Մի քանի օր առաջ Մարինե Պետրոսյանի հարցազրույցի առիթով Աննա Դավթյան-Գեւորգյանի արած գրառման շուրջ մի բան էլ ես էի գրել։ Մեջբերեմ հատված. «…կարո՞ղ եք ասել՝ ով ու որտեղ է կազմում խոսքի իրավունք ունեցողների ցուցակները։ Տվե՛ք, տեսնենք՝ ում կանչել զրույցի, ում ուղարկել գրողի ծոցը»։
Հարցիս հպանցիկ պատասխանները կան Աննայի Ալիք Մեդիայում հրապարակած ««Անկեղծ» եւ «ազգային» իռացիոնալիզմից վախենալու մասին» հոդվածում։ Ըստ հեղինակի՝ Ալիք Մեդիան «պուպուշ» կայք է, որի հարթակներից մեկը, չգիտես ինչու՝ հրավիրում է «քըխ» հյուրերի։
Բայց հոդվածի հեղինակն ավելի հեռուն է գնացել. «Երեւի թե տրամաբանական կլինի, չէ՞, զարմանքը, երբ օրինակ «Science» հեռուստաալիքով մեկ էլ աշխարհի աստվածային արարման մասին զրույց լսես կամ «Շողակաթով» աթեիստական գաղափարների քարոզ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ«Անկեղծ» եւ «ազգային» իռացիոնալիզմից վախենալու մասին |
Համեմատությունը՝ մեղմ ասած, տեղին չէ, որովհետեւ Ալիք Մեդիան չի ստեղծվել որպես որեւէ կրոնի կամ ուսմունքի սպասարկող լրատվամիջոց։ Այն ունեցել է, ունի եւ ունենալու է հասարակական-քաղաքական դավանանք, որն է՛ առողջ դատողությունը եւ անմիտ երազանքների մերժումը։
Սա էլ հենց աջից ու ձախից մեզ դնում է հարվածների տակ՝ ռուսամետների համար մենք արեւմտամետ ենք, արեւմտամետների համար՝ ռուսահաճ, ընդդիմադիրների համար մենք իշխանամետ ենք, իշխանությունների համար՝ կարծր ընդդիմադիր, հեղափոխականների համար պահպանողական ենք, պահպանողականների համար՝ հեղափոխական եւ այսպես շարունակ։
Այդ հարվածները մենք կրում ենք անտրտունջ, որովհետեւ գիտենք, որ հանուրից տարբեր մտածելը, դատողություններ՝ ոչ ըստ երազանքի կամ պատրանքի, այլ իրականության քննությամբ, անելը խոցելի է, իսկ մեր հասարակության մեջ՝ հույժ կասկածելի. տեսնես սրանք ո՞ւմ թելն են մանում։
Համապատասխան ծառայությունները լավ էլ աշխատում են ու գիտեն, որ մենք ФСБ-ից, Россотрудничество-ից կամ ռուսական որեւէ այլ կառույցից, իշխանամերձ օլիգարխներից (որ հիմա կոչվում են մեծահարուստներ), ընդդիմադիր կլաններից «նպաստ» չենք ստանում։ Ազատ, ժողովրդավարական Հայաստանում բիզնեսն այնքան է կաշկանդված, որ անգամ փոխշահավետ համագործակցության, ասենք, գովազդի մասին խոսք լինել չի կարող։
Մեր գոյատեւման միակ աղբյուրը արեւմտյան ֆոնդերն են, որոնք, ի պատիվ իրենց, այնքան լայնախոհ են, որ պատրաստի գաղափարներ պարտադրելու փոխարեն գործելակերպ են խրախուսում։
Ասածս միանգամայն ստուգելի է. 2020 թվականի նոյեմբերի 17-ից մինչ օրս Ալիքում հրապարակված բոլոր նյութերը (տեքստեր, ռեպորտաժներ, տեսաֆիլմեր, հաղորդումներ) արխիվում կան եւ ցանկացած մեկը կարող է ուսումնասիրել։
Բայց հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ ֆոնդերը ֆինանսավորում մեզ ու նման մեդիաներին։ Որովհետեւ իրենց անշեղ դավանանքն էլ ազատ մամուլն է, ազատ հարթակը։
2021 թվականի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Երեւան էր եկել այդ ֆոնդերից մեկի ներկայացուցիչը։ Ինձ հետ զրուցելիս նա առաջինը հետաքրքրվեց. «Իսկ ընտրարշավին մասնակցող բոլոր ուժերը հրավիրվելո՞ւ են Ալիքի հարթակ»։ Այո՝ ասացի, արդեն նամակ-հրավերներ ենք ուղարկել։ Եվ այդ օրերին Ալիք Մեդիան հյուրընկալեց այնպիսի գործիչների, որոնք մեր պատկերացրածի ու դավանածի ուղիղ հակառակն են քարոզում։
Սա, գուցե, նախընտրական պարտադրանք համարվի, բայց հետագայում եւս աշխատել ենք հյուրերին ընտրել ոչ թե «ըստ պատկերի յուրում», այլ հասարակական-քաղաքական, մշակութային դերակատար լինելու հանգամանքով։
Վերջին հաշվով այդ մարդիկ՝ համակրելի կամ անդուր, ոչ այլ ինչ են, քան հաղորդիչներ, որոնք փոխանցում են ընդհանուր տրամադրությունների վրա ձեւավորված տեսակետներ։ Նրանց խոսքը, կարծիքը, դատողությունները «սուրբ գի՞ր» են, ո՛չ։ Դրանք առիթ են մտածելու, հասկանալու, թե ինչն է խանգարում մեզ, ուրիշ ի՞նչ պետք է անել, որ «Աստված է՛լ բեթարից ազատի»։
Եթե հրավիրենք միայն մեր համախոհներին, ոչնչով չենք տարբերվի Աննայի հիշատակած «Science»-ից կամ «Շողակաթ»-ից կամ, ավելի ճշգրիտ ասեմ՝ Հանրային հեռուստաալիքից, որտեղ «գրողի ծոցն» ուղարկվածների թիվը բավական մեծ է։
ԴԻՏԵՔ ՆԱԵՎՓաշինյանը պետության անունից քանդում է պետությունը, թուրքական ծրագիր է |
Եվ եթե Կարպիս Փաշոյան-Մարինե Պետրոսյան զրույցի շուրջ ծավալված ֆեյսբուքյան բանավեճի մասնակիցները նույն ջանասիրությամբ պայքարեին քաղաքացիների վճարած հարկերի հաշվին աշխատող հանրայինի հարթակն ազատագրելու ուղղությամբ, գուցե ավելի շոշափելի արդյունք ունենայինք, որովհետեւ Ալիք Մեդիայի լսարանն անգամներ զիջում է իշխանահաճո այդ հսկային։
«Ինչո՞ւ ես չեմ կարող օգտվել խոսքի ազատության ԻՄ իրավունքից ԻՄ անհատական հարթակում (նկատի ունի ՖԲ իր էջը), բայց եթերում կարող են հայտնվել մարդիկ, որոնք իրավունք ունեն ասելու, ինչ ուզում են»,- բողոքում է Աննան։
Բողոքը միանգամայն իրավացի է, բայց մի անճշտություն կա. Ալիք Մեդիան եթեր դուրս չի գալիս, Ալիք Մեդիան ունի Youtube ալիք, ինչպիսին այսօր ունի աշխարհի ցանկացած փայտահատ, կատու պահող, խոհարար, դիմահարդար եւ այլն։
Եթերն ազգային հարստություն է, որից օգտվելու հնարավորություն ունեն պետությունը (իշխանությունը), բիզնեսը, քաղաքական որոշ ուժեր, եկեղեցին եւ վերջերս միայն այդ հարստության մի մասը զիջվեց Բուն TV-ին, որի աշխատակիցն է Աննան եւ որից, բարեբախտաբար, մենք էլ օգտվում ենք։
Տառակերություն կարող է թվալ, բայց Youtube ալիքի ու եթերի տարբերությունը չափազանց մեծ է, ինչպես մեծ է Youtube ալիքների եւ հեռուստաալիքների քանակների տարբերությունը, ինչը Youtube-ից օգտվողներին ընտրության մեծ հնարավորություն է տալիս։ Չմոռանամ՝ եթերատեր մեդիաներն էլ ունեն Youtube ալիքներ։
Կոպիտ ասած՝ այս բանը չես ուզում դիտել, նայիր ուրիշ բան, բայց եթե քեզ հոգեհարազատ է Ալիք Մեդիան, առանց ավելորդ նյարդայնության եւ առանց դիտումներ կորզելու մասին կասկածի, փորձիր հանդուրժել այս կամ այն մարդու հայտնվելն Ալիքի հարթակում։
Իր հոդվածի վերջաբանում Աննա Դավթյան-Գեւորգյանը հաստատում է ասածս. «…հասարակության քաղաքական մտածողության ձեւավորման վրա ազդեցություն ունի հանրային խոսք ասող յուրաքանչյուր մարդ», իսկ հասարակական-քաղաքական մտածողության առողջացումը կախված է մեր դիրքավորումից՝ Ֆեյսբուքում շամաթա՞ ենք անում, թե՞ մտնում ենք առողջ բանավեճի հուն։
Հ.Գ. Հատուկ լեզվի մաքրասերների համար ասեմ, որ «շամաթա»-ն հայերեն բարբառային բառ է, որը նշանակում է «աղմուկ, ժխոր, աղմուկ-աղաղակ, աղմկաձայն վիճաբանություն, կռիվ, վեճ»։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։