«Թուրքիան չի պատրաստվում փչացնել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները ամերիկյան F-35 կործանիչների պատճառով»,-ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդին, ըստ Haqqin.az-ի, հասկացրել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Նուլանդը, ըստ ադրբեջանական կայքի, Թուրքիային առաջարկել է վերականգնել F-35 կործանիչների մատակարարումը պայմանով, որ Թուրքիան կհրաժարվի ռուսական ЗРК С-400 հրթիռային կայանների ձեռքբերումից։ Մինչդեռ Թուրքիան պատրաստ է բավարարվել մի քանի տասնյակ մոդեռնիզացված F-16 կործանիչներ ձեռքբերելով, բայց ոչ մի գնով չհրաժարվել ЗРК С-400-երից։
Ավելի վաղ Անկարան փորձել էր F-35 կործանիչներ ստանալու համար արգելափակել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Սակայն երբ Թուրքիայի խորհրդարանն ի վերջո հանեց այդ արգելքը ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին ներկայացրեց Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու գործարքը, որն արժե 22 միլիարդ դոլար։
Նույն օրը սակայն ԱՄՆ պետքարտուղարությունը Կոնգրեսին է ներկայացնում Հունաստանին F-35 ինքնաթիռներ վաճառելու գործարքը։ Թուրքիան այս գործարքից դուրս էր մնացել 2019-20 թվականներին, երբ իրականացրեց ռուսական С-400 զենիթա-հրթիռային կայանների ձեռք բերելու գործարքը։