Եվրամիության երկրները կոտրել են Հունգրաիայի վարչապետի համառությունը եւ առաջիկա չորս տարում Ուկրաինային 50 միլիարդ եվրո ֆինանսական աջակցության ծրագիր հաստատել:
Հանդիպման ավարտին մամուլի ասուլիս է կազմակերպել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ հայտարարել, որ Եվրոպան Ուկրաինայից չի հոգնել, Վլադիմիր Պուտինը թող նման հույսեր չփայփայի: Մակրոնն խոստացել է, որ Ֆրանսիան Ուկրաինային հրետանային արդիական կայանքներ եւ արկեր կտրամադրի: ԵՄ երկրների առաջնորդները Բրյուսելում հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդին՝ Կիեւ այցից հետո:
Երբ եվրոպական 27 երկրների առաջնորդները Բրյուսելում հանդիպումը նոր էին սկսել, Ռուսաստանի նախագահ Պուտինը լրագրողներին ասել է, որ ռազմաճակատային գիծն այնքան պիտի դեպի արեւմուտք տեղաշարժվի, որպեսզի ռուսաստանյան քաղաքներն ապահովագրված լինել հրթիռային թիրախավորումներից:
Ռուսաստանի նախագահի ընտրությունները կկայանան ոչ միայն Ղրիմում եւ Դոնբասում, այլեւ ուկրաինական բոլոր տարածքներում, որ անցել են ռուսական բանակի հսկողությանը: Պուտինը «նոր տարածքներում» ներդրումների հորդոր է արել Ռուսաստանի գործարար էլիտային, իսկ բանկերին վստահեցրել, որ արեւմտյան պատժամիջոցները չեն խաթարի երկրի ֆինանսական կայունությունը:
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ագիլ Աբասը խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը Ֆրանսիային «դուրս է քշել» Աֆրիկայից։ Մակրոնն ԱԷԿ-ների վառելիքի նոր աղբյուրներ է փնտրում։ Դա Ղազախստանն է, որի «ճանապարհն անցնում է Ադրբեջանով»:
Հստակ հասկացվում է, որ Ֆրանսիայի հետ Ադրբեջանի դիմակայությունը իրավիճակային է՝ ածանցված Մակրոն-Պուտին կամ Ռուսաստան-Եվրամիություն արմատական հակասություններից: Ավելի պարզ ձեւակերպել է Իլհամ Ալիեւը. «Հարավային Կովկասում հաստատվելու Ֆրանսիայի նկրտումները սին են»:
Եթե խնդիրն առնչվեր միայն Մակրոն-Պուտին դիմակայության մեջ Ալիեւի ընտրությանը, ապա կարելի էր ի գիտություն ընդունել: Բայց Ալիեւը Ռուսաստանի շահը սպասարկում է, որպեսզի իրացնի իր շահը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հասնել «հաղթողի պայմաններով»: Եւ շատ հետեւողականորեն՝ ԱԳՆ-ից մինչեւ վերջին մեկնաբան, գեներացնում է խոսույթ, որ Ֆրանսիան «Հայաստանին ռեւանշիզմ է ներարկում, վերազինում է հայկական բանակը, տարածաշրջանում նոր հակամարտություն է բորբոքում»:
Գրեթե նույնն է ասում ՌԴ արտաքին գործերի նախարարությունը, իսկ փորձագիտական հանրությունը պարզորոշ հասկացնում է, որ «Հայաստանը կարող է կորցնել պետականությունը»:
Այս շատ բարդ եւ վտանգավոր իրավիճակում Երեւանը խոսում է սահմանադրական փոփոխությունների եւ «ոչ պետական ազգից պետական ազգ դառնալու» անհրաժեշտությունից: Հիմնավոր բացատրություն, թե ինչով պետական ազգ չենք, չկա:
Ենթատեքստային-բուտաֆորային պատկերները, որ գծում է իշխանությունը կամ նրա հենարան ՔՊ կուսակցությունը, ոչ միայն համոզիչ չեն, այլեւ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։
Անկախության Հռչակագիրը եւ Սահմանադրությունը գեղարվեստական տեքստեր չեն, որ մի «գրական քննադատ» այսպես հասկանա, մյուսն՝ այլ կերպ:
Ոչ անկախության Հռչակագիրը, ոչ Սահմանադրությունը որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջատիրության նորմ կամ նպատակ չեն ամրագրում: Պատմական արդարարության հաստատման նկատմամբ ունենալ պատասխանատվություն՝ չի նշանակում, թե Հայաստանը հռչակում է Տիգրան Մեծի կայսրության սահմանները վերականգնելու պետական քաղաքականություն:
Հայաստանի առաջին հանրապետության կործանումը պատմական անարդարություն է, որովհետեւ տեղի է ունեցել ռազմական ագրեսիայի հետեւանքով: Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացում եւ պատմական արդարության հաստատում է: Հռչակագրի իմաստը սա է: Շրջասացության կարիք չկա:
Բայց եթե իշխանությունը խաղաղության օրակարգի սպասարկման գործիքակազմ է ընտրել սահմանադրական փոփոխությունը կամ նոր սահմանադրության ընդունումը, զուգահեռաբար ինչո՞ւ է կոշտ ուղեգծի քաղաքական անոնս անում: Ի մասնավորի, ինչո՞ւ է տեղեկատվա-քարոզչական տիրույթ բերվել հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության թեման: Ի՞նչ կարիք կա հայտարարելու, որ Ֆրանսիան եւ Հայաստանը «համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկություն են հիմնադրում»: Կհիմնադրեն, կաշխատեն, արդյունք կլինի՝ աշխարհն առանց մեր հայտարարությունների կիմանա:
Հայաստանն իրավասու է անվտանգային միջավայրի եւ գործիքակազմի ընտրություն կատարել: Բայց եթե դա մթնոլորտ է լարում, ապա որոշում կայացնելուց առաջ պետք է հետեւանքների հավանականությունը դիտարկել:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։