Ռուսական բանակի վերահսկողության տակ գտնվող Զապորոժիեի ատոմակայանի անվտանգության հետ կապված իրադրությունը շարունակում է փխրուն մնալ՝ վերջին շրջանում անձնակազմի թվաքանակի կրճատումների ֆոնին։ Այս մասին Associated Press-ին հայտնել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին, ով փետրվարի 6-ին ժամանել է Կիեւ։
ԱԷՄԳ տնօրենի խոսքերով իր առաջիկա այցը ատոմակայան անհրաժեշտ է, որպեսզի հստակ գնահատական տրվի անձնակազմի վերջին կրճատումների հետեւանքով ստեղծված դրությանը։
«Նախկինում այս հսկայական օբյեկտում աշխատել է մոտ 12 հազար, Այժմ այս թիվը նվազել է մինչեւ 2-3 հազար, ինչը աշխատողների թվի բավականին կտրուկ կրճատում է։ Այս շատ բարդ ու խոշոր կայանքները կառավարելու համար անհրաժեշտ են որոշակի թվով մարդիկ, ովքեր կիրականցնեն հատուկ գործառույթներ»,-ասել Գրոսսին։
Նա ընդգծել է, որ իրադրությունը չնայած դեռ շարունակում է կայուն մնալ, այնուամենայնիվ դա համարվում է «փխրուն հավասարակշռություն»։
«Այս պատճառով ես ինքս պետք է տեսնեմ, թե ինչ իրավիճակ է, ինչ հեռանկարներ կան կադրային առումով՝ թե՛ միջնաժամկետ, թե՛ երկարաժամկետ»,-ասել է ԱԷՄԳ տնօրենը։
Գրոսսիի այցը համընկել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելի Կիեւ ժամանելու հետ, ով իր X-ի էջում տեղեկացրել էր, որ մտադիր է քննարկել Ուկրաինային ռազմական օգնության ու ֆինանսական աջակցության, ինչպես նաեւ ԵՄ-ին միանալու համար անհրաժեշտ բարեփոխումների հետ կապված հարցերը:
Նախորդ շաբաթ ԵՄ 27 երկրներ համաձայնության էին եկել Ուկրաինային 50 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ։