ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ «ամբողջ բիզնես, այդ թվում նաեւ ՏՏ ոլորտը» ցնցված է Սիներջի ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի, ընկերության աշխատակցուհի Լիլի Մկրյանի եւ նախկին աշխատակցուհի Անի Գեւորգյանի խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու փաստից:
Ըստ հայտարարության, նրանք մեղադրվում են տեղի չունեցած, չշահած եւ իրավական ուժ չստացած մրցույթի շրջանակում խախտումներ կատարելու մեջ։
Հարկ է նշել, որ չկնքված պայմանագրով որեւէ ֆինանսավորում կամ առավել եւս վճարում չի կատարվել, հետեւաբար պետությանը չէր էլ կարող որեւէ վնաս հասցվել։
Ավելին՝ հասկանալի չէ, թե որքանով է չափելի կամ ինչ սկզբունքով է հաշվարկվել պետությանը «հասցված» վնասի չափը։
«Արդյո՞ք այդքան լուրջ վտանգ էին ներկայացնում հասարակության կամ գործի քննության համար այդ բարեխիղճ ու արդարամիտ մարդիկ, որ ավելի մեղմ խափանման միջոց չի կիրառվել»,-հարցնում են հայտարարության հեղինակները:
Հայտարարության վերջում նրանք նախաքննական մարմնից խնդրում եւ պահանջում են փոխել ընտրված խափանման միջոցը՝ կիրառելով օրենքով սահմանված ավելի մեղմ տեսակ: «Մենք լիովին կողմնակից ենք արդարադատության կայացմանը եւ մեր պատրաստակամությունն ենք հայտնում աջակցելու իրականացվող քննությանը բոլոր փուլերում»,-խնդրելուց եւ պահանջելուց առաջ նշում է ՀՀ «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ԲԸ մասնաճյուղը: