Թուրքիան եւ Եգիպտոսը թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր մատակարարելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ A-Haber հեռուստալիքին տված հարցազրույցի ընթացքում։
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է Եգիպտոսի համար որպեսզի վերջինս կարողանա որոշակի աջակցություն եւ տեխոնոլոգիաներ ստանա։ Մենք համաձայնություն ունենք թուրքական ԱԹՍ-ներ եւ այլ տեխնոլոգիաներ մատակարարելու շուրջ»,-ասել է Ֆիդանը։
Ընդգծենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը նախորդում է փետրվարի 14-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Կահիրե սպասվող ուղեւորությանը։
Հիշեցնենք, որ Անկարայի եւ Կահիրեի միջեւ հարաբերությունները լարվել էին 2013 թվականն ներկայիս նախագահ, գեներալ Աբդ ալ-Ֆաթահ ալ-Սիսիի կողմից իրականացրած ռազմական հեղաշրջումից հետո։ Այդ ժամանակ տապալվել էր 2011 թվականի հեղափոխության արդյուքնում իշխանության եկած «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամմադ Մուրսիի կառավարությունը, որը լայն աջակցություն էր ստանում Թուրքիայի կողմից։
2019 թվականին Լիբիայում վերսկսված քաղաքացիական պատերազմը Եգիպտոսի եւ Թուրքիայի հարաբերություններում եղած անջրպետը էլ ավելի էր խորացրել։ Անկարան ռազմական տեխնիկայով եւ Սիրիայից տեղափոխված վարձկաններով աջակցում էր Տրիպոլիում գործող «Ազգային համաձայնության կառավարությանը» (ճանաչված ՄԱԿ կողմից), իսկ Կահիրեն՝ Բենգազիում գործող «Ներկայացուցիչների պալատի» կառավարությանը, որը փաստացի գլխավորում էր գեներալ Հալիֆա Հաֆթարը։
Նույն տարում միջպետական հակասությունների աճի ֆոնին Էրդողանը անգամ հրաժարվել էր Ալ-Սիսիի հետ հետագա հանդիպումներից։
«Սիսին, բռնապետ եւ ուզուրպատոր է՝ օրինական ընտրված նախագահ Մուհամմադ Մուրսիի դեմ ռազմական հեղաշրջման ղեկավարը։ Ես Ալ-Սիսիի հետ երբեք չեմ հանդիպի»,-հայտարարել էր այդ ժամանակ Էրդողանը։