ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռեյկյավիկում, Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում առաջին պաշտոնական հանդիպմանը, ի թիվս այլ թեմաների, քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության կարգավորուման հարցը:
«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար մարդասիրական ապահովման հրատապ հասանելիության անհրաժեշտությունը, նրանք նաեւ քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման ուղիների որոնման»,- նշված է Պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսի տարածած հայտարարության մեջ։
Հանդիպման ընթացքում Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի տարածքում եւ մերձակայքում Ռուսաստանի շարունակվող ռազմական տեղակայման, «Ամերիկայի ձայն» եւ «Ազատություն» ռադիոկայանների դեմ գործողությունների, Ալեքսեյ Նավալնիի առողջության եւ ընդդիմադիր կազմակերպությունների նկատմամբ բռնաճնշումների վերաբերյալ։
Ըստ Պետդեպի՝ Բլինքենն ու Լավրովը քննարկել են երկու երկրների համագործակցության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, որոնց թվում՝ ռազմավարական կայունությունը, Աֆղանստանը, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի զսպումը։ ԱՄՆ պետքարտուղարն ու ՌԴ արտգործնախարարը պայմանավորվել են հետագայում շարունակել քննարկումները:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեւել է գրեթե երկու ժամ:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպումից հետո Ռեյկյավիկում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հանդիպումը կառուցողական էր, եւ դրա արդյունքների վերաբերյալ զեկույցները կներկայացվեն երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Ջո Բայդենին: Նա հավելել է, որ առաջնորդները կորոշեն երկկողմ հարաբերությունները շտկելու հետագա ուղիները։
Նշենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման մասին հիշատակված չէ: