Մի խումբ հասարակական կազմակերպություններ հայտարարություն են ընդունել, որով Երեւանի քաղաքապետարանին մեղադրում են երիտասարդության ոլորտում միտումնավոր անգործության մեջ։
Ըստ նրանց, 2022 թվականից ի վեր Երեւանի քաղաքային իշխանությունները որդեգրել են ոլորտի համար վնասաբեր քաղաքականություն եւ իրենց ապակառուցողական եւ անպատասխանատու մոտեցումներով վիժեցնում են մայրաքաղաքում երիտասարդության ոլորտի իրական բարեփոխման որեւէ փորձ եւ հնարավորություն։
Հասարակական հիշյալ կազմակերպությունները առանձնացնում են քաղաքապետարանի անգործության ուղիղ 10 կետ․
- 2022-2023թթ. Երեւանի զարգացման ծրագրով նախատեսված երիտասարդության ոլորտին առնչվող որեւէ միջոցառում չի իրականացվել, իսկ երիտասարդական ծրագրերի համար նախատեսված բյուջեն չի օգտագործվել առանց որեւէ հիմնավորման,
- 2024 թվականի Երեւանի բյուջեով երիտասարդական ծրագրերի եւ միջոցառումների իրականացման համար նախատեսվել է 0 դրամ,
- Չնայած Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմում երիտասարդության հարցերով զբաղվող առանձին ստորաբաժանում ստեղծելու ՀԿ-ների հորդորին՝ 2022թ.-ից Երեւանի քաղաքապետարանի կառուցվածքում արհեստականորեն ձեւավորվել է սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունը։ Այն, դժբախտաբար, որեւէ կերպ չի զբաղվում երիտասարդների հարցերով եւ չունի համապատասխան որակավորում ունեցող մասնագետներ,
- 2022 թվականից քաղաքային իշխանությունների որոշմամբ դադարեցվել է Երեւանի քաղաքապետի N1651-Ն որոշման համաձայն ձեւավորված Երեւանի քաղաքապետին կից Երիտասարդության հարցերի խորհրդի գործունեությունը, որի աշխատանքի արդյունքում Երեւան համայնքն իր պատմության մեջ առաջին անգամ համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացրեց երիտասարդական ծրագրերի իրականացմանը։ Խորհուրդը երբեւէ չի ներգրավվել որեւէ քաղաքական գործընթացում, բայց խորհրդի գործունեությունը դադարեցվել է հենց քաղաքական նկատառումներից ելնելով,
- 2022 թվականից դադարեցվել է Երեւան համայնքի լավագույն կամավորների պարգեւատրման ամենամյա միջոցառման իրականացումը,
- 2022 թվականից դադարեցվել է Երեւանի երիտասարդների նորարարական գաղափարների ֆինանսավորման մրցույթը,
- Երեւանի քաղաքապետարանը երիտասարդության զբաղվածության եւ սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծմանը կամ երիտասարդների հասարակական եւ քաղաքացիական մասնակցության խրախուսմանն ուղղված որեւէ ծրագիր չի իրականացրել։ Երեւան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրով նախատեսվել է իրականացնել 3 միջոցառում, սակայն Երեւան քաղաքի 2024 թվականի բյուջեով դրանց իրականացման համար նախատեսված է 0 դրամ,
- Կասեցվել է 2020 թվականին ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացված հետազոտության արդյունքում Երեւանում գործող արտադպրոցական կրթօջախների գործունեության բարեփոխման գործընթացը, որով նախատեսվում էր կարգավորել Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններ հանդիսացող մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնների եւ մշակույթի տների գործունեությունը եւ դրանց բազայի վրա հիմնել երիտասարդական կենտրոններ,
- Երեւանում չի գործում Երեւանի քաղաքապետարանի կողմից ֆինանսավորվող որեւէ անվճար երիտասարդական կենտրոն, որը ծառայություն կմատուցի 15-ից 25 տարեկան երիտասարդներին։ Երեւանում գործող մասնավոր երիտասարդական կենտրոնները չեն համագործակցում Երեւանի քաղաքապետարանի հետ եւ չեն ստանում որեւէ աջակցություն,
- Երեւանի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչությունը խտրական վերաբերմունք է ցուցաբերում Երեւանում գործող այն երիտասարդական կազմակերպությունների նկատմամբ, որոնք հրապարակայնորեն քննադատում են Երեւանի քաղաքային իշխանության գործողությունները։ Քաղաքական անհասկանալի դրդապատճառներից ելնելով՝ վարչությունը բացառում է մեր գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ-ի մասնակցությունը երիտասարդության հարցերով քննարկումներին
Հասարակական կազմակերպությունները խոստանում են գործադրել ամեն ջանք նպաստելու, որպեսզի քաղաքային իշխանությունները վերադառնան կառուցողական դաշտ եւ իրականացնեն երիտասարդության ոլորտում օրենքով վերապահված իրենց գործառույթները։