Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպանատունը իր աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամներին արգելել է «ոչ էական» ճանապրհորդություններ կատարել Հայաստանի երեք մարզերի սահմանամերձ շրջաններ։
Ամերիկյան դեսպանատան փետրվարի 2-ին տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես կոչ է արվում խուսափել Գեղարքունիքի մարզում, Վարդենիսից արեւելք, Սյունիքի մարզում Գորիսից արեւելք եւ Կապանից հարավ ճամփորդություններից: Արարատի մարզի Երասխ գյուղով թույլատրվում է միայն երթեւեկել առանց կանգառ կատարելու։
Դեսպանատունը նշում է, որ ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշավորություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային բոլոր հատվածներում։
«Նկատի առեք, որ ճանապարհի որոշ հատվածներ կարող են հատել միջազգային սահմանները առանց ծանուցման: Ճանապարհները կարող են վերահսկվել հսկիչ անցակետերով կամ փակվել ճանապարհորդների համար առանց նախազգուշացման»,-ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։