ՔՊ կուսակցությունը հայտնվել է սկանդալի մեջ: Ըստ «Ինֆոքոմ» կայքի հետաքննության, Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումը իրականացվել է կասկածելի գործարքներով և անհայտ աղբյուրներից:
«Ամառային մի շոգ օր՝ 2023-ի հուլիսի 31-ին, Կարինեն (անունը փոխված է) իր ծանոթներից մեկի՝ Գևորգի հետ (անունը փոխված է) զբոսնում էր Երևանի կենտրոնում։ Երբ հասան «Հայէկոնոմբանկի»՝ Արամի փողոցում գտնվող մասնաճյուղի մոտ, Գևորգը Կարինեին հարցրեց՝ արդյո՞ք նույնականացման քարտ ունի իր մոտ։ Դրական պատասխան ստանալով՝ խնդրեց մտնել բանկ՝ ինչ-որ գործարք անելու, որի համար անձը հաստատող փաստաթուղթ էր անհրաժեշտ։ Կարինեն, վստահելով ծանոթին, համաձայնեց։
Երբ հասան «Հայէկոնոմբանկի» մուտքի մոտ, Գևորգը Կարինեին խնդրեց դրսում սպասել, վերցրեց նրա նույնականացման քարտն ու մտավ բանկ։ Կարճ ժամանակ անց դուրս եկավ ու Կարինեին խնդրեց ներս մտնել՝ ասելով, որ այնտեղ նրան մի տղամարդ է դիմավորելու, կասի՝ ինչ անել։
«Ես մոտեցա այդ տղամարդուն, սպասարկման բաժնի աշխատակիցը կտրոն տվեց նրան, ինքն էլ տվեց ինձ, որ ստորագրեմ։ Բանկային անդորրագիր էր։ Ստորագրելիս տեսա, որ ես փոխանցում եմ 2.5 մլն դրամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», — պատմում է Կարինեն, որը բանկից դուրս գալուց հետո Գևորգին հարցրել է՝ խնդիրներ չի՞ ունենա։ Վերջինս պատասխանել է, որ մոռանա այդ մասին, եթե զանգեն, ասի, որ ոչնչից տեղյակ չէ»:
Սա այդ գործարքներից մեկն է, որի հերոսն, ինչպես Նոր Կտակարանի գլխավոր հերոսն է ասում, չգիտի, թե ինչ է անում: «Ինֆոքոմը» այս հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց:
ՔՊ-ին նվիրատվություն կատարածների ցուցակում հայտնվել էր ոչ միայն Կարինեի անունը, այլ նաև Գևորգի ու նրա եղբոր։ Վերջիններիս անվան դիմաց գումարի չափը ևս նշված է 2.5 մլն դրամ։
Կարինեի դեպքը միակը չէ. «Ինֆոքոմի» լրագրողները հանդիպել են նվիրատուների ցանկում հայտնված այլ անձանց ևս, որոնք տեղյակ չէին իրենց անունով կատարված գործարքից։
Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։
Պարզել են նաև, որ նվիրատուների մի մասն ապրում է նույն կամ հարևան շենքերում: 2,5 միլիոն նվիրաբերած հինգ հոգի, օրինակ, ապրում է նույն շենքում: Նվիրատուների ծնողները լրագրողին ասում են, որ եթե մեր «նվիրատուն» այդքան գումար ունենար, իր վարկերը կփակեր: Բոլոր գումարները փոխանցվել են Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Հայէկոնոմ» բանկի միջոցով:
«Ազատություն» ռադիոկայանը փորձել է ստանալ իշխող քաղաքական ուժի մեկնաբանությունը այս հետաքննության տվյալների առթիվ:
«Եթե նման բան տեղի է ունեցել, հասցեատերերի հետ է պետք խոսել, միգուցե նման բան տեղի չի ունեցել, միգուցե շփոթմունք կա, չեմ կարող որևէ բան ասել»,-արձագանքել է ՔՊ փոխնախագահ Գևորգ Պապոյանը: Սա ամբողջն է, որ իշխող ուժը ասել է հետաքննության մասին: