Եվրոպական միության անդամ բոլոր 27 երկրները փետրվարի 1-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում համաձայնության են եկել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ աջակցության տրամադրման փաթեթի շուրջ: Միջոցները պետք է տրամադրվեն ընդհանուր եվրոպական բյուջեից, որը համաձայնեցվել է երեք տարի ժամկետով, այսինքն մինչեւ 2027 թվականը։
Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք պայմանավորվել ենք։ Բոլոր 27 ղեկավարները համաձայնության են եկել Ուկրաինային լրացուցիչ 50 միլիարդի աջակցության փաթեթի շուրջ՝ ԵՄ բյուջեի շրջանակներում: Սա Ուկրաինայի համար կապահովի մշտական, երկարաժամկետ եւ կանխատեսելի ֆինանսավորում։ ԵՄ-ն առաջնորդություն եւ պատասխանատվություն է ստանձնում՝ աջակցելով Ուկրաինային. մենք գիտենք, թե ինչն է վտանգված»,-ասվում է Միշելի գրառման մեջ։
Այս կերպ, ԵՄ առաջնորդներին փաստացի հաջողվել է հաղթահարել նման որոշման դեմ Հունգարիայի ցուցաբերած երկարաժամկետ դիմադրությունը, որն 2023 թվականի դեկտեմբերից արգելափակում էր Կիեւի համար նախատեսված օգնության նոր փաթեթը։
Ըստ Reuters-ի՝ ընթացիկ գագաթնաժողովի նախօրեին ԵՄ-ի շրջանակներում ճնշում է գործադրվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի վրա, որպեսզի Բուդապեշտը հրաժարվի այս հարցում իր վետոյից։ Նրան փոխանցվել է, որ պետք է հստակ ընտրություն կատարի, թե որ կողմի հետ է լինելու՝ էկզիստենցիալ այնպիսի մարտահրավերի պայմաններում, ինչպիսին իրենից ներկայացնում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մողած պատերազմը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ողջունել է եվրոպացի առաջնորդների որոշումը.
«Շատ կարեւոր է, որ որոշումը կայացրել են բոլոր 27 ղեկավարները։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է Եվրամիության հզոր միասնությունը։ ԵՄ-ի շարունակական ֆինանսական աջակցությունը Ուկրաինային կուժեղացնի մեր երկարաժամկետ տնտեսական ու ֆինանսական կայունությունը, որը ոչ պակաս կարեւոր է, քան ռազմական օգնությունը, եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ճնշումը»,-գրել է Զելենսկին X սոցիալական ցանցի իր էջում։
Բրիտանական The Guardian-ի տեղեկություններով, ԵՄ առաջնորդները պայմանավորվել են, յուրաքանչյուր տարի քննարկել Կիեւին տրամադրվող տնտեսական աջակցության ծրագիրը, եւ «անհրաժեշտության դեպքում» այն վերանայել երկու տարի անց՝ այսինքն այն ժամանակ, երբ Եվրահանձնաժողովը ներկայացնի «կատարված ծախսերի դիտարկումը», որի շուրջ քվերակություններ կլինեն։ Թե ինչնի շուրջ է լինելու այդ քվերակությունը լրատվականը չի հստակեցնում։
Սա համընկնում է հոկտեմբերի 30-ին Le Point պարբերականին տված հարցազրույցում Վիկտոր Օրբանի հնչեցրած այն հայտարարության հետ, որի համաձայն Հունգարիան պատրաստ է աջակցել ԵՄ բյուջեից Ուկրաինային 50 միլիարդ եվրո օգնություն հատկացնելու որոշմանը՝ պայմանով, որ այն ԵՄ երկրների հաստատմանը ներկայացնի յուրաքանչյուր տարի։
«Մենք որոշեցինք փոխզիջումային առաջարկ անել․ համաձայն չենք բյուջեի փոփոխությանը: 50 միլիարդ եվրոն հսկայական գումար է, որը պետք չէ տրամադրել 4 տարով։ Հունգարիան պատրաստ է մասնակցել 27-ի [ԵՄ անդամ պետություններ] որոշմանը, եթե երաշխավորվի, որ մենք յուրաքանչյուր տարի քննարկենք՝ շարունակե՞լ այս գումարը ուղարկել, թե` ոչ»,-ասել էր Օրբանը։
Ուկրաինայի իշխանությունները արդեն մի քանի ամիս է, ինչ զգուշացնում են, որ ռուսական հարձակումների եւ ուկրաինական հակահարձակման դադարեցման ֆոնին զինամթերքի խիստ պակաս կա։
Սրան գումարվում է նաեւ այն, որ ԱՄՆ-ում Կիեւին ավելի քան 60 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթի հատկացումն արգելափակվում է Կոնգրեսի Հանրապետական կուսակցության անդամների կողմից։ Ամերիկացի կոնգրեսականները իրենց բացասական դիրքորոշումը կապում են ներգաղթի սահմանափակման մի շարք միջոցառումների ընդունման հետ։