Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ առգրավել է մի քանի պայթուցիկ սարքեր եւ մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, որոնք նախատեսվում էր ներմուծել Ռուսաստանի տարածք։ Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ էլեկտրական մեքենայի երկու մարտկոց օգտագործվել է որպես պայթուցիկ նյութեր եւ սարքեր տեղափոխելու համար նախատեսված կոնտեյներ։ Դրանցում ընդհանուր առմամբ եղել է վեց պայթուցիկ սարք։
«Պարզվել է, որ պայթուցիկ սարքերը պարունակում են ռազմական նշանակության պլաստիկ C-4 պայթուցիկ, որը հնարավոր է ակտիվացնել էլեկտրական դետոնատորի եւ հատուկ ժամանակաչափի միջոցով։ Պայթուցիկի ընդհանուր քաշը 14 կիլոգրամ է։ Կոնտեյներներում տեղադրվել են նաեւ վեց միավոր պայթուցիչներ եւ վեց միավոր հատուկ բանալիներ։ Նույն թվով էլեկտրոնային ակտիվացման ժամանակաչափեր են տեղադրվել բոլոր վեց առանձին պայթուցիկ սարքերի տուփերում, որոնցում ակտիվացման ժամանակն արդեն սահմանված էր»,-ասվում է Վրաստանի անվտանգության ծառայության հայտարարության մեջ։
Կառույցի տվյալներով՝ պայթուցիկները Վրաստան են տեղափոխվել հունվարի 19-ին Օդեսայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Թուրքիայի տարածքով Ուկրաինայի քաղաքացուն պատկանող մինիվենով։
Հայտարարության մեջ նշվում է, որ մեքենան Վրաստանի տարածք է մտել Թուրքիայի հետ սահամանային Սարփի անցակետով։ Հետախուզական ծառայությունը պնդում է, որ պայթուցիկները նախատեսվում էր տեղափոխել Վորոնեժ։ Նշվում է, որ պատվիրատուի խնդրանքով «գործընթացին ներգրավված անձինք» փորձել էին երկրից դուրս հանել երեք պայթուցիկ սարքերով բեռնված կոնտեյներներից մեկը, իսկ երկրորդ բեռնարկղը պահել «Թբիլիսիի հստակ հասցեներից» մեկում։
Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ պայթուցիկների տեղափոխումը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, ով 2020 թվականին առաջադրվել է Օդեսայի քաղաքային խորհրդի պատգամավորի թեկնածու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից։
Կառույցի տվյալներով՝ պայթուցիկների տեղափոխմանը մասնակցել է յոթ մարդ Վրաստանից, երեքը՝ Ուկրաինայից եւ եւս երկուսը Հայաստանից։
Օդեսայի մարզում Ուկրաինայի անվտանգության ծառայության գրասենյակը հայտարարել է, որ միջադեպի մասին տեղեկություն չունեն եւ այդ մասին գիտեն միայն լրատվամիջոցների հաղորդագրություններից։