրթիռային հրետանու, հակադրոնային ցանցային համակարգեր ձեռք բերելու վրա»։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունում է, որ ԼՂ ապագա կարգավիճակի շուրջ հանրաքվեին ադրբեջանցիների մասնակցությունը լինելու էր 1988 թվականին Ղարաբաղում ադրբեջանցիների թվի համամասնությամբ: «Դա կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ եւ այն դեպքում, երբ որոշված կլինի տվյալ տարածքի իշխանության հարցը, որը պատասխանատու կլինի այդ մարդկանց անվտանգության համար: Բա լավ, Լեռնային Ղարաբաղը չեք ճանաչում որպես պետություն, բա ո՞վ է ապահովելու, որ այդ մարդիկ վերադառնան: Օրինակ, ո՞վ է ապահովելու, որ Ստեփանակերտ վերադառնան Ստեփանակերտում ապրող փոքրաթիվ, բայց ադրբեջանցիները: Հո ամեն ադրբեջանցու կամ հայի մոտ չես կարող ոստիկան կամ խաղաղապահ դնել»,- հարցազրույցում ասում է Սերժ Սարգսյանը:
Ռումբի ազդեցություն է գործում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագիրը, որով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք քաղաքական դատավճիռներ կայացրած տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանը նշանակվում է Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ: «Միգուցե Փաշինյանին ավելի կոմֆորտ է, որպեսզի իշխանության հրահանգները կամ օրվա իշխանության հրահանգները կատարող դատավոր լինի»,- ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: