Հայ ժողովրդի նորագույն պատմության ընթացքում ամենամեծ պարտությունը կրած քաղաքական մեծամասնությունը մեր պետության եւ ինքնության հիմքերի մեջ է տեսնում իր ձախողումների պատճառը:
Այսպես, արդեն տեւական ժամանակ հանրությանը նախապատրաստում են «ֆունդամենտալ փոփոխությունների», որոնք սկսել են գործող Սահմանադրության ու պետական սիմվոլների շուրջ քննարկումներից:
Հայտնի է, որ դրոշը, հիմնը, զինանշանը պետության առանցքային ատրիբուտներից են` ձեւի (форма) տեսանկյունից, որոնք ունեն ինչպես քո հանրույթի` ՀՀ քաղաքացիների ու հայաստանցիների, այնպես էլ արտաքին աշխարհի հետ հարաբերվելու իմաստներ: Վերջինի պարագայում հենց այս սիմվոլների միջոցով ես ներկայացնում ինքնատիպությունդ աշխարհի մյուս պետությունների շարքում, մինչդեռ ներքին հարաբերություններիդ առումով պետության շուրջ քաղաքացիներիդ հավաքական ինքնության պարամետրերն են ձեւակերպվում:
Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրությունը, որը, հիշեցնենք, դեռեւս 2018-ի հեղափոխության խոստում ու պահանջ էր, եւս քննարկման առարկա է դարձել: Այս գործընթացը, սակայն, երկրի կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտությամբ չի թելադրված. սուպերվարչապետի ինստիտուտը չի չեղարկելու:
Մինչ գործող սուպերվարչապետն է՛լ ավելի սուպեր է դառնում՝ օրենքներ փոխելով, հանրային տիրույթում անթաքույց կերպով ասվում է, թե. «Սահմանադրությունը փոխել է պետք, քանի որ ՀՀ անկախության հռչակագրից սկսած ամեն ինչ սխալ է արվել»:
Այսինքն, եթե Անկախության հռչակագիրը բնութագրենք որպես պետության ծննդյան վկայական, իսկ Սահմանադրությունը՝ անձնագիր, ապա փաստացի ոչնչացնում կամ չեղյալ ենք համարում ներկայիս պետությունը, քանի որ այն հնացած է կամ մահացու հիվանդ:
Փաշինյանի եւ իր քաղաքական մեծամասնության ախտորոշմամբ, ամեն ինչ այնքան վատ է, որ բժշկի միջամտությունն անիմաստ է, իսկ պետության վախճանը` անխուսափելի: Եւ ուրեմն, պետք է ենթադրել, որ մինչ նոր Սահմանադրության կամ գուցե անգամ Անկախության հռչակագրի ընդունումը, իրենք կազմակերպելու են այդ վախճանվող պետության թաղումը, հոգեհացը, գերեզման ու մահվան վկայական են տալու եւ էջը փակեն:
Հանրությանը պետության «անխուսափելի վախճանին» պատրաստող քաղաքական մեծամասնությունն ըստ ամենայնի առաջարկելու է նոր` Հայաստանի չորրորդ հանրապետություն: Այսպիսով փորձ է արվելու իբր շտկելու նախկինի բոլոր խնդիրներն ու արատները, նոր էջից սկսելու հայ ժողովրդի եւ հայոց պետականության, կամ Հայաստանի պատմության առավել «պայծառ ու երջանիկ» շրջափուլը:
Բանկային լեզվով ասած` սնանկ են ճանաչելու պետությունը, ապա ձեռնամուխ լինեն Հայաստանի ռեբրենդինգին:
Այս ամենում, սակայն, պարզ չէ` որտեղ եւ ինչ ժողովրդով է լինելու այդ պայծառ ու երջանիկ պետությունը: Հայաստանը եւ նրա հարեւանները հիմնի, զինանշանի ու դրոշի փոխելուց հետո ֆիզիկական չեն տեղափոխվելու Հյուսիսային Կովկաս, ամերիկյան Գլենդեյլ կամ ֆրանսիական Լիոն:
Անհեթեթ փաստարկներով այս աճպարարության արդյունքում լավագույն դեպքում կարող են տեքստեր, երաժշտություն ու գույներ փոխվել, սակայն դրանից ոչ ավելի ուրախ ենք դառնալու, ոչ էլ` առավել եւս, ավելի երջանիկ:
Ակնհայտ է, որ վերը նշված փոփոխությունների հանրային պահանջ Հայաստանում առկա չէ, ուստի պնդումներն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի կողմից այս գործընթացը հարուցելը պայմանավորված է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջով ու պարտադրանքով առավել քան իրական են դառնում: Ի վերջո, սրանք միակ պետություններն են, որոնք հարաբերությունները կարգավորելու համար նախապայման են դարձրել մեր ներքին օրենդրությունը փոխելը:
Այսպես, 2009-ի ֆուտբոլային դիվանագիտությունը փակուղի մտավ Հայաստանի Անկախության հռչակագրի 11-րդ կետը` Թուրքիայի կողմից որպես խոչընդոտ ձեւակերպվելուց հետո: Սակայն, եթե Անկարան իրապես ցանկություն ունենար դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ Հայաստանի սահմանը բացել, Անկախության հռչակագրի ձեւակերպումները քննարկման առարկա չէր դարձնի, այնպես, ինչպես չէր դարձրել ֆուտբոլային դիվանագիտության բանակցությունների սկզբնական փուլում:
Ի դեպ, այս հարցն առանցքային չէր նաեւ 2000-ականների սկզբներին` հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հանդիպումների ընթացքում:
Այժմ էլ Ադրբեջանն է պաշտոնապես հայտարարում, թե խաղաղության մասին խոսք լինել չի կարող, քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը` փաստացի փակուղի տանելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը:
Թվում էր, թե Արցախի ամբողջական հայաթափումից եւ Հայաստանից տարածքներ գրավելուց հետո Ադրբեջանին պետք է ձեռնտու լիներ խաղաղության պայմանգիր ստորագրելը, մինչդեռ տեղի է ունենում ճիշտ հակառակը: Իլհամ Ալիեւը ոչ միայն չի ընդունում ստեղծված նոր իրողություններն արձանագրելու գնով խաղաղության հաստատման Հայաստանի պատրաստակամությունը, այլեւ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում:
Հիմա որքան էլ Փաշինյանը փորձի պատճառաբանել, թե պարտությունների եւ ձախողումների պատճառը ոչ թե գործող քաղաքական մեծամասնության (այսինքն իրենց) ապաշնորհությունն է, այլ նախկինների դրած սխալ հիմքերը, ակհայտ է, որ նրա հույսն այն է, թե Սահմանադրություն փոխելով կանխելու է Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիան:
Վախից, անկարողությունից ու չդադարող ձախողումներից հետո ուշքի գալ չկարողանալով, իրենից զատ բոլորին մեղադրող Փաշինյանը, իր անձնական անցյալը ջնջելու եւ նոր կյանք սկսելու ցանկություն ունի, իսկ քանի որ գործի բերումով երկրի վարչապետ է, իր անցյալը մոռանալու ու նոր կյանքի հետ, ուզում է նաեւ չեղարկել պետության անցյալը, եւ իր ընկալմամբ արդիականացնել` upgrade անել նաեւ Հայաստանը:
Իրականության հետ աղերս չունեցող ջայլամային այս մտածողությունը վտանգավորի սահմանն անցել է, իսկ պոզերը սրած ցլերից պաշտպանվելու հարցում կարմիր հագուստից հրաժարվելու պարզունակ խորհուրդներն անգամ ծիծաղելի չեն:
Անսխալական մարդիկ, իսկ առավել եւս ղեկավարներ չեն լինում, սակայն սխալներից դասեր չքաղելով շարունակել որոշումներ կայացնելն աղետ է, մեր` քաղաքացիներիս համար, ընտրությունը թողնելով «չվերջացող աղետի եւ աղետալի վերջաբանի» միջեւ:
Հույսը, թե մեր երկրի ծննդյան վկայականի մեջ խզբզելով, կամ Արարատ լեռն Արագածով փոխարինելու միջոցով հասնելու ենք Ալիեւի եւ Էրդողանի բարի կամքին` պարզ մոլորություն է: Եթե անգամ Փաշինյանին հաջողվի հանրաքվեի միջոցով Սահմանադրություն ու Հռչակագիր փոխել, ինչը խիստ կասկածելի է, հաջորդիվ լսելու ենք Հայոցից Հայաստանի դարձող պատմության դասագրքերից հերոսների անունները ջնջելու եւ Էրիվան դարձած Երեւանի փողոցներն անվանափոխելու` Բաքվի եւ Անկարայի պահանջները:
Նշվածը չգիտակցելու եւ այս կործանարար ընթացքից չհրաժարվելու դեպքում, Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը հանրաքվեի միջոցով խեղելու փորձն աղետալի վերջաբանով վստահության հանրաքվե է դառնալու Նիկոլ Փաշինյանի եւ իր ղեկավարած քաղաքական մեծամասնության, սակայն ոչ երբեք Հայաստանի ու հայ ժողովրդի համար:
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։