Երբ ամերիկաբնակ Սամվել Հովհաննիսյանն իր որդու համար ճապոներենի հայ ուսուցչի էր փնտրում, չէր էլ կարող պատկերացնել, որ տարիներ անց մի ամբողջ առցանց դպրոց է ղեկավարելու։
ԱՄՆ-ում կրթությունը թանկ արժե․ օրինակ՝ ճապոներենի 1 ժամն արժե մոտ 80 դոլար։ Մեր զրուցակիցը մտածել է՝ իսկ ինչո՞ւ այլ տարբերակ չընտրել։ Երբ Հայաստանում գտած ուսուցչի հետ որդու դասն արդյունավետ է անցել, առաջացել է առցանց դպրոցի գաղափարը։
Ընդամենը երեք ուսուցչով եւ տասն աշակերտով սկսված հարթակն այսօր արդեն հատել է աշխարհի տարբեր երկրների սահմանները։ «Դասա2»-ն հարթակ է, որտեղ աշխարհի ցանկացած կետում գտնվող անձը կարող է որեւէ առարկա, լեզու ուսումնասիրել, նվագել սովորել։
«Սկզբում բոլորն իմ ընկերների երեխաներն էին։ Հետո սկսեցին մեզ գտնել, դիմել դասերի համար։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում, երբ առցանց դասապրոցեսն էապես ակտիվացավ, մեզ օրական ավելի քան 100 աշակերտի համար էին դիմում։ Սկսեցինք ընդլայնել ուսուցիչների թիմը»,-պատմում է Սամվել Հովհաննիսյանը։
Սկզբում ուսուցիչների ընտրությունը սուբյեկտիվ է եղել՝ կարճ հարցազրույց եւ արագ որոշում։ Որոշ ժամանակ անց ընթացքը բարդացել է։ «Այժմ մեզ մոտ մեկ ուսուցչի տեղի համար պայքարում է մոտ 120 հոգի։ Ընտրությունը մի քանի փուլով է՝ հարցազրույցներ, գործնական դասեր, փորձաշրջան։ Ժամանակատար ու բարդ փուլ է, բայց արդյունքում ընտրում ենք իրապես տաղանդավոր դասատուի, որը կբավարարի թե՛ մեր ընկերության, թե՛ աշակերտների պահանջները»,-ասում է հարթակի հիմնադիրը։
Ընտրությունը կատարելիս չեն առաջնորդվում այն սկզբունքով, որ մասնագետը հենց մանկավարժ լինի։ Դա որոշ առավելություն կարող է տալ, սակայն ամենակարեւորը սովորեցնել սիրելն է։
«Մեր թեկնածուն առաջին հերթին պետք է պարզապես սիրի դաս տալ, որովհետեւ եթե չի սիրում, կես տարի հետո սպառվում է եւ սկսում է դասավանդել միայն աշխատավարձի համար։ Եթե սիրում ես արածդ աշխատանքը, սիրով ստեղծում ես նյութն ու մատուցում։ Մեր կայքն ամբողջությյամբ դատարկ է․ ուսուցիչն ինքն է ստեղծում իր դասապրոցեսը, ավելացում նյութերը, որոնք ամեն աշակերտի համար կարող են փոփոխվել, անհատականացվել»,-ասում է մեր զրուցակիցը։
Լավ թիմ ունենալու ապացույց է այն հանգամանքը, որ արդեն մոտ 450 հոգանոց ուսուցչական խմբից աշխատանքից դուրս եկողներ գրեթե չեն եղել։
«Դասա2»-ում ուսուցիչ դառնալու գլավոր նախապայմանը հայաստանաբնակ հայ լինելն է։ «Պատճառը պարզ է՝ գումարը Հայաստան պետք է գա։ Մեր երկրի տնտեսությունը գումարի մուտքից կարող է ավելի զարգանալ»,-ասում է Սամվել Հովհաննիսյանը։
450 ուսուցչից յուրաքանչյուրը մոտ 10 աշակերտ ունի․ այսինքն՝ մոտ 450 աշխատատեղ ապահովված է։ Աշխատանքի առցանց լինելը հնարավորություն է տալիս, որ դրան դիմեն Հայաստանի բոլոր անկյուններից։ Ուսուցիչներ են եղել նաեւ Արցախից, ու նրանց թիվն ավելացել է բռնի տեղահանումից հետո։ Արդյունքում վերջիններս կարողացել են այդ պայմաններում պահպանել աշխատանքը։
Եթե սկզբում դասերի համար միայն հայերն են դիմել, կարճ ժամանակ անց ընդլայնվել է թե՛ երկրների, թե ազգությունների շրջանակը։ Աշակերտենրը հիմնականում ԱՄՆ-ից են, երկրորդը Կանադան է, երրորդը՝ եվրոպական երկրները։ Ցանկացած տարիքի աշակերտ ունեն։
Հարթակի հիմնադիրը մեկ երազանք ունի՝ «Դասա2»-ն զարգացնել այնքան, որ Հայաստանը դրա հետ ասոցացվի։
««Դասա2»-ն՝ որպես ընկերություն, եթե կարողանա ճիշտ քայլեր անել, բրենդ կդառնա, ու մարդիկ դրսում Հայաստանի մասին լսելիս կասեն՝ ես այնտեղից ուսուցիչ ունեմ։ Մեր հարթակն իրապես ունի այդ շանսը։ 450 ուսուցիչն էլ կարող է դառնալ 4500, 4500-ը՝ 45 000, ու էլի պահանջարկը չի բավարարվի»,-ասում է Սամվել Հովհաննիսյանն ու հիշեցնում իրենց ուսուցիչներից մեկի խոսքը․ «Ես ուզում եմ դրսում ապրող հայ երեխաների երազանքները կապել Հայաստանի հետ»։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: