Արդյո՞ք Թեհրանը նոր առաջարկ է բերելու Հարավային Կովկաս
Սյունիքում, Գեղարքունիքում տեղի ունեցողը, անշուշտ, ցույց տվեց, որ պատերազմից կես տարի անց էլ Հայաստանի անվտանգության համակարգը շարունակում է անպատասխանատու կերպով խարխլված մնալ, թեեւ Ադրբեջանի այս գործողությունների պատճառը բացառապես հայկական զինված ուժերի ու դիվանագիտության թուլությունը չէ։
Սեւ լճի խորհուրդը
Արդյո՞ք նպատակը «Զանգեզուրի միջանցքի» հարցում ճնշում գործադրելն է կամ Հայաստան-Ադրբեջան սահմանի այլեւս իրավական ամրագրմանը հասնելն է կամ ստիպելն է Երեւանին Արցախի փոխարեն նոր մարտահրավերով զբաղվել, ցույց կտա հայ-ադրբեջանական հերթական ճգնաժամի շարունակությունը, սակայն կիզակետում Սյունիքն է հայտնվել, հետեւաբար երկրամասում վերահսկողություն հաստատելը գլխավոր նպատակն է։
Այն, որ Սյունիքի ուղղությամբ արտաքին այս ճնշմանը նախորդել էին ներքին տարօրինակ զարգացումներ, եւ այս ամենը՝ անկախ Սեւ լճի շուրջ ճգնաժամի ելքից, ինքնըստինքյան նպաստելու է երկրամասում Հայաստանի կենտրոնական իշխանության թուլացմանը, անդրադարձել ենք։
Բայց Սյունիքը չի կապում միայն Թուրքիան ու Ադրբեջանը, որի ուղղությամբ զարգացումներին (հավանաբար, դարձյալ ճգնաժամի տեսքով) պետք է որ ականտես լինենք հայաստանյան ընտրություններից հետո։ Սյունիքը ցամաքային կապ է Իրանի հետ՝ տարածաշրջանային տերության, որը դուրս մնաց այդ թվում Հարավային Կովկասը «փակելուն» միտված ռուս-թուրքական տարածաշրջանային մեծ պայմանավորվածությունից։
Ահա այստեղ է, որ Սյունիքը անփոխարինելի է, իսկ Թեհրանի համար միակ դարպասը՝ ձեւավորվող իրավիճակում Հարավային Կովկաս մուտք գործելու համար։ Փակում ես այդ դարպասը, եւ Հայաստանի ու Ադրբեջանի մասով Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը դառնում է գրեթե երաշխավորված։
Արդյո՞ք պետք է նման դարպասի բանալիները թողնել Հայաստանի ձեռքում…
Ի՞նչ է ասում Զարիֆը
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի արտահոսքի հասցեատերը իրանական հանրությունն է։ Պարզվեց, նահատակ հռչակված Քասեմ Սոլեյմանին, ով 22 տարի ղեկավարում էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության՝ «Քուդս» ուժերը եւ սպանվեց անցած տարվա հունվարին ամերիկյան անօդաչուի հարվածից, իրականում գործում էր Իրանի ազգային շահերի դեմ։ Իրանի համար գլխավորը Արեւմուտքի հետ պայմանավորվելն է, այնինչ Սոլեյմանին գաղտնի համագործակցություն էր հաստատել Մոսկվայի հետ՝ տապալելու դեռ 2015-ին ձեռք բերված հայտնի համաձայնությունը իրանական միջուկային ծրագրի շուրջ, որն էլ հենց Թեհրանի հնարավորությունն էր դուրս գալ արեւմտյան պատժամիջոցներից ու մեկուսացումից։
Իրանի իշխանությունները գիտեին սրա մասին, բայց նորությունն այն է, որ որոշել են այս ամենը պատմել իրանական հանրությանը։ Ինչո՞ւ… արդյո՞ք այն պատճառով, որ հասկանալի լինի արեւմտյան տերությունների եւ առաջին հերթին Միացյալ Նահանգների հետ սպասվող ձեռքսեղմումը։
Բայց Սոլեյմանին չէ հիմնականը. Զարիֆը տալիս է Մոսկվայի անունը՝ որպես գլխավոր խառնակչի, ուր հրավիրել էին Սոլեյմանիին՝ ամերիկա-իրանական պայմանավորվածությունը սաբոտաժի ենթարկելու։ Հաջորդ հարցն է՝ ի՞նչ է փոխվել, որ Իրանում որոշեցին հրապարակավ դժգոհել Ռուսաստանից։ Միակ լուրջ տարածաշրջանային փոփոխությունը պայմանավորվածությունն է Պուտինի ու Էրդողանի միջեւ, որի հիման վրա կողմերն արդեն իսկ իրավիճակ են փոխել Սիրիայում ու Լեռնային Ղարաբաղում եւ, դատելով Էրդողանի ինքնավստահությունից, թերեւս, նպատակ ունեն նույնը անելու Պաղեստինում։ Սրանք ճի՛շտ այն տարածաշրջաններն են, որտեղ շահեր ունի նաեւ Իրանը։
