Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) նախագահի թեկնածու Բորիս Նադեժդինի նախորդ շաբաթ ներկայացրած 105 հազար ստորագրությունների շուրջ 15%-ի մեջ թերություններ է հայտնաբերել։
Ստուգումների եռօրյա ընթացակարգից հետո թեկնածության գրանցման համար թույլատրելի է, որ թերի ստորագրությունների թիվը հասնի մինչեւ 5%-ի։ Հակառակ դեպքում ԿԸՀ-ն թեկնածուին չի գրանցում, եւ նա դուրս է մնում նախագահական ընտրապայքարից։
«Հանձնաժողովի նիստն ավարտվել է, փաստաթղթերը հանվել են: Շուրջ 15,348 ստորագրության դեպքում թերացումներ կան, սպասվում է 2 անքուն գիշեր»,- տելեգրամի իր էջում գրել է Նադեժդինի շտաբի ներկայացուցիչ Իգոր Արտեմեւը եւ ավելացրել, որ շտաբը արդեն այս հարցով դիմել է դատարան։
Նադեժդինի շտաբի մամուլի քարտուղար Պավել Բուրլակովն էլ հայտարարել է, որ իրենք համաձայն չեն ԿԸՀ աշխատանքային խմբի որոշումների հետ եւ պատրաստվում են դրանք վիճարկել։
«Ամբողջ աշխարհն է տեսել, որ մենք ազնվորեն ենք հավաքել ստորագրությունները, շտաբը պատրաստ է ապացուցել աշխատանքային խմբի որոշման անհիմն լինելը»,-գրել է Բուրլակովը։
Ավելի ուշ տելեգրամյան իր էջում հետագա անելիքների եւ դատարան դիմելու շուրջ պարզաբանումներ էր տվել նաեւ անձամբ Նադեժդինը։
«ԿԸՀ աշխատանքային խումբը հայտնել է հունվարի 31-ին իմ ներկայացրած ստորագրությունների 15 %-ի մեջ թերություններ հայտնաբերելու մասին։ Նախատեսում ենք ստորագրահավաք կազմակերպել։ Անվավեր ճանաչված 9209 ստորագրության փոխարեն, մեզ համար բավարար կլինի հավաքել 4500-ը։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվի ինձ գրանցելուց, ես որոշումը կբողոքարկեմ Գերագույն դատարանում»,-գրել է ՌԴ նախագահի թեկնածուն։
ԿԸՀ-ն հայտնել է, որ հանձնաժողովը Նադեժդինի թեկնածության գրանցման հարցը կդիիտարկի փետրվարի 7-ին։