2013 թվականի փետրվարի 3-ին էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը մեծ կարծիքի չէ երկու օր առաջ մահափորձի ենթարկված Պարույր Հայրիկյանի մասին, բայց, ըստ նրա, Հայրիկյանը ՀՀ-ում թերագնահատված գործիչ է. «Եթե պետական շատ կարեւոր այր է, թեկուզ մեկ պատգամավորական մանդատի էլ չէ՞ր արժանի, Շուշան Պետրոսյանի չափ էլ չկա՞ր»:
ԲՀԿ առաջնորդ, ընդդիմադիր գործունեության նշաններ ցույց տվող Գագիկ Ծառուկյանը չի կարծում, թե ԲՀԿ-ի առաջիկա համագումարում իրեն կհեռացնեն նախագահի աթոռից. «Ոչ, դա ընդմիշտ է»։
ԼՂ օմբուդսմենը դեռ չի պատրաստվում դատապարտել Բերձորում «Հիմադիր խորհրդարանի» անդամների ջարդը, որն անհայտ անձինք իրականացրեցին Ղարաբաղի ոստիկանության ներկայությամբ: «Ոչ մի միջոց ես չեմ ձեռնարկել, որովհետեւ դա մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ չի մտնում: Սա քաղաքականություն է…»,-ասում է ԼՂ օմբուդսմեն Յուրա Հայրապետյանը:
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օդում կախված լուրերի հերթական չափաբաժինն է հրապարակում խորհրդարանի ամբիոնից. «Ըստ օդում կախված լուրերի, Ալեքսանյանը պատրաստի շաքարավազը Հայաստան է ներմուծում շաքարի հումքի անվան տակ, ինչը նրան թույլ է տալիս խուսափել տասնյակ միլիարդավոր դրամների մաքսատուրքերից: Ըստ օդում կախված լուրերի, Սերժ Սարգսյանը շաքարավազի այդ կոնտրաբանդայից եւ Ալեքսանյանին պատկանող մյուս մենաշնորհային ոլորտներից ունի անձնական փայաբաժին»։
Պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացված Սեյրան Օհանյանի համար արդեն ժամանակն է Հայաստանում պայքարել անարդարության դեմ: «Հերիք է հանդուրժել, երբ երկրի ողջ ռեսուրսները կենտրոնացած են փոքրաթիվ մարդկանց ձեռքում, իսկ իրապես կարեւոր աշխատանք կատարողներին ասում են՝ փող չկա, պետք է համակերպվել»,-ասում է Ղարաբաղում եւ Հայաստանում շուրջ մեկ տասնամյակ պետական բարձր պաշտոններ զբաղեցրած Սեյրան Օհանյանը:
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը վրդովված է, որ նոր Սահմանադրությամբ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը Անվտանգության խորհրդի անդամ չեն: «Չեմ հասկանում` ԱԺ նախագահն ինչո՞վ պետք է խանգարի Անվտանգության խորհրդի որոշումներին»,-հարցնում է նախկին ոստիկանապետը: Նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանը պատասխանում է. «ՀՀ եւ ԱԺ նախագահները որեւէ գործառույթ չունեն այս կառույցում եւ նրանց ընդգրկվելը նպատակահարմար չէ»:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հանգիստ չի տալիս Հայաստանի գործող օրհներգը: Այն, ըստ նրա, չի վայելում հայ մարդկանց առնվազն մեծ մասի համակրանքը: Նրա համակրանքն ավելի շատ Արամ Խաչատրյանի գրած հիմնի երաժշտության կողմն է: Բայց «որոշողը Դուք եք, սիրելի՛ ժողովուրդ, իմ հայրենիքը թշվառ եւ անտեր չէ այլեւս, այլ վեհ ու ուժեղ է, եւ ինչպես նավը կանվանես, այնպես էլ այն կգնա»,-իր ֆեյսբուքյան էջում գրում է Ալեն Սիմոնյանը:
ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համաձայն է, որ նոր իշխանությունների արձանագրած 7,8 տոկոս տնտեսական աճը լավ ցուցանիշ է, բայց այն աննախադեպ չէ, ինչպես պնդում են նորերը. «Ամեն մի փռշտոց աննախադեպ համարելով՝ ստացվում է, որ նախկինում ոչինչ գոյություն չի ունեցել»։
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը խորհրդարանի ամբիոնից զարմանում է, թե 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո ինչո՞ւ «Իմ քայլը» չի հեռանում իշխանությունից: «Այսինքն՝ դուք մտածում եք, որ պետք է մարսե՞ք այս ամենը եւ փորձում եք կենդանության նշույլներ ցույց տա՞լ: Մի փորձեք կենդանության նշույլներ ցույց տալ»,-զգուշացնում է Գագիկ Ծառուկյանի թիմակիցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացնում է, որ թուրքերը Հայաստանում ունեն անշարժ գույք, բայց ոչ մի ռազմավարական օբյեկտ դրանց ցանկում չկա: Նախարարը նորմալ է վերաբերվում թուրքերի ներկայությանը մեր տնտեսությունում. «Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»:
«Քաղաքացիական պայմանագիրը» շատ կոշտ է հակադարձում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առաջարկին, ըստ որի Ռուսաստանը պատրաստ է մեկ-երկու օրվա ընթացքում խաղաղապահներ ուղարկել Հայաստան հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու համար: «Առանց քաղաքական գնահատական տալու, գալիս են ի՞նչ անեն»,-ասում է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Գեւորգ Պապոյանը:
Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ Աստված քեզ ստեղծել է այնպիսին, որ ինքը լինի: Ճիշտ այդպես նա ստեղծել է փողոցային շանը: Երբ դու կերակրում ես նրան, Աստված կա, երբ չես կերակրում, չկա, հասկանում ես, որ մարմինն արդեն իսկ հնարավորություն է, երկրորդ այդպիսի հնարավորություն չի լինելու: