Նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) առաջին անգամ հատուկ խնդրանքով դիմել է միջազգային դիտորդներին, մասնավորապես ԵԱՀԿ-ին, դիտարկել նաեւ Բաքվի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքներում սպասվող ընտրական գործընթացը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը։
Նրա խոսքերով ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ներկայացուցիչներն արդեն այցելել են Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների հետ։
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Արցախի տարածքում 26 ընտրատեղամաս կա՝ ավելացնելով, որ շատ է նաեւ քվեարկելու իրավունք ստանալ ցանկացող անձանց թիվը։
«Ցավոք, այդ տարածքները 30 տարի է ականապատված են։ Բայց Ադրբեջանը վերականգնում է այդ տարածքները եւ մաքրում դրանք ականներից։ Լաչինում, Զանգելանում եւ Ֆուզուլում արդեն սկսվել է վերաբնակեցումը: Այս տարածքների դիտորդները նույնպես կհաստատեն, որ մեր ընտրատեղամասերն այնտեղ ավելի լավն են, քան մյուս շրջաններում»,-ասել է Ադրբեջանի ԿԸՀ նախագահը։