Փաստն այն է, որ Զարիֆի արտահոսքից անցել է գրեթե մեկ ամիս, բայց նա շարունակում է զբաղեցնել արտգործնախարարի աթոռը: Էլ ի՞նչ է հարկավոր համոզվելու, որ նման մասշտաբի արտահոսքը վեր է ներիրանական գործերից։
Վաղեմի ծանոթները
Պատճառն, իհարկե, այն չէ, որ ԱՄՆ-ում կրթություն ստացած Զարիֆն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գրեթե քսան տարվա ծանոթներ են։ 2003-ից վեր, երբ ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հյուրընկալեց Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարին, տեւական ժամանակ Բայդենի անվան կողքին գրում էին՝ «Թեհրանի սիրելի սենատոր»։ Պատճառը միայն այն չէ, որ Թրամփից հետո ամերիկյան նոր վարչակազմը, հայտարարելով արտաքին քաղաքականությունում փոփոխությունների մասին, բնականաբար չէր կարող աչքաթող անել կարեւորագույն տարածաշրջաններից մեկը՝ Մերձավոր Արեւելքը։ Պատճառը հատկապես այն է, որ Թրամփի օրոք Մերձավոր Արեւելքում նվազագույնի հասցված ամերիկյան ներգրավվածությունը հանգեցրեց մեծ տարածաշրջանում հարցեր լուծող ռուս-թուրքական գործակցության։ Իրապես, չկա այլ պատճառ, որը կդրդեր Վաշինգտոնին վերադառնալու Իրանի հետ պայմանավորվածությանը։
Ուշադրություն դարձրեք՝ Իրանի հետ հարաբերությունների վերանայումը Բայդենի վարչակազմի նախաձեռնած առաջին «ճեղքումն» է։ Միգուցե դեր ունի, որ ամերիկյան առաջարկները սպասված են Թեհրանում, սակայն իրադրության փոփոխությունը էներգակիրներով հարուստ Մերձավոր Արեւելքում, անկասկած, ազդեցություն կունենա ԱՄՆ գլխավոր ախոյանների՝ Չինաստանի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Այն, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պատրաստվում են պայմանավորվածության, ես, օրինակ, կարեւոր ցուցիչ կհամարեի ոչ այնքան բանակցությունների վերսկսումը՝ վերականգնելու դեռ 2015-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնությունը, որից Թրամփը դուրս եկավ 2018-ին, կամ երկու կողմից հնչող հայտարարությունները՝ ձերբակալվածների փոխանակման, իրանական բազմամիլիարդանոց ակտիվների ապասառեցման մասին, որքան Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ նախորդ ամիս սկիզբ առած հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները։
Պատկերացնո՞ւմ եք՝ Եմենում ու Սիրիայում պատերազմող տարբեր ճամբարներին տարիներով սատարելուց, Պարսից ծոցում շարունակական լարվածությունից եւ 2016-ին դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո էներգակիրներով հարուստ երկու տերություն որոշեցին հաշտվել։
Սպասե՞լ ինչ-որ բան
Հայաստան-Ադրբեջան ընթացիկ ճգնաժամում աչք զարնեց արեւմտյան տերությունների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի տոնի փոփոխությունը։ Մակրոնը պահանջեց Հայաստանի տարածքից դուրս բերել ադրբեջանական զինուժը, անգամ, ըստ Փաշինյանի, խոստացավ ռազմական աջակցություն։ Ադրբեջանական զինուժի անհապաղ հետքաշում պահանջեց նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ընդ որում, Հայաստանի սահմանների հարցը մտավ ամերիկա-ռուսական մեծ օրակարգ՝ դառնալով բանակցությունների առարկա մայիսի 19-ին Ռեյկյավիկում կայացած Բլինքեն-Լավրով առաջին հանդիպմանը։
Հնարավոր է՝ սա քաղաքականության փոփոխություն է, բայց տեղում այն կարող է նշանակություն ունենալ, եթե իրականացնող լինի։
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, արձագանքելով Հայաստան-Ադրբեջան ներկայիս ճգնաժամին, օրերս հայտարարեց, թե հարավկովկասյան երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։ Արդյո՞ք ռուս-թուրքական պայմանավորվածության նկատմամբ Իրանի աճող դժգոհությունը եւ ԱՄՆ-ի հետ սպասվող պայմանավորվածությունը թույլ կտան Հարավային Կովկասում նոր առաջարկությամբ հանդես գալ։
Արտաշես Տեր-Հարությունյան