1998-ի (շատ մեղմ ասած) իշխանափոխությունից հետո հայկական իրականությունից եւ հատկապես մամուլից բանավեճը, որպես հանրային եւ քաղաքական տրամադրությունների դրսեւորման միջոց, բացառվեց:
Դա համաձայնություն չէր, այլ իրականության նենգափոխման ներքին քաղաքականության գործիք: Այն գործադրվեց խոսքի ազատության եւ լրագրողական համերաշխության մասին իշխանությունների ներդրած տեխնոլոգիայով. իբր մենք՝ լրագրողներս, այնքան ենք հարգում միմյանց, որ մեզ թույլ չենք տալիս քննադատել մեկս մյուսին:
Պետք է հիշել, որ հենց այդ շրջանում սկսեցին հիմնադրվել մամուլի ակումբներ, որոնք դրամաշնորհներով եւ պետական միջնորդավորված աջակցությամբ կարճ ժամանակ անց վերածվեցին «մեդիա-ինդուստրիաների»: Փաստացի մամուլը, հեռուստատեսությունը, ռադիոն, կայքերն ու սոցիալական ցանցերը սպասարկում էին իշխանության եւ ընդդիմության առանձին խմբերի, խմբավորումների եւ անհատների, բայց ո՛չ հանրային խավերի քաղաքական շահերը:
Այս կակոֆոնիայի մեջ կորսվեց պետական զգոնությունը: Ավելի ճիշտ՝ իշխանություններն ամեն ինչ արեցին, որ հանրությունը մնա հիմնականում անիրազեկ, թե ինչ է տեղի ունեցել 1997-ի նոյեմբեր-1998-ի փետրվարի 3-4-ն ընկած ժամանակահատվածում: Եվ որն է ԼՂ կարգավորման պետական հայեցակարգը: Որ կուսակցությունն ինչպես է դրան վերաբերվում: Դա փակ թեմա էր: Եվ, անկեղծ ասած, այդպիսին էլ մնում է:
Այս մտորումները չէի հրապարակայանացնի, եթե Ֆեյսբուքում չհանդիպեի հետեւյալ ձեւակերպմանը. «Կասկած չկա, որ Քի Ուսթի պայմանավորվածությունը այդ մեխանիզմով տապալել է Ռուսաստանը, այլապես հայր ու ՄԳԻՄՈ-ավարտ որդի Ալիեւներն ով էին, այն էլ 2000-2001 թվականին, որ ԱՄՆ հովանու ներքո ձեռք բերած համաձայնություն տապալեին: Ինչպես որ մեղմ ասած միամիտ է պնդումը, թե Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տապալեցին 1998-ի կարգավորումը»:
Հեղինակը քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն է: Ասելիքը՝ քիուեսթյան պայմանավորվածությունները ձախողել է Ռուսաստանը, ինչից հետեւում է, որ եթե «միամիտ է պնդումը, թե Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը տապալեցին 1998-ի կարգավորումը», ապա այն իրականում արտահայաստանյան մի ազդեցիկ ուժ է տապալել: Եթե ենթատեքստը ճիշտ եմ հասկացել, ապա դարձյալ նկատի է առնված Ռուսաստանը:
Բայց այս պահին նրա գերխնդիրը մեկն է՝ «միամիտ» բնորոշել ՀԱԿ-ի համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասածը: Իսկ եթե ավելի հեռուն գնանք, ապա ֆեյսբուքյան տիրույթում փորձ է արվում Լեւոն Տեր-Պետրոսյանին «մանիպուլյատորի» վերագրում անելու:
Սա լուրջ խնդիր է, որովհետեւ քաղաքացիական պատերազմից խուսափելու համար նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին հանրամատչելի լեզվով պարզաբանումը Լեւոն Տեր-Պետրոսյանը, կարծում եմ, չի արել սեփական վարկանիշը բարձրացնելու մղումով: Առաջին նախագահը բացել է Հայաստանի ներքին կյանքի «թարախապալարը»: Իսկ դա, ոզնուն էլ հասկանալի է, խիստ անհանգստացրել է այն շրջանակներին եւ անձանց, որոնց հեղինակությունը, եթե կուզեք՝ քաղաքական ռենոմեն, այսօր կառուցվում է մի քարոզչակաղապարով՝ «մենք հեռացրինք Տեր-Պետրոսյանին եւ կհասնեինք ԼՂ-ի բացառապես հայանպաստ կարգավորման, եթե 2018-ի «սորոսական հեղափոխությունը» տեղի չունենար»:
Սա՝ գրագետ ձեւակերպման դեպքում: Իսկ երբ թեման իջնում է սոցիալական մեդիայի մակարդակի, ապա «հայտնի ուժերի» սպասարկուները (իրական թե ֆեյք) խնդիրը պարզապես լյումպենացնում են. «Նիկոլը Լեւոնի հոգեզավակն է, այն, ինչ կանխել էին հայրենասեր-ազգային ուժերը, Լեւոնը իրականացրեց Նիկոլի միջոցով»:
Ահա զանգվածային հոգեգարության այս քարոզչությանն է սպասարկում ֆեյսբուքյան վերոբերյալ գրառումը: Դրա դեմ է, որ պետք է աղաղակեն Հայաստանի անգամ քարերը: Որովհետեւ հավասարության նշան դնել Քի Ուեսթի եւ կարգավորման 1997-1998-ի տարբերակի միջեւ, նշանակում է մի բան՝ հավատարիմ մնալ նենգափոխման այն մեխանիկային, որ «հայտնի ուժերը» Հայաստանի ներքաղաքական կյանքում գործադրել են ավելի քան երկու տասնամյակ՝ սոցիալական հող նախապատրաստելով իմքայլական կործանարար ամբոխահաճության եւ արտաքին արդեն բաց ազդեցության համար:
Պետք է ասել, կրկնել եւ երրորդել՝ կարգավորման 1997-1998-ի տարբերակը գրավոր հա-մա-ձայ-նեց-ված էր Ադրբեջանի հետ, Քիուեսթը եւ Կազանը՝ ոչ: Այդ հայեցակարգին նախնական համաձայնություն տվել էր նաեւ ԼՂ ռազմա-քաղաքական ղեկավարությունը (Տե՛ս առաջին նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հրապարակային բացահայտումը, որը ԼՂ 1997-ի ղեկավարության եւ Ռոբերտ Քոչարյանի կողմից չի՛ հերքվել):
ՀԱԿ-ի համագումարի ելույթում առաջին նախագահն ասաց, որ օժանդակության առաջարկ է ստացել անձամբ Ելցինից: Դա անձնական աջակցություն չէր: Ուստի բացառելի է, որ փաստացի պետական հեղաշրջման հովանավոր Ռուսաստանը եղած լինի: Միացյալ Նահանգնե՞րն է հովանավորել «խռովարարներին»: Բայց ի՞նչ շարժառիթով: Բաքու-Ջեյհան նախագիծն արդեն ստորագրված էր, կարգավորման այդ տարբերակով էլ տարածաշրջանը բացվում էր, ռուս-ամերիկյան հարաբերությունները գրեթե բարեկամական էին, քննարկվում էր ՆԱՏՕ-Ռուսաստան (փաստացի՝ հետխորհրդային ամբողջ տարածք) աշխարհաքաղաքական բեւեռ ձեւավորելու հարցը:
Մի հնարավոր տարբերակ կա, կարծում եմ: Ռուսաստանում 1996-ի նախագահական ընտրությունները բացահայտել էին, որ Ելցինի քաղաքական դարաշրջանն ավարտվում է: Ռուսական էլիտաների մրցակցության մեջ առաջնության դափնին անցել էր «կայսերական» ուժերին: Փաստացի նախագահ Ելցինն արդեն կորցրել էր ներքաղաքական մրցակցության արբիտրի դերը: Ահա այդ «կայսերական» ուժերը, հավանաբար, աշխարհաքաղաքական իրենց կանխածրագրերում ԼՂ խնդրի «ակտիվ սառեցման» մոտեցում կունենային: Եվ կուզենային աջակիցներ փնտրել նաեւ Հայաստանում:
Սա՝ որպես վարկած, որ ամենեւին ԼՂ կարգավորման ամենաօպտիմալ տարբերակը տապալողներից չի հանում պատմական պատասխանատվությունը: Ավելին՝ պարզապես մերկացնում է նրանց կոլաբորանտական ինքնությունը: Այս դիսկուրսի՞ց են զգուշանում «հայտնի ուժերը»: Ըստ երեւույթին՝ այո: Այլապես Հակոբ Բադալյանը «խռովարարների» շարքում չէր հիշի նաեւ Սերժ Սարգսյանի անունը: Այն դեպքում, երբ առաջին նախագահը քաղաքացիական պատերազմի սպառնալիքի աղբյուր շատ հստակ նշել է երկու անուն՝ Վազգեն Սարգսյան եւ Ռոբերտ Քոչարյան:
Հերթականությունն էլ, ամենայն հավանականությամբ, պատահական չէ: Նենգափոխման մեխանիկան, եթե երկրորդ նախագահի ոճով ասվի, արդեն «յուղ է վառում»:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։