Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տարածած հայտարարության համաձայն այսօր ուկրաինական կողմի հետ կատարած գերիների փոխանակաման շնորհիվ վերադարձել 195 ռուս զինվորական։
«Հունվարի 31-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 195 ռուս զինվորական, որոնք գերության մեջ գտնվում էին մահացու վտանգի տակ։ Փոխարենը հանձնվել է Ուկրաինայի զինված ուժերի ուղիղ 195 ռազմագերի»,-ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ իր տելեգրամյան ալիքում գրել է 207 մարդու վերադարձի մասին, որոնք եղել են «զինվորական և քաղաքացիական» անձինք:
Նախագահը շնորհակալություն է հայտնել փոխանակման կազմակերպմանը մասնակցած իր վարչակազմի ղեկավարների, պաշտպանության նախարարության և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներին։
Սա հակամարտող երկրների միջև գերիների փոխանակաման մասին առաջին պաշտոնական լուրն է՝ հունվարի 24-ին ՌԴ Բելգորոդի մարզում Իլ-76 ինքնաթիռի կործանումից հետո: ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռում եղել էին 65 ուկրաինացի ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդ։ Նշվում էր, որ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են: Ռուս պաշտոնյանների պնդմամբ ինքնաթիռը խոցել էին ուկրաինացի զինվորականները:
Ուկրաինայի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին, ոչ հաստատել, ոչ էլ հերքել են ռուսական վարկածը՝ կապված ինքնաթիռի խոցման հետ։ Կիևը հաստատել է, որ գերիների փոխանակման ծրագրեր իսկապես եղել են, սակայն կասկածի տակ է դնում Մոսկվայից հնչող այն պնդումները, թե ինքնաթիռով ռազմագերիներ են տեղափոխվել՝ ռուսական կողմին մեղադրելով երկրում հասարակական կարծիքի վրա ազդելու փորձի մեջ։