Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուղղված դիմումով ըստ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 12-րդ հոդվածներով սահմանված կարգով եւ ժամկետներում՝ խնդրում է տրամադրել տեղեկություններ Երևանի 2023 թ․ սեպտեմբերի 17-ի ընտրություններով ձևավորված ավագանու անդամների մինչև օրս տեղի ունեցած նիստերին հաճախելիության պատկերը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը նշել է նաև, որ տրամադրման ենթակա են ավագանու նիստերին ավագանու անդամների բացակայությունները հարգելի կամ անհարգելի գնահատելու չափանիշները, դրանց համապատասխանության գնահատման մեթոդը, անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերի ցանկը:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցություն հայտարարություն էր տարածել, ըստ որի ավագանու ՔՊ խմբակցությունը որոշել է Երեւանի ավագանուց հեռացնել ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ազգային առաջընթաց»-ի լիդեր Հայկ Մարությանին եւ ավագանու ընդդիմադիր մի շարք այլ անդամների: Հիմնավորումն այն է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերից: