Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 և 10/1 շենքերը ցանկացած պահի կարող են փլուզվել։ Դրանք 4-րդ կարգի վթարային են։ Շքամուտքի դռների ու լուսամուտների փոխարեն մնացել են փեղկերը։ Տանիքը կաթում է, ամեն անկյունում աղբակույտեր են։
Սեդա Մելիքսեդովան 10 տարի ապրում է փլուզման վտանգի տակ։
Երեւանի քաղաքապետարանը պարտավորվել է վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններ տալ։ Մինչեւ 20 քմ-ի դիմաց 35 քմ, 20-30 քմ-ի դեպքում`45 քմ բնակարան։ Շենքերի 63 ընտանիքներից 30-ը հասցրել են օգտվել քաղաքապետարանի այդ ծրագրից։ Քաղաքապետարանից ասում են, որ իրենց հաշվեկշռում այլեւս չկան բնակարաններ, փոխարենը մինչեւ 20 քմ սեփականություն ունեցող բնակիչներին առաջարկում են 14 մլն դրամի բնակարանի գնման վկայական (ԲԳՎ)։ ԲԳՎ-ից հրաժարվում են Սեդան, հարեւանությամբ ապրող նրա որդին՝ Արտակ Մելիքսեթյանը, եւս չորս ընտանիքներ։
Սեդան համոզված է, որ քաղաքապետարանի տված 14 մլն դրամով Երեւան քաղաքում հնարավոր չէ բնակարան գնել։ Նա պատմում է,- «Բոլորին բնակարան տվեցին, հերթը հասավ մեզ, չորացա՞վ։ Թող տուն առնեն, տան սերտեֆիկատ մեզ պետք չի։ Կառուցապատողի հետ էլ ենք համաձայն, կսպասենք մինչեւ սարքեն, ստեղից դուրս գանք, գնանք ապրենք։ Բայց էնտեղ էլ (նկատի ունի կառուցապատողից նորակառույց շենքում բնակարան գնելը) 14 միլիոնը չի հերիքում, 2 մլն պակասում ա, ես թոշակառու կին, որտեղից երկու միլիոն ճարեմ»։
Ինչ են ասում քաղաքապետարանում
2024 թվականի հունվարի 29-ի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը ամբողջ մեղքը բարդեց բնակիչների վրա։ Նա հանձնարարեց շրջանառել գերակա շահ ճանաչելու մասին որոշումը. «․․․ ակնհայտ ա, որ եթե 57 ընտանիքի հետ կարողացել են հարցը լուծել, վստահաբար պահանջները մի փոքր գերագնահատված են մյուսների կողմից»։
Ինչպես գնել բնակարան 14 միլիոն դրամով
Մենք ուսումնասիրեցինք անշարժ գույքի շուկան, զանգահարեցինք 30-ից ավել կառուցապատող ընկերությունների, սակայն նրանցից ոչ մեկը 35 քմ բնակարան չեն վաճառում։ Բնակարանները սկսվում են 51 քմ-ից, 1 քմ-ի շուկայական միջին արժեքը 550․000 դրամ է։ Կառուցապատող ընկերություններից մի քանիսը նշեցին, որ նախկինում ունեցել են 30-40 քմ բնակարաններ, դրանք վաղուց վաճառվել են, իսկ նորերը սովորաբար 50 քմ-ից պակաս չեն լինում։ Առաջնային շուկայում երկար փնտրտուքից հետո այդպես էլ չկարողացանք գտնել քաղաքապատերանի առաջարկած գնով բնակարաններ։
4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին մնում է ընտրություն կատարել երկրորդական շուկայում։ Երեւանի տարբեր հատվածներում կան նախկին հանրակացարանների շենքեր, որտեղ 14 մլն դրամով հնարավոր է գնել 16-28 քմ բնակարան, սակայն այս շենքերը նույնպես վատ վիճակում են։
«Հա, ասենք, գնանք քաղաքապետարանի տված էդ սերտեֆիկատով նորից հանրակացարանում ապրենք, մի հատ էլ նորից էնտեղ սպասենք, որ տուն տան, հեն ա, ապրում ենք էլի, ինչ տարբերություն»,- ասում է Սեդան։
Ինչպե՞ս 27 ընտանիքները համաձայնեցին վերցնել բնակարանի գնման վկայականները
Այս շենքերում ապրում էր 63 բնակիչ, որոնցից 30-ին հատկացվել է բնակարան, 27-ը համաձայնել են վերցնել ԲԳՎ-ներ, 6-ը դեռ հրաժարվում են։
Արմինե Գյուրջյանը շենքի բնակիչներից է։ Պատմում է, որ բնակարանի գնման վկայականը, ստիպված, վախենալով է վերցրել, որ շենքի գերակա շահ ճանաչվելուց հետո գոնե դրսում չհայտնվի։ Արմինեն 14 մլն դրամով չի կարողացել բնակարան գտնել, հավանական միակ բնակարանը քաղաքապետարանի տված գումարից 560․000 դրամով ավել էր։ 36 քմ բնակարանը Արմինեն ԲԳՎ-ով գնել է կառուցապատողից, խոստանալով պակասող գումարը տալ շինարարության ավարտից հետո։
«Չգիտեմ որտեղից եմ տալու 560,000 դրամը, բայց դե, հո դրսում չէի մնալու»,-պատմում է Արմինեն, որն ապրում է մենակ։
Նրա նման մի քանի ընտանիքներ եւս ստիպված վերցրել են ԲԳՎ-ն եւ էլի 500․000 դրամից մինչեւ 2 մլն պակասորդով գնել են նորակառույց բնակարաններ՝ հույսով, որ շինարարության ավարտից հետո կկարողանան պակասող գումարը հայթայթել։
Շենքում դեռեւս ապրողները մեզ պատմեցին, որ բնակարանի գնման վկայական ստացած բնակիչներից շատերն էլ՝ չկարողանալով այդ գումարով բնակարան գնել, տեղափոխվել են Երեւանին հարակից մարզերի փոքր քաղաքներ ու գյուղեր՝ Խարբերդ, Աշտարակ եւ այլն, որտեղ թերեւս հնարավոր է եղել 14 միլիոնով բնակարան գնել։ Իսկ որոշ ընտանիքների հաջողվել է տրված գումարով բնակարան ձեռք բերել։
Մարինան ավելի քան 33 տարի ապրում է Արցախի փողոցի 4-րդ նրբանցք 10 հասցեում։ Նրա ամենամեծ հարստությունը՝ 1991 թվականին իրեն հանձնված սենյակի պայմանագիրն է։ Մարինան նույնպես հրաժարվել է Քաղաքապետարանի առաջարկած բնակարանից եւ ԲԳՎ-ից։
6 տարի դատարաններում՝ 14 քմ-ի համար
1991-ին իր աշխատավայրից՝ Անվադողերի գործարանից, Մարինան եւ հայրը ստացել էին շենքի 217 սենյակը, ըստ պայմանագրի՝ 28 քմ մակերեսով։ 217 սենյակը փաստացի 14 քմ է, 28 քմ-ի մեջ պայմանագրով մտնում է նաեւ 218 սենյակը:
1991 թվականից մինչեւ 2014 թվականը Մարինան այս բնակարանի փաստացի սեփականատերն էր: 2014-ին պարզվում է, որ բնակարանն ունի այլ սեփականատեր` Հայկ Ասատրյանը, որը նախկինում` 24 տարվա ընթացքում երբեք չի բնակվել այդտեղ: Նա հայտնվել այն բանից հետո, երբ տեղեկացել է, որ Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է բնակարաններ հատկացնել վթարային շենքի բնակիչներին: Հայկ Ասատրյանը 2014-15 թվականներին 218 բնակարանը վաճառում է Մուրադ Խլղաթյանին:
Մարինեն դատական հայց է ներկայացրել Հայկ Ասատրյանի եւ Մուրադ Խլղաթյանի դեմ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172, 187 հոդվածների պահանջներով եւ խնդրել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը 218 բնակարանի նկատմամբ եւ անվավեր համարել գնման արդյունքում Մուրադ Խլղաթյանին անցած բնակարանի սեփականության իրավունքը:
1990-ականների վերջին նա 217 սենյակից տեղափոխվում է մյուս` 218 սենյակ, բնակվելով այնտեղ մուծում է կոմունալ բոլոր վճարները, հոգում բնակարանի պահպանման հետ կապված այլ ծախսերը։ Այս եւ այլ փաստերի հիման վրա դատարանը որոշել է 218 բնակարանը սեփականության իրավունքով վերադարձնել Մարինային:
Մուրադ Խլղաթյանը բողոքարկել է դատարանի վճիռը: Մարինան պնդում է, որ նոր դատավարության մասին չեն ծանուցել, իր բացակայությամբ դատական նիստ են անցկացրել եւ իրեն զրկել բնակարանի սեփականության իրավունքից:
Մարինային այժմ մնացել է միայն 217 բնակարանը` 14քմ մակերեսով: Որպես փոխհատուցում նրան քաղաքապետարանից առաջարկել են Երեւանի հանրակացարաններից մեկում մեկ սենյականոց բնակարան:
«Ինձ տարան էնտեղ, խուլ տեղ էր, արդեն սկի չեմ հիշում որտեղ էր, պադյեզդը` մութ, խոնավ, սարսափելի վիճակ էր, մեր շենքի պադյեզդում գոնե լույս կա, էնտեղ ոչ զուգարան, ոչ բաղնիք, ոչ մի բան չկար»,- պատմում է Մարինան:
Քաղաքապետարանի առաջարկած ԲԳՎ-ից նա նույնպես հրաժարվել է։
«Ես արդեն վախեցած էի, ինձ արդեն մի անգամ խաբել, սենյակս ձեռքիցս վերցրել են, ես վախեցա ու հրաժարվեցի էդ սերտեֆիկատից»,- ասում է։
20 + 70 քառակուսի՝ 90-ի դիմաց
Հրանտը 22 տարի կնոջ՝ Աննայի հետ ապրում է այս շենքում։ Նրա բնակարանը թերեւս ամենամեծն է՝ 90 քմ։ Պնդում է, որ քաղաքապետարանից իրեն ոչ մի բան չեն առաջարկել՝ ո՛չ տուն, ո՛չ էլ բնակարանի գնման վկայական։ Ըստ նրա՝ միայն մեկ անգամ են քաղաքապետարանից եկել, տունը չափագրել ու գնացել են։
Հարցնում ենք․ «Չեք վախենում, որ շենքը կփլուզվի», ասում է,-«Թող փլուզվի, ես ուզում եմ, որ փլուզվի ինձ սպանի, մենակ կնիկս ա մեղք, իրան կուղարկեմ 4-րդ գյուղ»։
Հրանտ Բալաթյանը քաղաքապետարանից արդար փոխհատուցում է պահանջում։ Մեկ սենյակ 20 քմ չափով իրեն եւ ներկայիս կնոջը, 70 քմ էլ նախկին կնոջն ու զավակներին։ Բոլորը միասին 10 հոգի են եւ այս բնակարանի համասեփականատերեր են։
Բնակարանի մեծությունը Հրանտ Բալաթյանի համար առավելություն չէ, ավելին՝ ջեռուցելն է դժվար։ «Էստեղ կոտորվում ենք ցրտից։ 75 տարեկան եմ, կինս էլ՝ 70։ Շենքը վերեւից-ներքեւից աջից-ձախից, դուռ, լուսամուտ, ոչ մի բան չկա, մարդ չի ապրում, սառնամանիք ա»,- պատմում է Հրանտ Բալաթյանը։
Ինչու շենքը դարձավ վթարային
88 թվականից հանրակացարանային այս շենքերը հատկացվել են տարբեր մարդկանց՝ անվադողերի գործարանի աշխատակիցներին, Բաքվի փախստականներին, ազատամարտիկներին եւ այլն։
Մարդիկ պատմում են, որ շենքում ժամանակավոր բնակվողները գնալիս իրենց հետ տանում էին ինչ հնարավոր էր՝ իրենց բնակարանի լուսամուտները, դռները, շենքի միջանցքի հատակի տախտակները, աստիճանների բազրիքները։ Վերջին մեկ տարվա ընթացքում էլ, երբ 57 ընտանիք բնակարան կամ ԲԳՎ են ստացել, նրանց հեռանալուց հետո տարբեր մարդիկ են գալիս, դատարկ տներից, շենքի միջանցքներից ու շքամուտքից քանդում տանում են ամեն ինչ։ Մեր նկարահանման պահին էլ մի քանի մեքենայով եկել քանդում, բարձում էին մեքենաներն ու գնում։
Բնակիչները, որ հիմնականում միայնակ կանայք կամ տարեցներ են, չեն կարողանում զբաղվել շենքի հսկողությամբ կամ արգելել մաս-մաս քանդել-տանելը։
Ոստիկանություն չեն դիմում, շենքի լիազորն էլ վաղուց տուն ստացել, գնացել է։
Նկարագրում եմ այն՝ ինչ չեմ կարող փոխել։