2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հետեւանքով Հայաստանում հայտնված արցախցիների վերադարձի իրավունքի հարցի վերաբերյալ պաշտոնական Երեւանը լուռ է:
Ակնհայտ է, որ ելնելով նոր իրողություններից անխուսափելիորեն փոխվելու էր Արցախի հարցում Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Խնդրի շուրջ հայ դիվանագիտությունը չէր կարող, եւ չի կարող չունենալ զրույցի նոր կետեր ինչպես Ադրբեջանի, այնպես նաեւ միջազգային հարթակներում իր ասելիքի տեսանկյունից:
Անկախ նրանից, թե ինչ համաձայնություններ են եղել կամ քննարկվել միջնորդների եւ Ադրբեջանի հետ մինչեւ 2023-ի սեպտեմբեր ամիսը, արցախցիների հայրենազրկման փաստն ու նրանց վերադարձի իրավունքի մասին չբարձրաձայնելը ոչ միայն անթույլատրելի է, այլեւ` վտանգավոր: Ընդ որում, խնդրի մասին խոսում են միջազգային ատյաններում, Հայաստանի գործընկեր երկրների խորհրդարաններում, մինչդեռ պաշտոնական Երեւանը լռում է:
Այս լռությունը պատճառաբանող որոշ փաստարկներ են հնչում: Այսպես, օրինակ ասում են, թե, երբ մենք արցախցիների վերադարձից ենք խոսում, Բաքուն հակադարձում է «արեւմտյան Ադրբեջանով»: Սեպտեմբերից մինչ օրս պաշտոնական Երեւանը որեւէ մակարդակով արցախցիների վերադարձի մասին չի խոսել, սակայն Ալիեւը Սյունիքի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու առիթը բաց չի թողնում:
Մեր հայրենակիցների վերադարձի իրավունքի մասին չխոսելու մի պատճառաբանություն էլ կա։ Ասում ենէ ինչպե՞ս եք պատկերացնում այս աղետից ու բռնի տեղահանությունից հետո արցախցիների վերադարձը ալիեւյան Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածք: Այս «փաստարկը» ոչ այլ ինչ է, քան էժանագին բարոյախոսական աճպարարություն:
Արցախցիների վերադարձի իրավունքի կարեւորության հարցը բարձրացնողները հեռու են այն մոլորությունից, թե մեր հայրենակիցները հենց վաղը կամ մոտ ապագայում կարողանալու են վերադառնալ իրենց տները, սակայն այդ իրավունքի մասին չխոսելը կնշանակի ընդունել, որ այդ մարդիկ կամովին հեռացել են իրենց հայրենիքից: Այսինքն ուղիղ այն, ինչ պնդում է Իլհամ Ալիեւը:
Երեւանի այս լռությունը նաեւ փաստացի չեղարկում է Լաչինի միջանցքի ինն ամսից ավելի ապօրինի շրջափակման վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի վճիռները, որոնք արձանագրել են արցախցիների գոյությանն ուղիղ սպառնացող վտանգը:
Հիշեցնենք, որ դատական այս ատյանը ինքնագլուխ որոշում չէր կայացրել: Նման վճիռ կայացվել է Հայաստանի պաշտոնական հայտի հիման վրա, ինչը ենթադրում է, որ առնվազն մինչեւ 2023 թվականը պաշտոնական Երեւանը շարունակում էր արցախցիների հումանիտար հարցերին պետական մակարդակով հետամուտ լինելու քաղաքականությունը:
Հայաստանի ներքաղաքական բանավեճերում արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ հարցին քաղաքական մեծամասնության շաբլոնային պատասխանը հետեւյալն է. «մենք գնում ենք խաղաղության օրակարգով»։ Բայց ո՞րն է խաղաղության այդ օրակարգը, որեւէ կերպ չի բացատրվում: Խաղաղության հասնելու համար պետք է առնվազն հռետորաբանության փոփոխություն լինի, որպեսզի կողմերը կարողանան բովանդակային խոսակցություն ծավալել, մինչդեռ Բաքուն չի դադարեցնում ո՛չ ռազմական սպառնալիքները, ո՛չ էլ տարածքային նկրտումները:
Աշխարհում եւ հենց մեր անմիջական հարեւանությամբ պետությունների միջեւ առկա գրեթե բոլոր էթնոտերիտորիալ հակամարտություններում փախստականների, բռնի, ներքին եւ ժամանակավոր տեղահանված միլիոնավոր մարդիկ կան: Հենց այս պահին, Ռուսաստանի հարձակման հետեւանքով միլիոնավոր ուկրաինացիներ են հայտնվել Եվրոպայի տարբեր պետություններում: Այս մարդկանց վերադարձի իրավունքը ոչ միայն շարունակում է ակտուալ լինել, այլեւ ընդունող շատ պետություններ (օրինակ՝ Լեհաստանը) նրանց տվել է ժամանակավոր տեղահանվածի կարգավիճակ:
Է՛լ ավելի մոտենանք մեր տարածաշրջանին: Հարեւան Վրաստանը 1990-ականների սկզբին՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատերազմներից հետո, 100 հազարավոր փախստականներ եւ ներքին տեղահանվածներ է ընդունել, իսկ 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո դիվանագիտական հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ:
Խաղաղության շուրջ վրաց-ռուսական բանակցություններում, ինչպես նաեւ միջազգային ատյաններում, վրաց դիվանագիտությունը բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքի մասին խոսելու առիթը բաց չի թողնում: Այս ամենով հանդերձ, Վրաստանն ու Ռուսաստանը շարունակում են առեւտուր անել, կանոնավոր թռիչքներ ունենալ, դեպի Վրաստան ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կայուն աճում է:
Արցախահայերի վերադարձի իրավունքի հարցից պաշտոնական Երեւանի հրաժարումը, կամ այս հարցն օրակարգից հանելու փորձն առնվազն անբնական է, եթե չասենք` անհեթեթ:
Ոչնչացման եզրին հայտնված արցախահայերը 2020-ի պատերազմից հետո այս հակամարտության ամենամեծ կորուստներն ունեցածներն են, ուստի, եթե որեւէ պահի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն է լինելու, ապա մեր ժողովրդի այս հատվածի իրավունքները չեն կարող չհասցեագրվել:
Անգամ, եթե մոտ ապագայում հնարավոր լինի հասնել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» տրամաբանությանը, այնպես, ինչպես օրինակ՝ Վրաստանի եւ Ռուսաստանի պարագայում է, արցախցիների հայրենազրկման փաստն ու նրանց վերադարձի իրավունքը չի կարող պարզապես մոռացվել:
Հարցի բարոյական եւ զգայական հատվածը դեռեւս մի կողմ թողնենք: Նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական մեծամասնությունը որոշել են, որ իրենց իշխանավարման օրոք Հայաստանի Հանրապետությունը չի լինելու արցախահայերի իրավունքների պատասխանատուն, այս կերպ հույս ունենալով, թե Ադրբեջանի հետ խաղաղության կհասնեն, դրանով զբաղվելու են այլ պետություններ, օգտագործելով արցախահայերի խնդիրը որպես լծակ Ադրբեջանի դեմ:
Ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը դուրս եկավ հայ-թուրքական հարաբերությունների տիրույթից`երրորդ երկրների ձեռքում գործիք դառնալով Թուրքիայի դեմ, ինչն առնվազն չի նպաստել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
շարունակելի
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։