Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է ստորագրել երեկ համացանցում շրջանառված փաստաթուղթը: Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ կնքվելիք հերթական եռակողմ հայտարարության մասին է, որը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը եւ սահմանագծմանը։
Նախնական համաձայնությամբ
«Այն լուծումները, որով մենք մեր միջազգային գործընկերների հետ ձեռք ենք բերել նախնական համաձայնություններ, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին, ոչ թե 99.9։ Եվ, այո, եթե Ադրբեջանը այդ պայմանավորվածություններն իրագործի եւ այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ այն չի հրապարակում, քանի որ դեռ քննարկման փուլում է։
Փաշինյանի պնդմամբ՝ Հայաստանը հաղորդակցական ուղիների ապաշրջափակման համատեքստում միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում եւ չի քննարկելու:
Ըստ աշխարհագրական նպատակահարմարության
Ըստ շրջանառվող լուրերի՝ երեկ ավարտվել է ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության եւ այդ պահին եղած իրական պատկերի վրա հիմնված սահմանագծման մասին նոր, Հայաստանի համար աղետաբեր փաստաթղթի ձեւակերպման աշխատանքը։ Նշվում է, որ Փաշինյանը Տավուշի մարզի 5 գյուղերն ու Արարատի մարզի 1 գյուղ Ադրբեջանին հանձնելը դարձրել է բանակցությունների առարկա։
Սահմանադրականության հարցը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ խմբակցությունը նախաձեռնում է ԱԺ արտահերթ նիստ վարչապետի պաշտոնակատարի կողմից հայտարարված փաստաթղթի հնարավոր ստորագրման առնչությամբ: Նա ընդգծել է, որ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն, վարչապետի պաշտոնակատարի կողմից մատնանշված փաստաթուղթը նախ պետք է վավերացվի խորհրդարանում, Սահմանադրական դատարանում քննարկվի դրա սահմանադրականության հարցը, հետո միայն ստորագրվի:
Շահերի ընկալումների տարբերությունը
Մարուքյանը պնդել է, որ վարչապետի պաշտոնակատարը խորհրդարանում մանրամասն պետք է ներկայացնի այդ փաստաթղթի բովանդակությունը: «ՀՀ շահերի ընկալումները կարող են տարբեր լինել մեզ համար, վարչապետի համար եւ այլ ուժերի համար: Հետեւաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը մանրամասն պետք է ներկայացվի առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա ՀՀ շահերից է բխում, թե ոչ»,- նշել է պատգամավորը:
Թարմացում.
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը եւս կարեւորել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատմանը վերաբերող փաստաթղթի նախագծի հրապարակման անհրաժեշտությունը:
«Ադրբեջանի հետ սահմանազատումն ուղղակիորեն վերաբերում է բոլորիս, ՀՀ-ում ապրող յուրաքանչյուր մարդու, ողջ հայ ժողովրդի կենսական իրավունքներին՝ կյանքի ու գոյության, ազգային ու անձնական արժանապատվության, հոգեկան անդորրի ու ֆիզիկական անվտանգության, տեղեկացված լինելու ու շատ այլ իրավունքների:
Սահմանազատումն ինքնին մարդու իրավունքների երաշխիք է, որի սխալ իրականացումը կարող է հանգեցնել իրավունքների նոր խախտումների ու լարվածության:
Փաստաթղթի հրապարակումը բխում է հենց պետության շահերից»,- նշված է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ: