Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարություն է տարածել փետրվարի 5-ին Հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածի վերաբերյալ, որտեղ վերջինս քննադատության էր ենթարկել հունվարի 30-ին «Անվտանգային միջավայր» հաղորդման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետները։
«Փաստը, որ Հանրային ռադիոյի տնօրենը քննադատում է վարչապետին, արտառոց ոչինչ չի պարունակում, նույնիսկ առաջին դեպքը չէ եւ որեւէ սկզբունքային առարկություն չի կարող ունենալ ժողովրդավարական երկրում»,-ասվում է հայտարարության տեքստում եւ ավելացվում, որ «հանրային լրատվամիջոցի այսպիսի կամայական օգտագործումն առաջացնում է Հանրային հեռարձակողի խորհրդի տարակուսանքը»։
Խորհրդի հայտարարության տեքստում նշվում է նաեւ, որ իրենց կարծիքով «ռադիոընկերության տնօրենը առերեւույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը եւ պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու եւ առավելագույն արձագանք ապահովելու համար»։
«Բացի այդ, ամբողջ աշխարհում պետության առաջին դեմքերի հետ հարցազրույցները չեն ենթադրում բանավեճ, ինչը Գարեգին Խումարյանը որպես առիթ էր օգտագործել հարցազրուցավար Բարեղամ Ղուկասյանի աշխատանքը «վատ ժուռնալիստիկա» որակելու եւ ունկնդիրների «սպասելիքները չարդարացնելու» համար, որը նույնպես մտահոգիչ է»,- ասված է հայտարարության տեքստում։
Եզրափակիչ հատվածում, նշվում է, որ Խորհուրդը առաջիկայում քննության կդնի «Գարեգին Խումարյանի գործողությունների համապատասխանելիությունը էթիկական եւ իրավական նորմերին»։